Լիբանանում սպանվել է «Հըզբոլլահ»–ի առաջնորդի քարտուղարը

Բաժանորդագրվել

Երեկվանից Իսրայելի բանակը հզոր հարվածներ է հասցնում Լիբանանին, որի հետևանքով 254 մարդ է զոհվել, վիրավորվել՝ 1165-ը։ Երկրում ազգային սուգ է հայտարարվել։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. «Հըզբոլլահ»–ի առաջնորդ Նաիմ Քասեմի անձնական քարտուղարը՝ նրա զարմիկ Ալի Յուսուֆ Հարշին, սպանվել է ապրիլի 8-ին Բեյրութին հասցված ավիահարվածից, հայտարարել է Իսրայելի բանակը։

Իսրայելական բանակը թիրախավորել էր «Հըզբոլլահ»–ի գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմին, սակայն, առկա տեղեկությունների համաձայն, հարձակման ժամանակ նա տեղում չի եղել։

Նախօրեին հաղորդվել էր, որ Ազ-Զահրա համալիրի վրա Իսրայելի ավիահարվածի ժամանակ սպանվել է շեյխ Սադիկ Նաբլոսին, որը եղել է «Հըզբոլլահ»–ի ներկայացուցիչը Սայդա (Սիդոն) քաղաքում։

Ինչպես հաղորդել է ParsToday պարբերականը, Իսրայելի դեմ «Հըզբոլլահ»–ի գրոհները վերսկսվել են։

Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ի ու Իրանի միջև հրադադար հաստատելու իրանական կողմի պայմաններից մեկն էլ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Լիբանանի հարցում «թյուրիմացություն» է տեղի ունեցել, քանի որ Նահանգները «ոչինչ չեն խոստացել»:

Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։

Leave a comment