Ներկայացնում ենք Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էսթեր Լինչի եւ UNI Europa արհմիության տարածաշրջանային քարտուղար Օլիվեր Ռոթիգի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Էսթեր Լինչ
Օլիվեր Ռոթիգ
Եվրոպական կենտրոնական բանկի առաջարկած թվային եվրոն պարզապես տեխնոլոգիական արդիականացում չէ։ Քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թշնամաբար է տրամադրված Եվրամիության կողմից խոշոր տեխնոլոգիական ոլորտի կարգավորման եւ ընդհանրապես եվրոպական նախագծի նկատմամբ, թվային եվրոն կարեւոր հնարավորություն է՝ մայրցամաքում թվային անկախությունը եւ արդար մրցակցությունը առաջ մղելու համար։ Սակայն նախքան թվային եվրոյի հնարավոր մեկնարկը 2029 թվականին, Եվրոպայի քաղաքացիների եւ բիզնեսների վստահությունը շահելու համար այն պետք է լինի անկախ, հանրային ու ներառական։
Այսօր անհատների եւ բիզնեսների միջեւ էլեկտրոնային գործարքների մեծ մասն իրականացվում է մասնավոր վճարային ցանցերի միջոցով, ինչպիսիք են Visa-ն եւ Mastercard-ը։ Ավելի քան 60 առաջատար տնտեսագետներ, այդ թվում՝ Թոմաս Պիկետին, Յան Պիտեր Կրահնենը եւ Դանիելա Գաբորը, իրավացիորեն զգուշացրել են, որ այս կախվածությունը ռազմավարական խոցելիություն է։
ԱՄՆ բազմազգ ընկերությունները գերիշխում են թվային ֆինանսական ենթակառուցվածքներում, եւ ԱՄՆ քաղաքականության մշակողները կարող են սա հարկադրանքի գործիք դարձնել։ Միջազգային քրեական դատարանի ֆրանսիացի դատավոր Նիկոլա Գիյուն զրկվեց էլեկտրոնային վճարային համակարգերից, երբ Միացյալ Նահանգները անցյալ տարի նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց: Թվային ինքնիշխանություն ստեղծելու եւ միջազգային կարգը պաշտպանելու համար Եվրոպան պետք է վերահսկի այս կարեւոր համակարգերը՝ ներառյալ տվյալների հիմքում ընկած ենթակառուցվածքը: Թվային եվրոն չի կարող հույսը դնել ԱՄՆ ամպային մատակարարների վրա, օրինակ՝ Amazon Web Services-ի. շտապ անհրաժեշտ են եվրոպական այլընտրանքներ։
Թվային եվրոն պետք է ստեղծվի պետական հատվածում: Բրազիլիայի եւ Հնդկաստանի վերջին հաջող փորձը ցույց է տալիս, որ տեղական թվային վճարային համակարգերը կարող են ընդլայնել ներառականությունը եւ կրճատել ծախսերը, բայց միայն այն դեպքում, եթե մնան պետական ենթակառուցվածք: Թվային եվրոն պետք է հակազդի տեխնոլոգիական եւ ֆինանսական տեխնոլոգիաների ընկերություններին, որոնք ուզում են մասնավոր փող ստեղծել։
Վերջապես եւ ամենակարեւորը՝ թվային եվրոն պետք է լինի ներառական: Դա նշանակում է, որ ԵԿԲ-ի լայնածավալ «համագործակցությունը բազմաթիվ շահագրգիռ կողմերի հետ» պետք է ներառի մանրածախ առեւտրի, ֆինանսական եւ պետական աշխատողներին, որոնք կգործարկեն արժույթը։
Եվրոգոտու բանկային աշխատակիցները կարեւոր դեր կխաղան թվային եվրոյի ներդրումն ապահովելու գործում՝ հաճախորդներին հստակ բացատրություն եւ աջակցություն տրամադրելով: ԵԿԲ-ի արտահոսած ծրագրերի համաձայն՝ փոստային աշխատողները կարող են նմանատիպ դեր խաղալ նրանց համար, ովքեր չունեն թվային հմտություններ կամ բանկային հաշիվ: Եվ, անշուշտ, թվային եվրոն կազդի սուպերմարկետներում, հագուստի խանութներում եւ փոքր խանութներում առօրյա գործարքների վրա, ինչը նշանակում է, որ մանրածախ առեւտրի ոլորտի աշխատողները լավագույն դիրքում են՝ խնդիրները վաղ հայտնաբերելու եւ արժույթի երկարաժամկետ հեղինակությունը պահպանելու համար։
Ներգրավել այս աշխատողներին թվային եվրոյի ստեղծման գործում ոչ միայն կարեւոր է դրա կիրառումը հեշտացնելու համար, այլեւ հսկայական հնարավորություններ է բացում նրանց գործատուների համար։ Օրինակ՝ ֆինանսական ոլորտում փոքր հաստատություններն արդեն իսկ բախվում են կոնսոլիդացիայի ճնշմանը։ Հետեւաբար, ԵԿԲ-ի կողմից կառավարվող թվային եվրոն կստեղծի հավասար խաղային պայմաններ՝ ամրապնդելով այս փոքր ֆինանսական գործիչների դիրքերը։
Նույնը վերաբերում է նաեւ մանրածախ առեւտրին։ Խոշոր ընկերությունները կարող են արագ հարմարվել, բայց փոքր եւ միջին մանրածախ առեւտրականները արդեն իսկ զգալի ճնշման տակ են՝ գնաճի, շահագործման աճող ծախսերի եւ գերիշխող առցանց հարթակների (օրինակ՝ Amazon-ի) շուկայական ուժի պատճառով։ Լավ մշակված թվային եվրոն՝ ցածր գործարքային ծախսերով եւ ուժեղ հանրային վերահսկողությամբ, կարող է նվազեցնել կախվածությունը մասնավոր վճարային համակարգերից, պաշտպանել որակյալ զբաղվածությունը եւ ստեղծել ավելի արդար միասնական շուկա։
Ամենակարեւորը՝ թվային եվրոն պետք է կառուցի իրական եվրոպական թվային անկախություն, ոչ թե շարունակի կախվածությունը մի քանի ամերիկյան ընկերություններից, որոնք ենթարկվում են ԱՄՆ օրենքներին։ Սա կնպաստի մրցակցությունը, ոչ թե կամրապնդի գերիշխող խաղացողներին։ Եվ այն պետք է ձեւավորվի աշխատողների կողմից՝ բանկային աշխատակիցներից մինչեւ մանրածախ առեւտրի գանձապահները եւ փոստային աշխատողները, որոնք ամեն օր կիրառելու են այն։
Իհարկե, կանխիկը դեռեւս դեր ունի գաղտնիության եւ ինքնավարության պաշտպանության գործում։ Ավելին, այն պահպանում է հազարավոր որակավորված աշխատատեղեր տպագրության, տրանսպորտի եւ անվտանգության ոլորտներում՝ միաժամանակ ապահովելով տարեց մարդկանց, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների, սմարթֆոններ կամ կապ չունեցողների սոցիալական ներառումը։
Այս տարվա վերջին Եվրոպական խորհրդարանը քվեարկելու է թվային եվրոյի վերաբերյալ (արժույթը թողարկելու համար ԵԿԲ-ն պահանջում է օրենսդիր մարմնի հաստատումը) եւ արդեն հստակ աջակցություն է հայտնել նախագծին: Խորհրդարանը ոչ միայն հավանություն է տվել թվային եվրոյին՝ որպես եվրոպական դրամավարկային ինքնիշխանությունը ամրապնդելու գործիքի, այլեւ վերահաստատել է ԵԿԲ-ի անկախությունը եւ կանխիկի շարունակական դերը։
Հաջորդ փուլում ԵԿԲ-ն եւ այլ եվրոպական հաստատությունները պետք է ճանաչեն արհմիությունները որպես կառուցողական գործընկերներ: Առկա սոցիալական երկխոսության կառույցները բանկային, մանրածախ առեւտրի եւ Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի ոլորտներում հեղինակավոր եւ հասանելի ֆորումներ են, որոնք կնպաստեն ներառական թվային եվրոյի ձեւավորմանը։
Աշխատողների նշանակալի մասնակցությամբ թվային եվրոյի նախագծումը օգուտ կբերի բոլոր մասնակիցներին: Այն կբարելավի աշխատանքի որակը, կհեշտացնի եւ կամրապնդի բիզնեսի կողմից դրա ընդունումը եւ կամրապնդի վստահության վրա հիմնված եվրոպական սոցիալ-տնտեսական մոդելը: Հաջողության դեպքում թվային եվրոյի ներդրման այս մոտեցումը՝ հիմքում ժողովրդավարական արժեքներ ունենալով, կարող է օրինակ ծառայել մնացած աշխարհի համար:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այդ հոդվածը Banks.am կայքում թարգմանաբար ներկայացվում է
«Յունիբանկի» գործընկերությամբ:
2026թ.-ի ապրիլի 10-12-ը Յունիբանկը կմասնակցի Հայաստանի լիզինգային եւ ֆինանսական լուծումների ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքին՝ այցելուներին առաջարկելով շահավետ պայմաններ։
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org