Թրամփը հայտնել է, որ բանակցությունների ձախողման դեպքում ԱՄՆ-ն հեշտությամբ կվերսկսի Իրանի դեմ ռազմական գործողությունները

Բրիտանական հեռուստաալիքի հաղորդավարի խոսքով՝ ԱՄՆ նախագահն այս մասին հայտնել է իրենց կարճատև զրույցի ընթացքում։

Լրագրողը նաև հավելել է, որ Թրամփը բարձր է գնահատել Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ այն որակելով որպես «լիակատար հաղթանակ»։

«Մենք ռազմական առումով արել ենք այն ամենը, ինչ ցանկանում էինք»,- բրիտանացի հաղորդավարը մեջբերել է Թրամփի խոսքերը։

Այնուհետև լրագրողը պատմել է, որ կասկած է հայտնել Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած ցանկի գործունակության վերաբերյալ, քանի որ չի կարծում, թե Ամերիկան կարող է համաձայնել դրանց հետ։

Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Դուք չգիտեք, թե որոնք են այդ կետերը։ Ես գիտեմ, թե դրանք ինչ կետեր են»։

Նա հավելել է, որ բանակցություններն արդեն իսկ լավ են ընթանում, և Իրանը մաքսիմալիստական պահանջներ չի ներկայացնում, «բայց եթե ամեն ինչ հաջող չընթանա, մենք անմիջապես կվերադառնանք դրան։ Շատ հեշտությամբ»։

Leave a comment