Դեսպան Խաչատրյանը և Մարտին Բրիանսը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցեր


Ապրիլի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նորանշանակ գլխավոր քարտուղար Մարտին Բրիանսի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ օրակարգային հարցերի շուրջ։ Երկու երկրների հարաբերությունների հետագա խորացման համատեքստում ընդգծվել է առաջիկա բարձրաստիճան այցերի կարևորությունը:


 


Դեսպան Խաչատրյանը անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով դրա հետագա ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգի առաջմղման կարևորությունը:


 


Կարևորվել է Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունների գործունեության կազմակերպման ոլորտում լավագույն փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման հնարավորությունները։


 


Դեսպանը զրուցակցին է ներկայացրել նաև առաջիկայում Հայաստանում հյուրընկալվելիք խոշոր միջազգային միջոցառումները՝ մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը և Երևանյան երկխոսություն համաժողովը։


 

Դիտումների քանակ4

Leave a comment