«Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու եւ ճանաչելու հնարավորություն է»

Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական եւ մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում անցկացվել է ամենամյա, հասարակական նշանակություն ունեցող միջոցառում՝ «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագրով։ 

Միջոցառումն իրականացրել է Աուտիզմի ազգային հիմնադրամը՝ «Տերյան մշակութային կենտրոնի» եւ «Կողք կողքի» ներառական կրթական հասարակական կազմակերպության համագործակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող եւ ԱրարատԲանկի համաֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում։ 

Միջոցառման շրջանակում ներառական համերգը տեղի է ունեցել հայտնի երաժիշտների եւ «Իմ Ուղին» կենտրոնի շահառուների համատեղ մասնակցությամբ։ 

Կենտրոնի սաների նկարների եւ դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը հնարավորություն է տվել բացահայտել նրանց յուրահատուկ աշխարհը եւ աջակցել նրանց ստեղծագործական զարգացմանը։ 

««Տերյան մշակութային կենտրոն»-ի կողմից իրականացվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմամբ եւ ԱրարատԲանկի համաֆինանսավորմամբ ծրագիրը պարզապես սոցիալական աջակցություն չէ․ այն երկարաժամկետ, կենսունակ մոդել է, որը միավորում է մասնակիցներին, նրանց մենթորներին եւ ծնողներին՝ ստեղծելով միասնական զարգացման եւ աշխատանքի հարթակ։ Ծրագրի շրջանակում մենք ոչ միայն սովորեցնում ենք, այլեւ ձեւավորում ենք անկախություն․ մարդիկ ձեռք են բերում հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս ապրել արժանապատիվ եւ ապահովել իրենց սեփական եկամուտը։ Համոզված եմ, որ մեկ տարի անց այս նախաձեռնությունը կդառնա ինքնուրույն գործող հարթակ՝ ներկայացնելով բարձրորակ եւ ինքնատիպ արտադրանք՝ ստեղծված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց կողմից», – ասել է «Տերյան մշակութային կենտրոնի» գործադիր տնօրեն Լիլիթ Մելիքյանը։

«Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է՝ ներառական կրթությունը սկսվում է ոչ միայն օրենսդրության փոփոխություններից, այլ մեկը մյուսին ճանաչելու եւ ընդունելու պատրաստակամությունից։ «Մշակույթ՝ իմ ուղին» ծրագիրը վառ ապացույց է առ այն, որ արվեստը եւ մասնագիտական կրթությունը կարող են դառնալ հզոր գործիք՝ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ընդունելու, ինչպես նաեւ նրանց տաղանդն ու ներուժը հասարակությանը ներկայացնելու համար։ ԱրարատԲանկի համար այս ծրագրին աջակցությունը հենց այն հավատքի արտահայտությունն է, որ բազմազանությունն ուժ է, իսկ յուրաքանչյուր մարդ ունի արժանապատիվ կյանք ապրելու եւ ստեղծագործելու իրավունք», – նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։

Leave a comment