Իրանը զգուշացնում է, որ կպատասխանի տարածաշրջանից այն կողմ, եթե ԱՄՆ-ն «հատի կարմիր գծերը»

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեքշաբթի օրը զգուշացրել է, որ իրենց պատասխանը Միացյալ Նահանգներին կարող է տարածվել տարածաշրջանից դուրս և թիրախավորել էներգետիկ ենթակառուցվածքները՝ նշելով, որ նախկին զսպվածությունն ավարտվել է։

Նշվում է, որ Իրանը  կգործի ԱՄՆ-ի և գործընկերների ենթակառուցվածքների դեմ այնպես, որ տարիներ շարունակ զրկի նրանց տարածաշրջանի նավթի և գազի պաշարներից․

«Ամերիկայի տարածաշրջանային գործընկերները պետք է նաև իմանան, որ մինչև այսօր մենք մեծ զսպվածություն ենք ցուցաբերել բարիդրացիության համար և որոշակի վերապահումներ ենք ունեցել հակահարվածի թիրախներ ընտրելիս, սակայն այդ բոլոր վերապահումները հետագայում վերացվել են», – ասվում է հայտարարության մեջ։

Պահապանները հավելել են, որ եթե ԱՄՆ ուժերը հատեն, այսպես կոչված, կարմիր գծերը, «պատասխանը կգնա տարածաշրջանից այն կողմ»։

Միաժամանակ, Իրանը նախապայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար, Reuters-ին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան։ Այն ենթադրում է՝ հարվածների անհապաղ դադարեցում, հարձակումների չկրկնվելու երաշխիքներ և վնասի փոխհատուցում։

Պաշտոնյան նշել է, որ Թեհրանը մերժում է ԱՄՆ-ի հետ ցանկացած ժամանակավոր հրադադար։

Նա հավելել է, որ մշտական ​​խաղաղության համաձայնագիրը պետք է թույլ տա Իրանին պահանջել վճարներ Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, որոնք կտարբերվեն՝ կախված նավի տեսակից, դրա բեռից և գերիշխող պայմաններից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment