Նավթի գները բարձրանում են Թրամփի սահմանած՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ վերջնաժամկետին զուգահեռ

Նավթի գները կտրուկ բարձրացել են երեքշաբթի առավոտյան առևտրի սկզբում՝ պայմանավորված ԱՄՆ նախագահի Թրամփի՝ Իրանի համար սահմանած վերջնաժամկետի մոտեցմամբ․ կամ բացել Հորմուզի նեղուցը, կամ ենթարկվել «ոչնչացման»․ գրում է DW-ն։

Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 111 դոլարը՝ պատերազմի սկզբից ի վեր աճելով ավելի քան 50%-ով։ Ամերիկյան West Texas Intermediate նավթի գինը բարձրացել է մոտ 115 դոլարի՝ հասնելով վերջին մեկ ամսվա ամենաբարձր մակարդակին։

Իրանը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից իր կամուրջներին կամ էլեկտրակայաններին ցանկացած հարված կհանգեցնի պատասխան քայլերի՝ ուղղված Պարսից ծոցի երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին։

Նման զարգացումը կարող է ավելի նվազեցնել արդեն իսկ սահմանափակ նավթային պաշարները և խորացնել համաշխարհային տնտեսության ռիսկերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները վերջնագրի ժամկետը լրանալուց մի քանի ժամ անց։ Ապրիլի 6-ին Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ նա ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է ապահովել Իրանի «լիակատար ոչնչացումը» չորս ժամվա ընթացքում։

Թեհրանին ուղղված վերջնագրի ժամկետը, որը պահանջում է բացել Հորմուզի նեղուցը՝ լրանում է չորեքշաբթի վաղ առավոտյան Երևանի ժամանակով ժամը 4:00-ին։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a comment