ՌԴ-ում մտադիր են չեղարկել «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան

ՌԴ Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը ստուգում է անցկացրել «Պռոշյանի կոնյակի գործարանի» նկատմամբ և, իբր,  հայտնաբերել խախտումներ: Այս մասին հաղորդվում է գործակալության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ, գրում է Lenta-ն։

Նշվում է, որ բաց աղբյուրների համաձայն ընկերության գլխավոր տնօրենը Աշոտ Բադալյանն է։

Հաղորդվում է, որ ստուգման ընթացքում հավաքվել են կազմակերպության կողմից Ռուսաստանի Դաշնություն ներմուծված կոնյակի նմուշներ: Կոնյակը լաբորատոր փորձարկվել է և պարզվել է, որ այն չի համապատասխանում ԳՕՍՏ չափանիշներին։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ արտադրանքը պարունակում է սպիրտ ոչ խաղողի ծագմամբ, և դրա բաղադրությունը չի համապատասխանում նշված անվանմանը։

«Նշված  խախտումները հիմք հանդիսացան Ծառայության կողմից լիցենզիան չեղյալ համարելու և դրա գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ​​​​հայց ներկայացնելու որոշման համար», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ լիցենզիայի չեղարկման հարցը քննարկվում է Արբիտրաժային դատարանում։

Հավելենք, որ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը հայտարարել էր «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

Leave a comment