2026 թվականի ապրիլի 6-ին Երեւանում տեղի է ունեցել Մեդիամաքս մեդիա ընկերության Banks.am պորտալի եւ Boyden Armenia ընկերության համատեղ կազմակերպած եւ բիզնես առաջնորդության ապագային նվիրված Fast-Forward 2026 կոնֆերանսը: Fast-Forward-ի նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները կարող են քննարկել զգայուն հարցեր:
Կոնֆերանսի գործընկերներն էին Wilco կապիտալի կառավարման ընկերությունը, Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը, «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը:
«Անկախ տնօրեններ. իրական օգո՞ւտ, թե՞ տուրք նորաձեւությանը». այսպես էր վերնագրված Fast-Forward 2026 կոնֆերանսի առաջին պանելային քննարկումը, որը վարում էր Boyden ընկերության գործընկեր, հայաստանյան եւ վրաստանյան գրասենյակների ղեկավար Սեւադա Բաղդյանը:
«Ամերիաբանկ»-ում անկախ տնօրենները 50%-ից ավելի են
Տիգրան Դավթյան, «Ամերիաբանկ»-ի անկախ տնօրեն
Մինչեւ վերջերս ընկերություններում խորհուրդների առկայությունն իսկապես երբեմն ընկալվում էր որպես «տուրք նորաձեւությանը»։ Սակայն, հատկապես Հայաստանի բանկային համակարգում տեղի ունեցած վերափոխումները ցույց տվեցին, որ անկախ տնօրենների ներգրավումը ոչ թե ձեւական քայլ է, այլ՝ արդյունավետ կառավարման կարեւոր բաղադրիչ։
Տիգրան Դավթյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Անկախ տնօրենները հաճախ ավելի արդյունավետ են, քան բաժնետերերի ներկայացուցիչները։ Վերջիններիս ընտրության ժամանակ բաժնետերը սովորաբար առաջնորդվում է անձնական վստահությամբ, ինչը միշտ չէ, որ համընկնում է մասնագիտական բարձր որակների հետ։
Կորպորատիվ կառավարման լավագույն միջազգային փորձը հուշում է, որ ընկերության կառավարման մարմնի առնվազն 50%-ը պետք է կազմեն անկախ խորհրդի անդամները։ Սա կարեւոր է, քանի որ նրանք պրոֆեսիոնալներ են եւ կարողանում են իրենց բազմակողմ փորձառությունը ներդնել ընկերության զարգացման մեջ։
Վերջին տարիներին նկատելի է, որ հայկական բանկային համակարգը աստիճանաբար ընդունում է այս մարտահրավերը։ Օրինակ՝ «Ամերիաբանկ»-ում անկախ տնօրեններն արդեն 50%-ից ավելի են:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կարեւոր է նաեւ, որ այդ տնօրեններն ունենան տարբեր ոլորտներից եկող, դիվերսիֆիկացված փորձառություն, ինչը նպաստում է առավել հավասարակշռված եւ որակյալ որոշումների կայացմանը։
«Իրական խորհուրդը կարող է ձեւավորվել, երբ բաժնետերը գիտակցի՝ ընկերությունն ինստիտուտ է, ոչ թե իր «ես»-ի արտացոլում»
Ելենա Խաչվանքյան, «ԱյԴի Բանկ»-ի Խորհրդի անկախ անդամ
Ֆորմալ խորհրդից իրական, աշխատող խորհուրդ անցում կատարելու համար նախ պետք է հստակ հասկանալ՝ ի՞նչ է անկախությունը։ Կարծում եմ՝ անկախությունը շահերի բախման կառավարման «օդն» է, առանց որի արդյունավետ կառավարումն անհնար է։
Ելենա Խաչվանքյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բնական է, որ խոշոր բաժնետերերը ցանկանում են խորհրդում տեսնել իրենց ներկայացուցիչներին, սակայն այս դեպքում վտանգ կա, որ խորհուրդը կվերածվի ֆորմալ մարմնի՝ արդեն իսկ կայացված որոշումները պարզապես հաստատող միավորի։ Անկախ խորհրդի անդամը, նախ եւ առաջ, ենթադրում է պրոֆեսիոնալիզմ։ Եթե նրան ընտրել եւ հրավիրել են խորհրդի կազմ, նշանակում է՝ նա ունակ է նոր արժեք բերել։
Այս համատեքստում կարեւոր է ընդգծել, որ նա անկախ է գործադիր տնօրենից, ընկերությունից եւ բաժնետերերից։ Իր գիտելիքների եւ փորձառության հիման վրա կարողանում է ձեւավորել սեփական դատողությունները, խիզախում է բարձրաձայնել հարցեր, որոնցից մյուսները հաճախ խուսափում են։ Սա, իր հերթին, նպաստում է առավել հավասարակշռված որոշումների կայացմանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս դեպքում խորհուրդը կարող է արդյունավետ բալանսավորել թե՛ համապատասխանության եւ ռիսկերի կառավարման հարցերը, թե՛ ռազմավարական զարգացման ուղղությունները։ Բնական է, որ բաժնետերն ունի ընկերության զարգացման իր տեսլականը, սակայն հնարավոր է՝ նա ամբողջությամբ տեղյակ չէ որոշ ոլորտներում առկա ռիսկերին կամ հնարավորություններին։ Պրոֆեսիոնալ խորհուրդը, ունենալով համապատասխան գիտելիք եւ փորձ, կարող է հարստացնել այդ ռազմավարությունը։
Վերջին տարիներին Հայաստանում կորպորատիվ կառավարման ոլորտում էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Օրենսդրական մակարդակում ընդունվել է Կորպորատիվ կառավարման կանոնագիրք, ինչպես նաեւ՝ կան Կենտրոնական բանկի քաղաքականության փոփոխություններ, որոնք ֆինանսական ոլորտը խթանում են դեպի ավելի արդյունավետ խորհուրդների ձեւավորում։ Սրան զուգահեռ նկատվում է նաեւ բաժնետերերի մտածելակերպի փոփոխություն։
Այսօր Հայաստանը կարգավորումից դեպի իրական կիրառում փուլում է։ Երբ բաժնետերերը սկսեն գիտակցել, որ իրենց ընկերությունը պետք է դառնա ինստիտուտ, այլ ոչ թե իրենց «ես»-ի արտացոլումը, այդ ժամանակ էլ կձեւավորվեն իրականում աշխատող խորհուրդներ։
«Խորհուրդը բնորոշելու առավել լավ բառ, քան «խորհուրդն է» դժվար է գտնել»
Արմինե Մելքոնյան, «Սիլ Ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն, «Սիլ Կապիտալ» ընկերության Խորհրդի անդամ
Պետք է ընդգծեմ Կենտրոնական բանկի մեծ դերը ֆինանսական կազմակերպություններում եռաստիճան կառավարման հիերարխիայի ձեւավորման հարցում։
Քննարկման սկզբում Սեւադա Բաղդյանը վիճակագրություն ներկայացրեց, որը վկայում է, որ Հայաստանի 200 խոշոր հարկատու ընկերությունների դեպքում այդ եռաստիճան հիերարխիայի մասին խոսք չկա. բազմաթիվ բաժնետերեր չեն զիջել նույնիսկ գործադիր տնօրենի պաշտոնը։
Արմինե Մելքոնյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Անկախ խորհրդի կարեւորությունն առավել մեծ է այն ընկերություններում, որտեղ բաժնետերը՝ վերջնական շահառուն, մեկ անձ չէ, այլ՝ մի քանիսը, որոնց միջեւ կարող է շահերի բախում առաջանալ։
Եթե անդրադառնանք միջազգային փորձին, կտեսնենք բազմաթիվ օրինակներ, երբ նման կազմակերպություններում մի քանի բաժնետեր ունենալու եւ անկախ խորհրդի բացակայության պայմաններում բիզնեսի գործունեությունը պարզապես ընդհատվել է։
Անկախ խորհուրդը հանդես է գալիս որպես հավասարակշռող օղակ, որը շահերի սուր բախման պարագայում դառնում է երկարաժամկետ բիզնեսի ապահովման կարեւոր գործիք։ Ըստ էության, խորհուրդը նկարագրելու համար ավելի հարմար բառ, քան «խորհուրդ»-ն է, դժվար է գտնել։ Այն կոլեգիալ մարմին է, եւ դրա որեւէ անդամ չի կարող մյուսներից անկախ որոշում կայացնել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Շատ կարեւոր է նաեւ խորհրդի կազմում թե կանանց, թե տղամարդկանց ներկայացվածությունը։ Վերջին տարիներին բիզնեսի կառավարման մոդելը դարձել է առավել մարդակենտրոն, հետեւաբար, կանանց մոտ առավել հաճախ արտահայտվող հուզական ինտելեկտի ու էմպատիայի առկայությունը խորհուրդներում մեծ նշանակություն ունի։
«Ես հավատում եմ էվոլյուցիային»
Միքայել Մացակյան, «Ալֆա-Ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն
Գործընկերներս նշեցին, որ բաժնետերերը հաճախ չեն զիջում գործադիր տնօրենի պաշտոնը։ Բայց մեր՝ դեղատնային ոլորտում, բաժնետերերը սովորաբար չեն զիջում ոչ միայն տնօրենի, այլեւ մնացած գրեթե բոլոր պաշտոնները։
Պետք է հասկանալ նաեւ օբյեկտիվ իրականությունը. բիզնեսներից շատերը ձեւավորվել են դեռեւս 1990-ականներին, երբ հստակ սահմանազատում չկար։ Հիմնադիրը կարող էր միաժամանակ ե՛ւ բանվոր, ե՛ւ բանակցող, ե՛ւ կոմերցիոն տնօրեն, ե՛ւ զանգերին պատասխանող լինել։ Այս առումով ես հավատում եմ էվոլյուցիային. ժամանակ է պետք, որպեսզի վերափոխումների գործընթացը հաջողությամբ պսակվի։
Միքայել Մացակյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր ընկերությունում խորհուրդը ձեւավորվել է 2008 թվականին, երբ «Ալֆա-Ֆարմի» բաժնետեր դարձավ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ պարտադիր պայմաններից մեկը կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումն էր։ Այդ ժամանակ բաժնետերերի մեծ մասը մտածում էր՝ «գումար է պետք, եւ եթե այն ստանալու համար պետք է ստեղծել խորհուրդ, կստեղծենք»։
Այսօր ունենք բոլորովին այլ պատկեր. խորհրդում տեղի ունեցող քննարկումներն առավել կենտրոնացած են ընկերության ապագայի, զարգացման ռազմավարական ուղղությունների վրա։ Բաժնետերերը սկսել են հասկանալ եւ գնահատել դա։
Արա Աբրահամյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այստեղ նաեւ մշակութային հարց կա. հայերը չեն սիրում բանավիճել, իսկ հակադարձ կարծիքները հաճախ ընկալվում են որպես անձնական վիրավորանք, այն դեպքում, երբ դա պարզապես նույն հարցի վերաբերյալ այլ տեսակետ է։ «Ալֆա-Ֆարմ»-ում կարողացել ենք հասնել մի կետի, որում խորհուրդը դարձել է առողջ բանավեճի վայր, եւ հենց այդ քննարկումներից են ծնվում ընկերության համար արժեքավոր գաղափարները։
Կարդացեք նաեւ. Fast-Forward կոնֆերանս. նոր միջավայր բիզնեսի զգայուն հարցերը քննարկելու համար
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի