Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռևս չի մեկնարկել։ Չնայած այս հանգամանքին՝ մասնակցության մասին հայտարարած քաղաքական ուժերն արդեն իրականացնում են քարոզարշավ՝ հանդիպումներ ընտրողների հետ, մարզային այցեր, գովազդային վահանակներ, առցանց գովազդ և այլն։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, մասնավորապես, քաղաքական ուժերի գովազդը հայաստանյան առցանց մեդիառեսուրներում․ ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածի համար մշտադիտարկվել է ավելի քան 40 առցանց լրատվական միջոց։
Ո՞ր ուժերն են առաջատար առցանց կայքերում
Մշտադիտարկված լրատվական կայքերում արձանագրվել է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 5 քաղաքական ուժի նախընտրական գովազդ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Միասնության թևեր» և «Առաջարկ Հայաստանին»։
Ամենից շատ գովազդ է տեղադրել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» շարժումը․ ուժի նախընտրական առցանց պաստառը տեղադրել է 11 առցանց ռեսուրս։
2-րդ տեղում ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է՝ 8 լրատվական կայքով, 3-րդ տեղում կառավարող «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 7 կայքով։
4-րդ տեղում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է․ ուժը նախընտրական գովազդ ունի 6 կայքում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի առցանց պաստառները տեղադրված են 5 կայքում։
Ինչպիսի՞ն է կոմերցիոն գործակցության պատկերը
Ապրիլի 1-7-ն ընկած ժամանակահատվածում FIP.am-ի ուսումնասիրած մոտ 40 կայքերի կեսից ավելին՝ 26 առցանց ԶԼՄ, քաղաքական ուժերի նախընտրական գովազդ է տեղադրել։ Կան կայքեր, որոնցում տեղադրված է միաժամանակ երկու, անգամ երեք քաղաքական ուժի նախընտրական գովազդ։
Ստորև ներկայացված են առցանց լրատվական կայքերը, որտեղ ապրիլի 7-ի դրությամբ տեղադրված է վերոհիշյալ քաղաքական ուժերից որևէ մեկի կամ մի քանիսի գովազդը։
Այսպիսով, քաղաքական ուժերն ակտիվորեն օգտագործում են առցանց լրատվական հարթակները՝ իրենց ներկայությունն ապահովելու և ընտրազանգվածի վրա ազդելու համար։
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տարբեր լրատվական կայքեր պատրաստակամորեն համագործակցում են միաժամանակ մի քանի քաղաքական ուժերի հետ՝ գովազդ տեղադրելով՝ անկախ դրանց քաղաքական դիրքավորումից։
Նանե Մանասյան
The post Նախընտրական գովազդի պատկերը՝ առցանց ԶԼՄ-ներում․ ով ում պաստառն է տեղադրել appeared first on FIP.AM.