«Իրավահաջորդությունը հայկական բիզնեսում». բաց ու անկեղծ քննարկում

2026 թվականի ապրիլի 6-ին Երեւանում տեղի է ունեցել Մեդիամաքս մեդիա ընկերության Banks.am պորտալի եւ Boyden Armenia ընկերության համատեղ կազմակերպած եւ բիզնես առաջնորդության ապագային նվիրված Fast-Forward 2026 կոնֆերանսը: Fast-Forward-ի նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները կարող են քննարկել զգայուն հարցեր: 

Կոնֆերանսի գործընկերներն էին Wilco կապիտալի կառավարման ընկերությունը, Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը, «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը:

«Իրավահաջորդությունը հայկական բիզնեսում. ցանկալին եւ իրականը». սա Fast-Forward 2026 կոնֆերանսի երկրորդ պանելային քննարկման թեման էր, որը վարում էր Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Բիզնեսը «թողնելը» դժվար է 

Էդգար Ավետիսյան, PROFAL ընկերության գլխավոր տնօրեն

PROFAL ընկերությունը հիմնադրել են հայրս ու նրա գործընկերները։ Վերջին շրջանում ընկերությունը ղեկավարում եմ ես՝ որպես տնօրեն, եւ մյուս հիմնադիրների զավակները եւս մասնակցում են կառավարմանը։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բիզնեսի կառավարումը հաջորդ սերնդին փոխանցելը բարդ գործընթաց է, այն նուրբ կողմեր ունի: Հիմնադիրները հաճախ կարծում են, որ հենց իրենք են լավագույնս տիրապետում ընկերության գործերին, քանի որ ամեն ինչ սկսել են զրոյից, «քարը քարի վրա դրել»։ Մեր բիզնեսի օրինակով էլ կարող եմ ասել, որ նրանք մինչ օրս տիրապետում են յուրաքանչյուր մանրուքի, թեեւ արդեն ներգրավված չեն օպերացիոն կառավարման մեջ։

Բիզնեսը «թողնելը» դժվար է։ Եթե 10-15 տարի նախապատրաստական աշխատանք չի արվում, որպեսզի այն փոխանցվի հաջորդ սերնդին, «հանկարծակի» փոխանցումը կարող է վտանգավոր լինել։ Ամեն ինչ կարող է պատահել. եթե բիզնեսը կախված է մեկ մարդուց, իսկ իրավահաջորդը չի կարող մեկ օրում ստանձնել կառավարման պատասխանատվությունը, բիզնեսը կարող է փլուզվել։

Էդգար Ավետիսյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մեր ընկերության հիմնադիրները միշտ երազել են բիզնեսն իրենց երեխաներին փոխանցելու մասին եւ դրա մասին բազմիցս խոսել են։ Բայց երբ եկավ այդ պահը, միեւնույն է, բարդ էր։ Մենք երիտասարդ էինք՝ 25-28 տարեկան, երբ սկսեցինք ակտիվորեն ներգրավվել ընկերության կառավարման մեջ։ Տարբեր սերունդների մտածելակերպի տարբերությունները զգալի էին, եւ բախումները՝ հաճախակի։

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կարեւոր է հասկանալ կարեւոր մի բան. ոչ միայն հիմնադիրները պետք է պատրաստ լինել փոխանցել, այլեւ ժառանգները պետք է պետք պատրաստ եւ ունակ լինեն վերցնել։ Եթե չես կարողանում ծնողներիդ համոզել, որ պատրաստ ես այդ պատասխանատվությանը, երբեք այն չես ստանա։

Սանասար Բեգլարյան, «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն

Մեր դեպքում փոխանցումը սկսվեց ճգնաժամից։ Մեր ընկերություններից մեկում կոմերցիոն տնօրեն էի, եւ «Ֆլեշում», որը մեր ամենամեծ կամ «մայր» ընկերությունն է, ստեղծվեց ճգնաժամային իրավիճակ, որը եւ իմ տեղափոխության պատճառ դարձավ։

Վերջերս մի հետաքրքիր միտք կարդացի. «ընկերություններին պետք են երիտասարդ ու խելացի կադրեր, որոնք պետք է ունենան խիզախություն եւ, եթե հաջողվի, գլխիվայր շուռ տան ամեն ինչ, ինչպես նաեւ պետք են փորձառու, տարեց մարդիկ, որպեսզի թույլ չտան շուռ տալ այն, ինչ շուռ տալ պետք չէ»։

Սանասար Բեգլարյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Կարող է տարօրինակ հնչել, բայց բիզնեսի ստեղծման հիմնական պատճառը հիմնադիրն է, բայց դրա դանդաղման եւ կործանման պատճառը նույնպես կարող է դառնալ հիմնադիրը, եթե ճիշտ պահին չի հասկանում, որ հասել է իր մաքսիմումին եւ պետք է որոշում կայացնի փոփոխության մասին։ Դրանից է ծնվում նաեւ կորպորատիվ կառավարման անհրաժեշտությունը։ 

«Կապիտալի, փողի, ժառանգության մասին խոսելը հաճախ տաբու է»

Դավիթ Գասպարյան, Wilco ընկերության հաճախորդների հետ աշխատանքի գծով գլխավոր մենեջեր

Մենք գտնվում ենք հետխորհրդային շրջանում, որտեղ կապիտալը, կարելի է ասել, ընդամենը 30 տարի է, ինչ ձեւավորվել է։ Այժմ ամենաակտիվ փուլում ենք, երբ 50-70 տարեկան մարդիկ, որոնք ստեղծել են այդ կապիտալը ու սովորել դրա հետ աշխատել, պետք է սովորեն նաեւ իրավահաջորդության հետ աշխատել։ Այս մասին պետք է հնարավորինս շուտ մտածել եւ համակարգված աշխատանք տանել։ Անկախ նրանից՝ ժառանգորդը կլինի ընտանիքից, թե մենեջմենթից, գործընթացը պետք է շուտ սկսել։ 

Դավիթ Գասպարյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Պրոցեսի ամենահեշտ կողմը իրավականն է, ամենաբարդը՝ հոգեբանականը։ Մեր մենթալիտետում երկխոսության պակաս կա, կապիտալի, փողի, ժառանգության մասին խոսելը հաճախ տաբու է, եւ քիչ ընտանիքներում են ազատ քննարկում այդ թեմաները։

Մենք ունենք առնվազն 6 ընտանիք, որոնց հետ աշխատելիս հիմնադիրը պարտադիր ներգրավում է ժառանգորդին, որպեսզի կապիտալի կառավարման որոշումներ կայացման ժամանակ իր գաղափարները ներկայացնելու հնարավորություն ունենա։ Նման շփման ընթացքում նաեւ ավելի հեշտ է բարձրացնել իրավահաջորդության հարցերը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Շատ հաճախ հիմնադիրը չի պատկերացնում, որ իր բիզնեսը կարող է ոչ միայն գոյատեւել, այլեւ զարգանալ իր նվազ մասնակցությամբ, իսկ ժառանգորդը վախենում է ստանձնել պատասխանատվությունը, որովհետեւ չգիտի, որ ունի սխալվելու նույն հնարավորությունը, ինչ ունեցել է հիմնադիրը։

«Օրենսդրությունը չի ապահովում կապիտալի շարունակականությունը»

Վարուժան Ավետիքյան, «Էվոկաբանկ»-ի Խորհրդի նախագահ, Andersen in Armenia իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր

Իրավահաջորդության ու ժառանգականության հարցերը նաեւ պետությանն են վերաբերում։ Շարունակականությունն է, որ ապահովում է հարստություն, եւ կապիտալի կուտակումն ու սերնդեսերունդ փոխանցումն է ստեղծում մնայուն ազգային հարստություն։ Թեեւ ընկերությունները մասնավոր են, դրանք նաեւ ազգային հարստություն են։

Վարուժան Ավետիքյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ժառանգական օրենսդրությունը ժառանգվել է Խորհրդային Միությունից։ Վերջին 30 տարիներին Հայաստանում ձեւավորվել է մասնավոր կապիտալ՝ բիզնեսներ ու ակտիվներ, որոնք շարունակ աճում են, մինչդեռ գործող օրենսդրությունը չի ապահովում դրանց եւ դրանցից եկող դրամական հոսքերի շարունակականությունը։ Արդյունքում բիզնեսները կարող են բախվել լուրջ խնդիրների։

Մենք հիմնականում խոսում ենք ընտանեկան ժառանգության մասին, բայց կա նաեւ ոչ ազգակցական փոխանցում՝ հիմնադրամների, համայնքների, համալսարանների եւ այլ կառույցների։ Այս հարցերը գործնականում լուծված չեն։ 90-ականներին ստեղծված բիզնեսների համար սա հրատապ խնդիր է, արդեն կան մարդիկ, որոնք առնչվում են դրան, եւ լուծումները բարդ են կամ հետաձգվում են։ Եթե լուծումներ չտրվեն, առաջիկա 20 տարիներին կուտակված կապիտալի մի զգալի մասը կարող ենք պարզապես քամուն տալ։

«Բիզնեսը չպետք է պտտվի մեկ անձի շուրջ»

Էդգար Ավետիսյան, PROFAL ընկերության գլխավոր տնօրեն

Հիմնադիրները պետք է հասկանան, որ երբ բիզնեսը պտտվում է իրենց շուրջ, որոշակի կետից հետո անհրաժեշտ է փոխել կառավարման մոդելը, որովհետեւ նույն մոդելով շարունակելը մեծ մասամբ դատապարտված է ձախողման։

Էդգար Ավետիսյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ինքս էլ չեմ ուզում, որ բիզնեսը պտտվի իմ կամ մյուս գործընկերների շուրջ։ Նպատակն է արդեն այսօր սկսել աշխատանքներ տանել, որպեսզի 10 տարվա ընթացքում ընկերությունը տեղափոխենք կառավարման այլ մակարդակ։ Պետության դերն էլ այստեղ կարեւոր է, որովհետեւ չունենք հստակ մոդելներ եւ կարգավորումներ։

Վարուժան Ավետիքյան, «Էվոկաբանկ»-ի Խորհրդի նախագահ, Andersen in Armenia իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր

Սերունդների փոխանցման ժամանակ հաճախ մտածում են՝ մեր մեծերն արել են սա, լավ են արել, բայց հիմա նոր իրականություն է, եւ պետք է փոփոխություն անել, որպեսզի ավելի հաջողակ դառնանք։ Այդ փոփոխությունները կատարելիս կարեւոր է երեք հարցի պատասխանել՝ ի՞նչ արժեքներ պետք է պահպանել եւ փոխանցել նոր սերնդին, ո՞րն է այն պատմությունը, որը պետք է շարունակական լինի, եւ ի՞նչ կոնտեքստում է գործում բիզնեսը։ 90-ականների Հայաստանը լրիվ այլ կոնտեքստ ուներ, քան 2000-ականներին կամ այսօր։ Եվ հենց այս տարբերությունն են, երբեմն, անտեսում թե հիմնադիրները, թե իրավահաջորդները։

Դավիթ Գասպարյանն ու Վարուժան Ավետիքյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Դավիթ Գասպարյան, Wilco ընկերության Հաճախորդների հետ աշխատանքի գծով գլխավոր մենեջեր

Սերունդների միջեւ պետք է փոխանցվի ոչ թե փորձը, այլ՝ կրիտիկական մտածելակերպը։ Ավագները հաջորդ սերնդին պետք է փոխանցեն որոշումներ կայացնելու եւ գործընկեր ընտրելու իրենց համակարգը։ Հետխորհրդային տարածաշրջանում հիմնադիրների եւ գործընկերների միջեւ շատ պայմանավորվածություններ ոչ ֆորմալ բնույթ են կրում։ Կարեւոր է, որ այդ հարաբերությունների եւ պայմանավորվածությունների փոխանցումն էլ լինի հնարավորինս «փափուկ», եւ ժառանգորդը դեռ վաղ տարիքից ծանոթանա գործընկերներին ու ներգրավվի ընթացող բանակցություններին։

Սանասար Բեգլարյան, «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն

Ճգնաժամը իսկապես միայն մարտահրավեր չէ։ Հաճախ հենց ճգնաժամային իրավիճակներն են ընկերությանը մղում զարգացման։

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Նոր սերունդը գալով որոշ իմաստով պետք է «ճգնաժամի ենթարկի» համակարգը: Բայց կարեւոր հարցն՝ արդյո՞ք այն ունի բավարար կոմպետենտություն փոփոխություն անելու համար։ Նոր սերունդը պետք է նաեւ հասկանա, որ իրավահաջորդությունը նախեւառաջ պատասխանատվություն ստանձնել է։ 

Կարդացեք նաեւ. 

Անկախ տնօրենները, շահերի բախման կառավարման «օդը» եւ էվոլյուցիան

Fast-Forward կոնֆերանս. նոր միջավայր բիզնեսի զգայուն հարցերը քննարկելու համար

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Leave a comment