Մի պահ պատկերացրեք` ուժեղ և ինքնուրույն դատական համակարգ ունենայինք: Պատկերացնու՞մ եք ինչքան կհեշտանար ամեն ինչ և ինչքան լավ երկիր կդառնային…

Մի պահ պատկերացրեք` ուժեղ և ինքնուրույն դատական համակարգ ունենայինք: Պատկերացնու՞մ եք ինչքան կհեշտանար ամեն ինչ և ինչքան լավ երկիր կդառնայինք: Ոչ մի վարչապետ չէր կարողանա բռնապետություն հաստատել, ցանկացած իշխանավորի հնարավոր կլիներ զսպել ու պատժել:

Ավաղ, արդար դատական համակարգի կարևորությունը հասկացող իշխանություն մենք այդպես էլ չունեցանք: Իսկ 18-ից հետո իշխանության եկածներն էլ ավելի ապականեցին եղածն ու ստրկացրին քննիչ-դատախազ-դատավորներին:

Հիմա ՀՀ իրավապահ համակարգը ֆուլ սպասարկում է ՔՊ-ի շահերը, մանավանդ դրա քննչական հատվածը: 18-ի մայիսից սկսած համակարգը լծվեց պատվերով գործեր հարուցելուն: Դրանք երկար` տարիներով քննվում են, մարդիկ կալանավորվում են ու երկար սպասում իրենց դատավճիռներին: 8 տարի համաներում չի կիրառվել, տնային կալանքի ինստիտուտն են ներդրել, գրավի չափերն են բազմապատկել… ազգիս լավագույն կեսը դատվում է: Նիկոլ Փաշինյանը, որպես նախկին «զէկ», պատժի ավելի արդյունավետ մեթոդ չգիտի և իր հակառակորդներին, հանրությանը, անգամ դպրոցականներին ու հոգևորականներին կալանավայր գործուղելով է պատժում-վախեցնում:

Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան պետական միջոց է դրա վրա մսխվում, ինչքան նյարդ ու առողջություն է վատնվում, մի փոքրիկ ցանկ ներկայացնեմ, թե 18-ից հետո ինչ քաղաքական մեղադրանքներ են հարուցվել, որոնք ավարտվել են արդարացման դատավճիռներով կամ գործերի կարճմամբ: Ընդ որում, պատկերացրեք` ինչքա՜ն անհիմն ու ապօրինի են մեղադրանքները, որ անգամ Փաշինյանին ենթակա դատարանները չեն կարողացել մեղադրական դատավճիռներ կայացնել:

Ամենաարտառոց ու երկար քննված գործերի ցանկում, իհարկե, Դավիթ Սանասարյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի գործերն են: 3 գործով էլ դատարաններն արդարացման դատավճիռներ են կայացրել` 6-7-8 տարվա քննություններից հետո: Դավիթի գործն, ըստ իս, հարուցվեց նրան ՊՎԾ պետի պաշտոնից ազատելու համար, մյուս գործերը ընդդիմադիր դաշտին սաստելու համար էին:

2020 թվի նոյեմբերին Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին, Աշոտ Մինասյանին ու Աշոտ Ավագյանին մեղադրեցին Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ, մի մասին կալանավորեցին: Մի տարուց գործը կարճվեց` հանցակազմի բացակայությամբ: Հաջորդ տարիներին նույն հոդվածով մեղադրանքներ առաջադրվեցին Ալբերտ Բազեյանին, Ռուստամ Գասպարյանին…Օպերացիաներից մեկն ԱԱԾ- ն անվանել էր «Աշնանային տերևաթափ»😁…Բոլոր այս գործերը կամ կարճվել են, կամ անհեռանկար քարշ են տալիս, որ մի օր կարճեն- արդարացնեն:

Դատարանն արդարացրել է Սերժ Սարգսյանին` սալյարկայի գործով, Հրանտ Բագրատյանին` բռնության կոչերի գործով, Արցախցի քաղաքապետերին` պաշտոնական կեղծիքի ու ավտոմեքենաների գործով, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանին` Պապիկյանի քրեական գործի արտահոսքը կազմակերպելու մեղադրանքով, Իգոր Խաչատուրովին` իշխանության նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով, Իշխան Սաղաթելյանի հորը` ծառայողական անփութության գործով, արցախցի Ալբերտ Առստամյանին` Նիկոլ Փաշինյանի վրա խնձոր նետելու գործով, Աշխեն Ալեքսանյանին` լրտեսության մեղադրանքով, դատավոր Դավիթ Գրիգորյանին, ով Քոչարյանին կալանքից ազատեց և լիազորությունների չարաշահման մեջ մեղադրվեց:

Բազում դասալիքներ են արդարացվել (այն 11 հազարի 10 հազար 990-ը երևի), և բազում գործեր էլ փլվել են դատարանում, բայց դատավորները վախենում են իշխանությունների զայրույթից ու դեռ չեն արդարացնում, ինչպես 3 սրբազանների գործերն են, Դավիթ Համբարձումյանի, Դավիթ Տոնոյանի, Մամիկոն Ասլանյանի գործն է…

Եվ սա հաստատ ամբողջական ցանկը չէ: Մի բան է հաստատ` Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ ոչ միայն որպես պարտություն ու կորուստներ բերած, Արցախ հանձնած և թշնամու առաջ խոնարհված վարչապետ է մնալու, այլ նաև քաղաքական աննախադեպ քանակի հետապնդումներ նախաձեռնած, աննախադեպ քանակի մարդկանց կալանավորած, քաղաքական հակառակորդների դեմ Քրեական օրենսգիրքն անխնա օգտագործած ղեկավար:

Source

Leave a comment