Խնդրում ենք վերանայել Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքն ու նպաստել նրա ազատ արձակմանը. Դասընկերները դիմեցին գլխավոր դատախազին

Ապրիլի 1-ին երկու ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի դասընկերներն իրենց ծնողների հետ ՀՀ գլխավոր դատախազության մոտ են՝ խնդրանքով դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին  վերացնելու իրենց ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը։

Աշակերտները նամակ հանձնեցին գլխավոր դատախազին՝ նշելով, որ Դավիթ Մինասյանի  առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքն ու առողջությունը իրական վտանգի մեջ են, բժիշկների մշտական հսկողության կարիք ունի։

«Այս իրավիճակում նրա նկատմամբ կիրառված կալանքը մարդկային տեսանկյունից դառնում է  ծայրահեղ ծանր և անհամաչափ միջոց։ Մենք հավատում ենք, որ այսպիսի հանգամանքներում առաջնայինը պետք է լինի մարդու կյանքի ու առողջության պաշտպանությունը։

Դավիթ Մինասյանը բարեխիղճ, կիրթ, պատասխանատու աշակերտ է, մշտապես աչքի է ընկել դրական վարքով, կրթության նկատմամբ լրջությամբ, շրջապատի հանդեպ հարգանքով։

Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը մեծ անհանգստություն է առաջացրել ինչպես դպրոցական համայքնում, այնպես էլ հասարակության շրջանում։

Մենք համոզված ենք, որ Դավիթ Մինասյանը հանրային վտանգ չի կարող ներկայացել, արժանի է արդար ու մարդասիրական վերաբերմունքի։ Խնդրում ենք վերանայել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցն ու նպաստել նրա ազատ արձակմանը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակն ու ապահովելով արդարության և իրավականության սկզբունքների պահպանումը։ Վստահ ենք որ ձեր կողմից կընդունվի արդար ու մարդասիրական որոշում»,- նշված է նամակում։

Նամակը ստորագրել են Դավիթի ուսուցիչները, դպրոցի տնօրենը, դասըներները, ծնողները, հասարակության ներկայացուցիչներ։

Դասընկերներից մեկը նշեց, որ իրենց լուռ ակցիաները շարունակվելու են այնքան, մինչև հասնեն  Դավիթ Մինասյանի ազատ արձակմանը։ Իսկ մինչ այս դիմած տարբեր պետական կառույցներից, այդ թվում ՄԻՊ–ից, դեռևս որևէ արձագանք չեն ստացել։

Մարտի 31-ին՝ Ծաղկազարդի օրը,  պատարագից հետո Դավիթ Մինասյանին ձերբակալել էին  Սուրբ Աննա եկեղեցու բակից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով,  ապա մեղադրանք առաջադրել, կալանավորել 2 ամսով։ Դատարանից «Արմավիր» ՔԿՀ չհասած՝ Դավիթը գիտակցության կորուստ էր ունեցել։ Նրան տեղափոխել էին Էջմիածին ԲԿ։ Դավիթին այնուհետև «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ։ Հիմնարկ չհասած՝ կրկին Դավիթը գիտակցության կորուստ է ունեցել, ինչից հետո նրան տեղափոխել են նախ «Աբովյան» ԲԿ, ապա Երևան՝ «Նաիրի» ԲԿ, որտեղ էլ գտնվում է մինչ այժմ։

ՔԿ-ից ավելի հայտնել էին. «2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։

Leave a comment