Բիզնեսի եւ բանկային համակարգի երկխոսություն Լոռու մարզում․ կայացավ ՀԲՄ մարզային համաժողովը

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կայացել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնած «Լոռու մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները» թեմայով մարզային համաժողովը՝ միավորելով բանկային համակարգի, պետական կառույցների եւ բիզնես համայնքի ներկայացուցիչներին։

Ինչպես նշել են ՀԲՄ-ում, համաժողովի նպատակն էր ներկայացնել ՀՀ առեւտրային բանկերի կողմից իրականացվող բիզնեսի ֆինանսավորման գործիքները՝ ներառյալ պետական աջակցության եւ միջազգային ծրագրերի շրջանակում ձեւավորված հնարավորությունները, ինչպես նաեւ քննարկել ֆինանսական հասանելիության ընդլայնման ուղիները։

Բացման խոսքով հանդես եկան ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը եւ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը։

Դանիել Ազատյանի գնահատմամբ՝ մարզային համաժողովները յուրաքանչյուր անգամ ընդլայնում են իրենց ազդեցությունը՝ ապահովելով ավելի մեծ ներգրավվածություն եւ գործընկերային ակտիվություն։

Արսեն Ղարիբյանը կարեւորեց նման ձեւաչափի միջոցառումների դերը մարզի զարգացման գործում՝ նշելով, որ դրանք նպաստում են բիզնես միջավայրի բարելավմանը եւ տնտեսական ակտիվության աճին։

Համաժողովի մեկնարկը տրվեց «Բանկերը եւ բիզնեսը Վանաձորում» էքսպոյով, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու բանկերի ֆինանսավորման ծրագրերին, անմիջական շփում ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ եւ քննարկել իրենց բիզնեսի զարգացման հնարավորությունները։

Համաժողովի շրջանակում անցկացվեցին երկու պանելային քննարկումներ, որոնք դարձան բաց եւ գործնական երկխոսության հարթակներ։
Առաջին քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց բիզնեսի ֆինանսավորման հիմնական մարտահրավերներին եւ զարգացման հնարավորություններին՝ ձեւակերպելով կիրառելի առաջարկներ՝ ուղղված ֆինանսավորման հասանելիության բարելավմանը։

Երկրորդ քննարկման ընթացքում ներկայացվեցին բիզնեսի համար հասանելի ֆինանսավորման հիմնական աղբյուրներն ու գործիքները՝ ներառյալ պետական, բանկային եւ միջազգային մեխանիզմները, ինչը նպաստեց փորձի փոխանակմանը եւ նոր մոտեցումների ձեւավորմանը։

«Համաժողովը եւս մեկ անգամ հաստատեց, որ բիզնեսի եւ բանկային համակարգի արդյունավետ համագործակցությունը կարող է դառնալ տնտեսական աճի, նոր աշխատատեղերի ստեղծման եւ համայնքների զարգացման կարեւոր խթան։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաեւ Լոռու մարզի հաջողության իրական պատմություններ, որոնք ձեւավորվել են բանկերի հետ համագործակցության արդյունքում՝ ընդգծելով վստահության եւ համատեղ աշխատանքի նշանակությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a comment