Panorama.am կայքն ապրիլի 5-ի երեկոյան TikTok սոցիալական ցանցից մի տեսանյութ է տարածել՝ պնդելով, թե Հայաստանում ադրբեջանցիները մեքենա վարելով՝ ցուցադրաբար Ադրբեջանը փառաբանող երգ են միացրել։
Տեսանյութում երևում է, որ ադրբեջանցի վարորդը հետապնդում է հայկական պետական համարանիշներով ավտոմեքենայի։ Դրա վրա գրված է․ «[ՀՀ վարչապետ] Նիկլոլ [Փաշինյանի] խաղաղությունը Հայաստանումա արդեն մնացածը դուք մտածեք ինչ հետևանքներա ունենալու»:
Կայքը տեսանյութը տարածել է իշխանությունների նկատմամբ ատելության խոսք պարունակող բովանդակություն ստեղծող @nikolaraliyevich քարոզչական էջից։ Այնտեղ տեսանյութը հավաքել է մոտ 43 հազար դիտում։
Սակայն, դրա իրական սկզբնաղբյուրը TikTok-յան օգտատեր @ravokhalilov1 էջն է։
«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով տեսանյութի մանրամասները, պարզել է, որ այն Հայաստանում չի նկարահանվել։
Մասնավորապես, տեսանյութում երևում են ճանապարհային այնպիսի նշաններ, որոնք Հայաստանում չեն կիրառվում։
Օրինակ ձախ կողմում՝ վճարովի կայանման նշան է՝ P, դրա տակ լրացուցիչ տեղեկատվական վահանակ (օրինակ՝ վճարովի, ժամանակային սահմանափակում կամ հատուկ պայմաններ)։
Հաջորդ նշանը նշանակում է ոստիկանության կողմից վերահսկվող/պարեկվող տարածք, ինչը ևս չկա Հայաստանում։
Այսպիսով, TikTok-յան էջի ու Panorama.am-ի պնդումը, թե տեսանյութը նկարահանվել է Հայաստանում չի հաստատվում փաստերով։
Ատելության խոսք ու կեղծիք․ ի՞նչ է տարածում @nikolaraliyevich էջը
FIP.am-ն ուսումնասիրել է TikTok-յան էջն ու պարզել, որ այն ստեղծում է ՀՀ իշխանություններին թիրախավորող՝ ատելության խոսքի վրա հիմնված բովանդակություն։ Այն ունի ավելի քան 3000 հետևորդ։
Դրա գործունեության տարածքը Հայաստանն է, առաջին տեսանյութը հրապարակել է 2023 թվականին:
Էջի ստեղծած տեսանյութերի թիրախում ոչ միայն իշխանության ներկայացուցիչներն են, այլ նաև շարքային քաղաքացիներ, որոնք պիտակավորվում են իրենց քաղաքական հայացքների համար։
Այն ստեղծում ու տարածում է նաև կեղծ լուրեր․ օրինակ տեսանյութերից մեկում, որն ունեցել է ավելի քան 120 000 դիտում, կոչ է արվում անհապաղ բանկային հաշիվներից կանխիկացնել դրամական միջոցները, «քանի որ հնարավոր է՝ չկարողանան կառավարել դրանք»։
Նանե Մանասյան
The post Ադրբեջանը փառաբանող երգով ադրբեջանցի վարորդի տեսանյութը ՀՀ-ում չի նկարվել․ Panorama.am-ի պնդումը կեղծ է appeared first on FIP.AM.