Մահացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը

Մահացել է հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանը


ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Մահացել է հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանը։


Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։


«Վաախ պապ ջան դու գնացիր անմիջապես Աստծո մոտ,Սուրբ Հարության օրը,հոգիդ թող արծվի պես ազատ և խաղաղ ճախրի երկնքով»,-գրել է նա։


Հայ գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանը ծնվել է 1935 թվականի փետրվարի 10-ին, Ստեփանակերտում։ Նա ԽՍՀՄ սպորտի վարպետ է եղել (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ՝ 1972 թվականից։


Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական թղթակիցը Հայաստանում, «Բայկալյան շարժում», միջազգային էկոլոգիական կազմակերպության համանախագահ։ Հայ դատի և Արցախի հարցի արդար լուծմանը զինվորագրվել է 20-րդ դարի 1960-1970-ականներին։ Իր հեղինակած «Օջախ» գրքում անդրադարձել է Հայաստանի, Նախիջևանի և Արցախի թեմային, որի համար հարձակումների է ենթարկվել ոչ միայն թուրք-ադրբեջանական պատմաբանների, այլև ԼՂԻՄ մարզկոմի ադրբեջանամետ ղեկավարության կողմից։


1992-1995 թթ.-ին եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։


1990 թվականի սեպտեմբերի 20-29-ին Մոսկվայում իր հյուրանոցային համարում հայտարարել է հացադուլ՝ բողոքելով «ԼՂ-ում տեղի ունեցող անօրինականությունների և Մ. Գորբաչովի անգործության դեմ» և պահանջել, որ վերականգնվեն ԼՂԻՄ-ի իրավական-վարչական մարմինները, նրա սահմանադրական իրավունքները։


 


 

Leave a comment