Եթե ժամանակակից Հայաստանը փորձեինք նկարագրել միայն այդ երեկո, ապա այն, կունենար բավական պարզ սյուժե․ մարդիկ, որոնք նկարում են մարդկանց, որոնք նկարում են լուսանկարներ։ Սրահում գրեթե ամեն քայլափոխի ինչ-որ մեկը ֆիքսում էր մեկ ուրիշի ֆիքսածը, ցուցահանդեսը պատերին չէր, այլ օդում՝ անընդհատ վերարտադրվող պատկերների մեջ։
Մի պահ նույնիսկ թվում էր, թե սա էլ է ցուցադրության մաս․ ժամանակակից Հայաստանը՝ որպես անվերջ փաստագրում, որտեղ ապրելուց ավելի կարեւոր է ֆիքսելը, իսկ իրականությունից առաջ է ընկնում դրա պատկերը։
Ապրիլի 3-ին «ՀայԱրտ» կենտրոնում բացվեց “What does contemporary Armenia look like?” լուսանկարչական ցուցահանդեսը, որը նախաձեռնել է Karmir Film Lab-ը։ Այն ներկայացնում է 36 հեղինակների աշխատանքներ՝ ընտրված շուրջ 200 հայտից, եւ բաց կլինի մինչեւ ապրիլի 13-ը։
Ցուցահանդեսը փորձում է անդրադառնալ ժամանակակից Հայաստանի ընկալման հարցին՝ առանց այն միանշանակ ձեւակերպելու։ Նախագծի առանցքում պատկերի եւ տեքստի տարբերությունն է․ եթե տեքստը ձգտում է բացատրել եւ մեկնաբանել, ապա լուսանկարը ֆիքսում է ներկայությունը՝ առանց ուղիղ մեկնաբանության։ Այդ պատճառով հեղինակների տեքստերը ներկայացված են առանձին՝ բուկլետների ձեւաչափով, իսկ պատերին տեղադրված են միայն լուսանկարները։
Ցուցահանդեսի կազմակերպիչը՝ Ալեքսեյ Կոմոզան, նշում է, որ այս ձեւաչափը նախորդ նախագծի վերանայումն է․ «Երկու տարի առաջ կազմակերպել էինք «Փողոցային լուսանկարչությունը Հայաստանում» մրցույթ եւ հասկացանք, որ թեման սահմանափակ էր եւ որոշակիորեն կաշկանդում էր մասնակիցներին։ Այս անգամ փորձել ենք հանել բոլոր սահմանափակումները՝ թողնելով միայն «ժամանակակից Հայաստան» ընդհանուր ձեւակերպումը»։
Նրա խոսքով՝ հայտերի ընտրության գործընթացում հստակ չափանիշներ չեն սահմանվել․ «Ժյուրիի յուրաքանչյուր անդամ իր ձեւով էր ընկալում ժամանակակիցությունը եւ գնահատում՝ արդյո՞ք տվյալ աշխատանքը խոսում է այդ թեմայի մասին։ Արդյունքում ստացվել է տարբեր հայացքների համադրություն»։
Նախագծի համադրողներն են Սաշա Մադմուազելը, Իլյա Պիլիպենկոն, Միտյա Լյալինը եւ Ալեքսեյ Կոմոզան։
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները ընտրված են ոչ թե «լավագույնի», այլ համադրության սկզբունքով՝ հաշվի առնելով, թե ինչպես են դրանք աշխատում միմյանց հետ նույն տարածքում։ Կազմակերպիչների ձեւակերպմամբ՝ սա ավելի շատ փորձ է երկխոսության հարթակ ստեղծել, քան վերջնական պատասխաններ տրամադրել։
Սրահում նկատելի է նաեւ օտարերկրյա հեղինակների եւ այցելուների ներկայությունը։ Դրսի հայացքը, ինչպես նշում են կազմակերպիչները, կարեւոր դեր ունի թեմայի բացահայտման մեջ՝ հաճախ առաջարկելով այլ դիտանկյուններ։
Լուսանկարներում հաճախ հանդիպում են քաղաքային առօրյայի տեսարաններ՝ մարդկանց, փողոցների եւ պատահական դրվագների միջոցով։ Դրանց զուգահեռ ներկայացված են լքված տարածքներ, մաշված կամ կիսաքանդ շենքեր, ինչպես նաեւ բնության եւ բաց տարածությունների պատկերներ։ Այս համադրությունը ստեղծում է բազմաշերտ պատկեր, որտեղ միաժամանակ առկա են թե՛ անցյալի հետքերը, թե՛ ներկայի շարժը։
Կազմակերպիչների խոսքով՝ ցուցադրությունը «դիտավորյալ» բաց է մեկնաբանությունների համար եւ կարող է տարբեր ձեւերով վերադասավորվել՝ ստեղծելով նոր իմաստներ։
Սրահի մի հատվածում տեղադրված է սեղան, որտեղ ներկայացված են լրացուցիչ լուսանկարներ․ այցելուները կարող են դրանք վերցնել եւ իրենց ցանկությամբ տեղադրել ցուցասրահում։ Հետո մյուս այցելուները կարող են փոխել այդ դասավորությունը՝ ստեղծելով նոր համադրություններ։
Այսպիսով, ցուցահանդեսը գտնվում է մշտական շարժման մեջ՝ կառուցվածքը ձեւավորվում է ոչ միայն համադրողների, այլեւ դիտողների մասնակցությամբ։
Նախագծի շրջանակում նախատեսվում է նաեւ ֆոտոգրքի թողարկում, որը կամփոփի ներկայացված աշխատանքները եւ կծառայի որպես հետագա համեմատության հիմք՝ ժամանակի ընթացքում Հայաստանի ընկալման փոփոխությունները դիտարկելու համար։
«Ժամանակակից Հայաստանը տարբեր հայացքների գումար է, եւ հենց դրա մասին է մեր ցուցահանդեսը՝ լուսանկարիչների ու ընդհանրապես մարդկանց տարբեր ընկալումների համադրությունը։ Ինքը՝ «ժամանակակիցությունը», շատ դժվար է սահմանել, եւ հաճախ այն ավելի լավ են նկատում նրանք, ովքեր այդ վայրին չեն պատկանում։ Երեւի, հենց այդ անհնարինությունը՝ հստակ ձեւակերպելու, եւ այն, որ ժամանակակիցությունը երբեմն միայն հեռվից է տեսանելի, այն է, ինչ մենք փորձում էինք որսալ»։
Ցուցահանդեսը գործելու է «ՀայԱրտ» կենտրոնում մինչեւ ապրիի 13-ը։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի