ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի․ «Կյանքի խոսքի» և Արթուր Սիմոնյանի իրավունքները խախտվել են

Հասարակություն

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի․ «Կյանքի խոսքի» և Արթուր Սիմոնյանի իրավունքները խախտվել են

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է « Կյանքի խոսք ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցին և Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։

 Եվրոպական դատարանը ճանաչել է Դիմումատուների արդար դատաքննության իրավունքի խախտումը և Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել վճարել փոխհատուցում։

 

Գործի հիմքում «Իրավունք Հետաքննություն» շաբաթաթերթում 2011 թ հոկտեմբերին  հրապարակված  հոդվածներ են։ Դրանցում թիրախավորվել էր «Կյանքի խոսք» եկեղեցին և դրա ղեկավար Արթուր Սիմոնյանը։ Հոդվածների առանցքում հայտնի դերասանուհու շուրջ ծագած սկանդալն էր, որի համատեքստում կազմակերպությունը որակվել էր որպես «աղանդ», իսկ դրա հետևորդները՝ «աղանդավորներ»։

 

Եկեղեցին և Արթուր Սիմոնյանը դիմել էին ներպետական դատարաններ՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով, սակայն հայցերը մերժվել էին։

 

Դիմումատուները ՄԻԵԴ-ում բարձրացրել էին երկու հիմնական հարց `

 

Դատարանի մատչելիության իրավունք (Կոնվենցիայի 6-րդ հոդված). ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել էր վարույթ ընդունել նրանց բողոքը զուտ տեխնիկական սխալի պատճառով, ինչը դիտարկվել էր որպես անհամաչափ սահմանափակում։

 

Կրոնի ազատություն (Կոնվենցիայի 9-րդ հոդված). Դիմումատուները պնդում էին, որ հայաստանյան դատարանները խախտել են պետության չեզոքության սկզբունքը։ Մասնավորապես, դատարաններն արդարացրել էին «աղանդ» և «աղանդավոր» բառերի օգտագործումը՝ պատճառաբանելով, թե այդ կազմակերպության համոզմունքները շեղվում են գերիշխող Հայ Առաքելական եկեղեցու դավանանքից։

 

ՄԻԵԴ-ի որոշումը

Եվրոպական դատարանը արձանագրել է 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում (արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունք)։

 

 Դատարանը գտել է, որ զուտ տեխնիկական հիմքով բողոքը չքննելը զրկել է դիմումատուներին իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունից։

 

Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուներին վճարել 

3,600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,

1,000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Leave a comment