Նրանք թքած ունեն, թե այդ կեղտոտ ճանապարհին քանի մարդ է զոհաբերվելու. պետք է կտրուկ գործողություններ անել. Սաֆարյանը՝ ընտրակաշառք բաժանելու մասին

Նրանք թքած ունեն, թե այդ կեղտոտ ճանապարհին քանի մարդ է զոհաբերվելու. պետք է կտրուկ գործողություններ անել. Սաֆարյանը՝ ընտրակաշառք բաժանելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երբ 2021 թվականին խորհրդարանական ընտրություններ էին տեղի ունենում և քննչական մարմինները կրկին հրապարակում էին տարբեր ձայնագրություններ, որոնք վերաբերում էին «Հայաստան» դաշինքի կամ «Պատիվ ունեմ»-ի կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքերին, այդ ժամանակ ակնհայտ էր, որ եթե այդ քաղաքական ուժերը գրանցված չլինեին և հասկանային, որ այլևս տեղ չկա մարդկանց քվեն գնելու համար, այսօր չէինք ունենա այս պատկերը: Սա շատ մտահոգիչ է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին ընտրակաշառք տալու վերաբերյալ հրապարակված ձայնագրություններին՝ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով՝ նման ուժերի գործունեությունը պետք է արգելվի, նրանք պետք է չգրանցվեն. «Այն տպավորությունն է, որ ընտրակաշառք բաժանող թիմերն իրենց անդամներին ասել են՝ ինչ ուզում եք արեք, տեր ենք կանգնելու, խնդիրը լուծելու եք հունիսի 7-ին, դրանից հետո ազատ եք արձակվելու: Անպատժելիությունը խթանվում է այս ուժերի կողմից, որովհետև իրենք շարունակում  են համարել, որ այդ մեթոդներով ներկայացված են լինում խորհրդարանում, Վաղարշապատի ավագանիում: Նրանք ռեպուտացիա չունեն, բարի համբավ էլ չունեն, որ մտածեն բարի համբավի մասին: Նրանք նաև թքած ունեն, թե այդ կեղտոտ ճանապարհին քանի մարդ է զոհաբերվելու, քաղաքացիներ, որոնց ծուղակն են գցել, այս վիճակը պետք է մտահոգիչ լինի բոլորի համար»:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ նրանք թքած ունեն պետության վրա էլ, ժողովրդի վրա էլ. «Միջազգային հանրապետական ինստիտուտի արած հարցումները ցույց են տալիս, որ դեռևս հասարակության մեջ ունենք խոցելի խավ, որոնք հուսահատված են, իսկ այդ դեպքում առուծախի մթնոլորտ ստեղծելը քվեի շուրջ հնարավոր է դառնում, իրենք մտածում են, որ այդ ընտրակաշառքը փոքր խնդիր լուծելու հնարավորություն է: Մենք ունենք մինչև 30 տոկոս ընտրազանգված, որոնց համար անցյալում ապրելու ձևը ոչ միայն նորմալ է եղել, այլև՝ նախընտրելի: Այդ խավի համար նախկին մեթոդները՝ ծեծը, ջարդը, գողանալը, գռփելը նորմալ է, իրենք այդ քաղաքական ուժերին քվեարկում են, «Հայաստան» խմբակցության, «Պատիվ ունեմ»-ի մասին է խոսքը: Իրենք այդ դաշտն ունենալու են, դրա համար կտրուկ գործողություններ պետք է անել»:

Անդրադառնալով «Մեր ձևով»-ի այն հայտարարություններին, որ իրենք նախկինների հետ կապ չունեն՝ քաղաքագետն ասաց. «Նրանք ամեն ինչում իրար հետ են եղել, ինչպես կապ չունեն իրար հետ: Սամվել Կարապետյանի եղբայրը եղել է Հանրապետական խմբակցության ղեկավարը: Ինչքան էլ բեմականացումներ լինեն, որ Սերժ Սարգսյանի հետ լավ չեն, Հանրապետականների հետ լավ չեն, համոզիչ չի: Եթե կապ չունեն, ինչու են Քոչարյանը, Սարգսյանը և Կարապետյանը միաժամանակ դառնում Սրբազան շարժման աջակիցները, բոլորն ուղղակի դարձան եկեղեցասե՞ր, ոչ»:

Խոսելով նաև ՀՀ ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակի մասին՝ Սաֆարյանը նշեց. «Ցուցակները խառնվում են, քոչարյանականներից ոմանք գնում են Ծառուկյանի ցուցակ, ոմանք գնում են «Մեր ձևով»-ի ցուցակ, հակառակն էլ է տեղի ունենում, բոլորը գաղթում են տարբեր ցուցակներ, որպեսզի հետո կարողանան բոլորին հավաքել ու անել իրենց սև գործը: Ընդդիմությունը գիտի, որ առանձին-առանձին վերցրած իշխանությունը վերցնելու շանս չունեն: Երկու պլան ունեն. հասնել «Գյումրի 2» օպերացիային, երկրորդը՝ եթե դա չհաջողվի, երկիրը ներքաշել քաղաքական ճգնաժամի մեջ և հետընտրական զարգացումներ գեներացնել:  Այդ երկու պլանում ո՛չ ուժեղ Հայաստան կա, ո՛չ Հայաստան կա: Այս բոլոր ուժերը ռուսամետ ուժեր են»:

Leave a comment