Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանում պահանջել է տվյալներ տրամադրել այն մասին, թե ինչ հիմքով են իրականացվել Բագրատ Սրբազանի և մյուս անձանց գաղտնալսումները։
Համապատասխան միջնորդությունը փաստաբանը ներկայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթացող դատական նիստում։ Խուդոյանի արձանագրմամբ՝ գործն ամբողջությամբ ապօրինի է։ Նա ընդգծել է, որ եթե իրավապահ մարմինները չեն ունեցել վարույթ նախաձեռնելու և անձանց գաղտնալսելու իրավական հիմքեր, ապա դրան հաջորդած բոլոր գործողությունները ևս ապօրինի են։
«Շատ պարզ հարց ենք բարձրացնում՝ արդյո՞ք գործի նախաձեռնումը եղել է օրինական։ Ինձ համար անհասկանալի է հանրային մեղադրողի այն դիրքորոշումը, թե պետք է նախ ապացույցները հետազոտել, ապա վերջում անդրադառնալ հիմքերին։ Բնականաբար, եթե իրավապահ մարմինները դատարանին չեն ներկայացնում համապատասխան տվյալներ, դրանց բացակայության պայմաններում գործի քննությունն ընդհանրապես դառնում է անիմաստ, և որևէ ապացույց չի կարող հետազոտվել։
Դատարանի, հանրային մեղադրողի և պաշտպանների աշխատաժամանակը, ինչպես նաև ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, ուղղակիորեն կախված են այն հանգամանքից՝ արդյո՞ք այս գործը կարող է շարունակվել։ Իսկ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումը հստակ է՝ տվյալները բավարար են եղել, թե ոչ։ Իրավական տեսանկյունից հանրային մեղադրողների մոտեցումն անհասկանալի է, իսկ քաղաքական հետապնդման տեսանկյունից՝ լիովին հասկանալի»,- նշել է Խուդոյանը։
Բագրատ Սրբազանը միացավ պաշտպանի միջնորդությանը և իրենց նկատմամբ դատաքննությունը համեմատեց 2000 տարի առաջ այս օրը տեղի ունեցած դատի հետ Հիսուսի նկատմամբ։«Ինձ համար շատ կարևոր և խորհրդանշական օր է, և կարծում եմ՝ ոչ միայն ինձ համար, այս դահլիճում և նրա սահմաններից դուրս գտնվող յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ 30 տարի շարունակ այս օրը եղել է առանձնահատուկ նշանակություն ունեցող օր՝ իմ ընտանիքի կյանքում։ 9 ամիս է արդեն ես կալանավորված եմ, փառք Տիրոջն այս շնորհի համար, որ ինձ տվել է, որովհետև մենք նախընտրել ենք կապանքների մեջ գտնվել Քրիստոսի համար, մեր հայրենիքի համար, քան թե նրա հետ գտնվել փառքի մեջ, նախընտրել ենք չարչարակից լինել նրա խաչին, քան թե նրա հետ միասին վայելել արքայության վարձատրությունը, և մի քանի օրից կլրանա այն ժամանակահատվածը, որ ես 5-րդ տաղավար, Սուրբ Հարության տոնը կանցկացնեմ առանձնության մեջ՝ ինձ համար նախախնամությամբ բաժին ընկած հատվածում։ Այսօր Ավագ Հինգշաբթի է, բայց մինչ այդ պնդում եմ, որ այն, ինչ պաշտպան Խուդոյանը ներկայացրեց, մեր պաշտպանները իրենց կողմից պնդեցին, որ տեղի ունենա, դա տեղի ունենա։ Մենք այստեղ հիմնավոր իմաստով խոսում ենք բացարձակ առանձնահատուկ նշանակություն, հանրային նշանակություն ունեցող դեպքի մասին, որը ոչ միայն ժամանակի մեջ է գնահատվելու, այլև ապագայում»- ասաց Սրբազանը։