Ալիեւը «Զանգեզուրի միջանցք»-ի ամբողջական իրականացման հույս ունի

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Միջին միջանցքը բխում է բոլոր թյուրքական պետությունների շահերից»։

Ինչպես հաղորդում է Trend-ը, այսօր Բաքվում ընդունելով Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման մասնակիցներին, Ալիեւը, մասնավորապես, ասել է.
«Այսօր մեր բոլորի առջեւ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը մեր տրանսպորտային, լոգիստիկ եւ տարանցիկ հնարավորությունների ընդլայնումն է։ Հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Միջին միջանցքը, Անդրկասպյան միջանցքը, Զանգեզուրի միջանցքը եւ այլ նախագծեր է՛լ ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում։
Ադրբեջանի տարածքում աշխատանքների մեծ մասն արդեն իրականացված է։ Ե՛վ երկաթուղիները, եւ՛ Բաքվի առեւտրային նավահանգիստը, մեր մայրուղիները, օդանավակայանները՝ ողջ տրանսպորտային ենթակառուցվածքը բերվել է պատրաստ վիճակի։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, ապա ավտոմոբիլային ճանապարհը պատրաստ է գրեթե 90 տոկոսով, իսկ երկաթուղին՝ մոտ 70 տոկոսով։ Հույս ունեմ, որ մոտ ապագայում այս նախագիծն ամբողջությամբ կիրականացվի։
Մենք գիտենք եւ շատ ուրախ ենք, որ Թուրքիայում մեկնարկել է Կարս-Նախիջեւան երկաթգծի շինարարությունը։ Այս նախագծերի համակարգված իրականացումը նոր կարեւոր միջազգային միջանցք կբացի։ Այն կդառնա Միջին միջանցքի ճյուղերից մեկը, եւ մեր կողմից կառուցվող երկաթուղային ենթակառուցվածքն առաջին փուլում նախատեսված է 15 միլիոն տոննա բեռների փոխադրման համար։
15 միլիոն տոննա թողունակությամբ նոր միջանցքի բացումը հսկայական նշանակություն ունի ինչպես մեր երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրության համար։ Եվ մենք ցուցաբերում ենք շատ լուրջ ու պատասխանատու դիրքորոշում՝ ապահովելով ինչպես սեփական շահերը, այնպես էլ աշխարհի առջեւ բացելով նոր տրանսպորտային երթուղիներ։ Այսինքն՝ սա եւս մեկ անգամ փաստում է, որ մեր երկրների եւ մեր կազմակերպության նպատակը խաղաղությունն է, համագործակցությունը, անվտանգությունը, փոխադարձ հարգանքը եւ ընդհանուր շահերը»։

Leave a comment