Արամ Ազատյան. Finbox-ը «մուլտիբանկ» եւ անկախ բանկոմատային ցանց է, որը ծառայում է բոլորին

Finbox-ը Հայաստանի առաջին եւ միակ անկախ բանկոմատային ցանցն է, որն ապահովում է կանխիկի մուտքագրման (cash-in/bulk cash-in) ու ելքագրման (cash-out) գործարքների լայն հասանելիություն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: 

Banks.am-ը զրուցել է Finbox վճարահաշվարկային ընկերության հիմնադիր եւ տնօրեն Արամ Ազատյանի հետ ընկերության ստեղծման պատմության, հայկական ֆինանսական շուկա բերած տեխնոլոգիական լուծումների եւ նորարարությունների մասին:

– Պարոն Ազատյան, Դուք ավելի քան 15 տարի ղեկավարել եք վճարահաշվարկային ոլորտի առաջատար ընկերություններից մեկը: Ինչո՞ւ որոշեցիք ստեղծել Ձեր սեփականը, եւ ո՞րն է այն նորությունը, որ Finbox-ը բերում է շուկա:

–  15 տարի նույն տեղում աշխատելուց հետո, կարելի է ասել, հասունացել էր այդ պահը, առաջացել էր ավելի զարգանալու ցանկություն։ Finbox-ը մենք կառուցում ենք շուրջ 2 տարի եւ արդեն դուրս ենք եկել գործարկման փուլ․ տեղադրել ենք բանկոմատները՝ ստանալով հետաքրքիր պրոդուկտ։

Finbox-ն այսօր Հայաստանում միակ վճարահաշվարկային ընկերությունն է, որն ունի բանկոմատներ, որոնց միջոցով կատարվում են կանխիկացման (cash-out) գործարքներ՝ ArCa, Visa եւ Mastercard վճարային համակարգերի քարտերով, ինչպես նաեւ ընդունվում են վճարումներ (cash-in), այդ թվում՝ կապոցներով (bulk cash-in)։ Finbox-ի բանկոմատը թույլ է տալիս մեկ գործարքով մուտքագրել մինչեւ 200 տարբեր արժողության թղթադրամ՝ դրանք ավտոմատ հաշվարկելով եւ ճշգրիտ մուտքագրելով։

Փաստորեն, մեկ սարքում կարողացել ենք համատեղել թե՛ վճարումների մուտքը, թե՛ կանխիկացումը։ Finbox-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն «մուլտիբանկ» է, այսինքն՝ օգտվողը կարող է ցանկացած բանկի քարտով կատարել գումարի մուտքագրման եւ կանխիկացման գործարքներ։ 

– Որպես ոլորտի փորձառու մասնագետ՝ ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի ֆինթեք շուկայի ներկա վիճակը, եւ արդյո՞ք այն պատրաստ էր Finbox-ի առաջարկած լուծումներին:

– Շուկան ավելի քան պատրաստ էր։ Որպես կանոն՝ ֆինթեքը հաճախորդներին ֆինանսական ծառայություններ մատուցող բանկային հավելվածներն են։ Եթե մի քանի տարի առաջ մեր շուկայի առանձնահատկությունն այն էր, որ հենց վճարահաշվարկային ընկերություններն էին իրենց հավելվածներով թելադրում նորարարությունները եւ բանկային հավելվածների զարգացումը, ապա այսօր որոշակի փոփոխություն է տեղի ունեցել: Բանկերից շատերն ունեն ժամանակակից, հարմարավետ հավելվածներ, որոնք նաեւ հագեցած են բանկային պրոդուկտներով։ Այս տեսանկյունից կարելի է ասել, որ Հայաստանի ֆինանսական շուկան, հաճախորդներին տրամադրվող ֆինանսական գործիքակազմի առումով, առաջատարներից է։

Արամ Ազատյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Finbox-ը բանկերին առաջարկում է բանկոմատը որպես ծառայություն՝ ATM as a Service մոդելով: Որպես անկախ բանկոմատային ցանց՝ այն բանկերին առաջարկում է կանխիկի սպասարկման ամբողջական աութսորսինգ։ Մեզ հետ համագործակցելով՝ բանկը կարող է բանկոմատների սպասարկումը տեղափոխել թվային հարթություն՝ վճարելով միայն միջբանկային միջնորդավճար, ինչը սովորականից ավելի մատչելի է, եւ միաժամանակ ստանալ լայնածավալ ցանց թե՛ cash-in, թե՛ cash-out գործարքների համար։

Այսինքն՝ բանկերը ստանում են ամբողջական, պատրաստի լուծում՝ ազատվելով կազմակերպչական եւ տեխնիկական բեռից։ Բացի այդ, Finbox-ում ներդրված են ժամանակակից լուծումներ, այդ թվում՝ նույնականացում imID համակարգի միջոցով, ինչը թույլ է տալիս նույնականացնել օգտատերերին՝ համաձայն ԿԲ-ի պահանջների:

– Շատերը սովոր են ավանդական բանկային մոդելներին: Ո՞րն է Finbox-ի կոնցեպտուալ տարբերությունը, եւ ինչպե՞ս է դա օգնում բանկերին օպտիմալացնել իրենց ծախսերը:

– Finbox-ի հիմնական տարբերությունը ATM as a Service մոդելն է, որը հնարավորություն է տալիս բանկերին օգտվել անկախ բանկոմատային ցանցից՝ առանց սեփական ցանց կառուցելու։ Այս մոդելը լուծում է մի շարք խնդիրներ․ բանկերն ազատվում են բանկոմատների պահպանման եւ սպասարկման բարձր ծախսերից, իսկ հաճախորդները ստանում են ավելի լայն հասանելիություն եւ հարմարավետություն՝ գործարքների համար օգտվելով Finbox-ի բանկոմատներից 0% միջնորդավճարով:

Finbox-ը մշակել է ճկուն սակագնային մոդելներ, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր բանկի ընտրել իրեն հարմար տարբերակը՝ կախված ռազմավարությունից եւ կարիքներից։ Արդյունքում արդեն կան դեպքեր, երբ բանկերը հրաժարվում են իրենց հին բանկոմատներից, եւ դրանց փոխարեն տեղադրվում են Finbox-ի սարքեր, ինչը նրանց համար ծախսերի զգալի նվազում է ապահովում:

Նախքան նախագիծը գործարկելը ակտիվ քննարկումներ ենք ունեցել բանկերի, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի հետ։

– Ի՞նչ տեխնիկական լուծումներով եւ անվտանգության ինչպիսի՞ համակարգերով է հագեցած Finbox ցանցը։

– Finbox-ի ցանցն ամբողջությամբ կառուցված է աշխարհահռչակ GRG Banking ընկերության բանկային լուծումների վրա։ Այն համարվում է աշխարհի ամենախոշոր եւ ամենաարագ զարգացող բանկոմատ արտադրողներից մեկը։ Մենք հիմնվել ենք այս ժամանակակից լուծումների վրա, ինչպես նաեւ ստացել համապատասխան արտոնագրեր ու սերտիֆիկատներ ArCa պրոցեսինգային կենտրոնից։ 

Finbox-ի բանկոմատներն աշխատում են Windows 11 օպերացիոն համակարգով, ինչը մեր շուկայում դեռեւս հազվադեպ հանդիպող լուծում է եւ թույլ է տալիս ապահովել անվտանգության ավելի բարձր մակարդակ։ Իսկ ֆիզիկական անվտանգությունն ապահովվում է հատուկ պահպանիչ ներկանյութերով։

– Finbox-ի հիմնական առանցքներից մեկը «անկախ բանկոմատային ցանցն» է: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես է այն աշխատում ֆիզիկական անձանց եւ բիզնեսների համար:

– Մենք ստեղծել ենք մի սիներգետիկ կենտրոն երեք հիմնական սեգմենտների համար։

Առաջինը B2C-ն է, այսինքն՝ ֆիզիկական անձինք, որոնք հնարավորություն են ստանում թե՛ համալրել իրենց հաշիվները, թե՛ կատարել կանխիկացման գործարքներ՝ 0% միջնորդավճարով։ 

Երկրորդը B2B սեգմենտն է․ բիզնեսները, որոնք աշխատում են կանխիկի հետ, կարող են կապոցներով մուտքագրել գումարը եւ անմիջապես տնօրինել այն իրենց բանկային հաշիվներում։

Երրորդը B2F (Business-to-Finance) սեգմենտն է, այսինքն՝ բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները, որոնց համար ATM as a Service մոդելի շրջանակում տրամադրում ենք բանկոմատային աութսորսինգի ծառայություններ։

Այսպիսով, մենք ստեղծել ենք անկախ բանկոմատային ցանց, որը ծառայում է բոլորին:

–  Ինչպե՞ս է զարգանալու Finbox-ի բանկոմատների ցանցի աշխարհագրությունը։ 

– Քանի որ նոր ենք սկսել, Finbox-ի ներկայիս գործունեությունը հիմնականում կենտրոնացած է Երեւանում։ Սակայն մեր զարգացման պլանով նախատեսված է, որ մինչեւ 2027 թվականի վերջ պետք է ապահովենք հանրապետության ամբողջական ծածկույթը, ներառյալ հեռավոր գյուղական համայնքները, որտեղ այս պահին բանկոմատներ ընդհանրապես չկան։ 

2027 թվականի վերջում նախատեսում ենք մեր ցանցը հասցնել մինչեւ 200 բանկոմատի։

– Այսօր շատ է խոսվում «անհետացող» կանխիկի մասին: Ինչպե՞ս է Finbox-ը կամրջում կանխիկ եւ թվային տնտեսությունները։

– Այո, այսօր պետության ռազմավարական խնդիրներից մեկն է խթանել անկանխիկ գործարքների աճը՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ կարգավորող մեխանիզմներով։ Սակայն պետք է հասկանալ, որ կանխիկն ամբողջությամբ «սպանելը» գրեթե անհնար է: Նույնիսկ «ամենաանկանխիկ» երկրներում քարտային գումարների մի մասը՝ մոտ 25-30%-ը, վերջում կանխիկացվում է։ 

Արամ Ազատյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ես հաճախ եմ ասում՝ գոյություն չունի առանց կանխիկի տարրի փողային էկոհամակարգ: Միեւնույն ժամանակ պետք է հասկանալ, որ կանխիկի նվազման միտումներն էլ ավելի են թանկացնում դրա սպասարկումը, քանի որ բանկերի ծախսերի մեծ մասը ֆիքսված է։ Եթե բանկոմատը սկսում է ավելի քիչ գործարքներ սպասարկել, միեւնույն է, դրա ամորտիզացիան եւ ֆիքսված ծախսերը մնում են բանկերի վրա։ 

Այս պայմաններում անկախ բանկոմատային ցանցի մոդելը թույլ է տալիս ապահովել կանխիկի ավելի մատչելի հասանելիություն։ Մեր մոտեցումն այն է, որ մատչելի կանխիկը նպաստում է անկանխիկ վճարումների աճին։ Օրինակ՝ եթե մարդն իր բանկի բանկոմատը գտնում է դժվարությամբ, նա հաճախ կանխիկացնում է ավելի մեծ գումար, քան անհրաժեշտ է, որպեսզի երկրորդ անգամ չգնա, եւ արդյունքում այդ կանխիկը շարունակում է շրջանառվել։

Եթե կանխիկը հասանելի է ցանկացած պահի եւ առանց միջնորդավճարի, մարդը կանխիկացնում է միայն անհրաժեշտ գումարը եւ ավելի հաճախ նախընտրում է անկանխիկ վճարումները։ 

Այսպիսով, մեր առաքելությունն է մատչելի կանխիկի միջոցով խթանել անկանխիկ վճարումների աճը։

– Ո՞րն է լինելու Finbox-ի հաջորդ քայլը: Արդյո՞ք նախատեսում եք դուրս գալ տեղական շուկայից։

– Մենք համարում ենք, որ մոտակա երեք տարիներին Հայաստանում դեռ շատ անելիք ունենք․ մեր հիմնական ֆոկուսն այստեղ է։ Միեւնույն ժամանակ մենք ստեղծել ենք մի մոդել, որը կարող է աշխատել ցանկացած երկրում։ 

Այս պահին իրականացնում ենք որոշակի ուսումնասիրություններ եւ արդեն բանակցում ենք տարբեր ներդրողների հետ, որոնց հետաքրքրել է մեր մոդելը։ Շատ հնարավոր է, որ ապագայում մեր լուծումները ներկայացնենք նաեւ Հայաստանից դուրս։

– Եթե մի պահ մի կողմ դնենք թվերն ու բիզնեսը, ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում Արամ Ազատյան ղեկավարը, որոնք երբեք չեն փոխվել այս տարիների ընթացքում:

– Ժամանակակից բիզնես միջավայրում հնարավոր չէ լինել լավ առաջնորդ առանց սեփական անձի վրա աշխատելու եւ ինքնակրթվելու։ Ես ունեմ մի պարզ սկզբունք՝ ամեն օր լինել մի փոքր ավելի լավը, քան երեկ։ Սա օգնում է թե՛ մոտիվացնել թիմին, թե՛օրինակ լինել հատկապես երիտասարդ սերնդի համար, քանի որ աշխարհն արագ է փոխվում, եւ ամեն օր նոր բան սովորելու հնարավորություն կա։ Շատ երջանիկ եմ, որ ապրում եւ աշխատում եմ իմ երկրում․ համոզված եմ, որ միայն մեր աշխատանքով կարող ենք այն դարձնել ավելի ուժեղ։

Արամ Ազատյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Շատ եմ կարեւորում նաեւ «վառվող աչքերով» թիմը։ Ղեկավարի համար ամենաբարդ մարտահրավերներից մեկը նման մարդկանց գտնելն է։ Եթե մարդն ունի ցանկություն, արդյունքն անխուսափելի է։ Եթե կարողանում ես քեզ շրջապատել այդպիսի մարդկանցով, միանշանակ հաջողությունը գալու է: 

Այսօր շուկայում մրցակցությունը բավականին բարձր է, եւ բոլորովին ուրիշ գործիքակազմ է օգտագործվում այնպիսի թիմ հավաքելու համար, որտեղ ֆինանսական մոտիվացիան լինի կարեւոր, բայց ոչ որոշիչ գործոնը։ Կարծում եմ՝ մեզ մոտ դա ստացվել է․ Finbox-ն այսօր ցանկություն ունեցող, «վառվող աչքերով» բարձր պրոֆեսիոնալների թիմ է, որը մասնագիտացած է կանխիկի հոսքերի կառավարման եւ դրանց արդյունավետության բարձրացման մեջ։ Վստահ եմ, որ կհասնենք այն նպատակներին, որոնցով եկել ենք շուկա։ 

Finbox-ի կորպորատիվ արժեքներից ամենակարեւորը ժամանակն է, եւ եթե կարողանանք մեր աշխատանքով մարդկանց համար թեկուզ մի փոքր ժամանակ խնայել, դա կլինի մեզ համար ամենահրաշալի արդյունքը։ 

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Leave a comment