Lion Finance Group-ը, որի մասն է Ամերիաբանկը, ներկայացրել է կայուն զարգացման իր հաշվետվությունը

Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խումբը, որի մաս է Ամերիաբանկը, օրերս Թբիլիսիում պաշտոնապես ներկայացրել է կայուն զարգացման իր հաշվետվությունը: 

«Կայուն զարգացման հաշվետվություն 2025. ռազմավարությունից դեպի ազդեցություն» փաստաթղթի ներկայացմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են ներդրողներ, միջազգային ֆինանսական հաստատությունների, կարգավորող մարմինների եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։  

«Կայուն զարգացումն արմատավորված է Lion Finance Group-ի ռազմավարության, ռիսկերի կառավարման եւ երկարաժամկետ աճի մասին պատկերացումներում։ Խմբի տնօրենների խորհուրդը գիտակցում է, որ բնապահպանական, սոցիալական եւ կառավարման սկզբունքներն առանձնացված չեն մեր հիմնական գործունեությունից: Ընդհակառակը` դրանք կարեւոր դեր են խաղում մեր սպասարկած շուկաներում Խմբի մրցունակությունը, կայունությունն ու կարեւորությունն ապահովելու գործում»,- շահառուներին ուղղված խոսքում նշել է Lion Finance Group-ի նախագահ Մել Քարվիլը։ 

Միջոցառման շրջանակում կայացած պանելային քննարկումները կենտրոնացած էին կայուն եւ ներառական տնտեսության զարգացման գործում ֆինանսական հատվածի դերի վրա։ Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը վարել է քննարկումներից մեկը, որի խորագիրն էր «Ինչպես է կայուն զարգացումը վերափոխում կապիտալը, ռիսկը եւ երկարաժամկետ արժեքը»: Պանելային քննարկման բանախոսները ներկայացնում էին միջազգային այնպիսի առաջատար ֆինանսական հաստատություններ, ինչպիսիք են East Capital Group-ը, J.P. Morgan-ը եւ S&P Global-ը։  

«Կայուն զարգացման հաշվետվություն 2025. ռազմավարությունից դեպի ազդեցություն» հաշվետվությունն ամփոփում է բնապահպանական, սոցիալական եւ կառավարման (ESG) ոլորտներում Ամերիաբանկի եւ Bank of Georgia-ի ռազմավարությունը, ձեռքբերումներն ու չափելի արդյունքները: 

Փաստաթղթում շեշտվում է, որ ֆինանսական ներառականությունն առաջնահերթություն է եւ՛ Հայաստանում, եւ՛ Վրաստանում: Հատկապես կարեւոր է երեխաներին եւ երիտասարդներին ֆինանսական գիտելիքներով զինելը: Որպես այս նպատակի իրագործման վառ օրինակ հիշատակվում է 2025 թվականին Ամերիաբանկի գործարկած MyAmeria Star հավելվածը, որը մշակված է հատուկ 6-ից 18 տարեկանների համար։ Հարթակը հիմնական ֆինանսական հասկացությունները ներկայացնում է տարիքին համապատասխան եւ գրավիչ ձեւով՝ օգտատերերին հնարավորություն տալով ստանալ ֆինանսական գիտելիքներ առօրյա գործողությունների միջոցով։  

Lion Finance Group-ը (LFG) միջազգային կառույց է, որը ռազմավարական ուղղվածությամբ զարգացնում է հաճախորդակենտրոն, թվային լուծումներով հագեցած ունիվերսալ բանկեր։ Խումբը գործում է Հայաստանում Ameriabank-ի, Վրաստանում` Bank of Georgia-ի միջոցով։

Leave a comment