Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է նախարարությունը։


 


Նախարարը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, համայնքապետերի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի և ոլորտային այլ պատասխանատուների հետ ողջ օրը շրջել է մարզում և ծանոթացել պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին։


 


«Նախարարի առաջին կանգառը Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրն էր, որտեղ  իրականացվում են  ճանապարհաշինարարական աշխատանքներ։


 


 


Առհասարակ Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում վերջին 4 տարվա ընթացքում կառուցվել է ծանրամարտի դպրոց, նոր ճանապարհ, 10 կմ ջրագիծ, գազամատակարարման ցանց, հիմնանորոգվել է գյուղի մանկապարտեզը ու մշակույթի տունը, ընթացքի մեջ է նոր դպրոցի և բուժամբուլատորիայի կառուցումը։


 


Նախարարն այցելել  է նաև Էջմիածին, որտեղ նորոգվում են Հովհաննես Թումանյան, Ռաֆայել Պատկանյան, Սոս Մանուկյան և Բաղրամյան փողոցները. ծրագրի շրջանակում նախատեսված են ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և կոյուղային համակարգի վերակառուցում։


 


Այց կատարվեց նաև  Շահումյան բնակավայր, որտեղ շարունակվում է Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ Էջմիածին-Շահումյան-Աշտարակ ուղղությամբ մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։


 


Ներկա փուլում կատարվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են եզրաքարեր և կառուցվում են ջրահեռացման համակարգեր։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 130 մլն դրամ։


 


 


Նախարար Խուդաթյանը  դիտարկել է նաև Արմավիրի մարզի Փարաքար-Մերձավան-Այգեկ-Բաղրամյան-Նորակերտ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Տեղում տրվել են մի շարք հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ7

Leave a comment