ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ ապրիլի 1-ին, Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Լենային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարության կողմից այն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո: 

«…ՀԱՊԿ-ի համար անտեղի կլիներ միջամտել այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ»,- ասել է Պուտինը։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՌԴ նախագահի խոսքերը իրականությանը չեն համապատասխանում: 

Պուտինը ԼՂ-ի՝ միջազգայնորեն Ադրբեջանի մաս լինելու մասին հայտարարել է անմիջապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո. նա այդ մասին, մասնավորապես, ասել էր նոյեմբերի 17-ի հրապարակված «Ռոսիա 24»-ի հետ հարցազրույցում

«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, դա նշանակում է, որ թե՛ ԼՂ-ն և թե՛ հարակից 7 շրջանները հանդիսացել, հանդիսանում են Ադրբեջանի տարածքի անքակտելի մաս», — ասել էր ՌԴ նախագահը։

Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել  Ադրբեջանի մաս

ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ճանաչելու մասին հայտարարել է պատերազմից միայն 2 տարի անց՝  2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։

 Հիշեցնենք, որ  ՀՀ-ն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 2022-ի թվականի Բաքվի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա սեպտեմբերյան  հարձակումից հետո։ Այդ ժամանակ, ՀՀ-ն դիմել էր ու այդպես էլ օգնություն, անգամ ագրեսիան դատապարտող հայտարարություն չէր կարողացել ստանալ ՀԱՊԿ-ից:

Ոչ թե ՀԱՊԿ-ը, այլ խաղապահներն անելիք ունեին 

Պուտինը նաև պնդելով, թե ՀԱՊԿ-ը Պրահայի հայտարարությունից հետո չէր կարող ներգրավվել ԼՂ-ում դեպքերի զարգացմանը, աղավաղում է փաստերը: 

Այսպես, ԼՂ-ում ՀԱՊԿ-ի լիազորությունները չէին տարածվում, կառույցը ոչ Պրահայի հայտարաությունից առաջ և ոչ էլ դրանից հետո ԼՂ-ում գործառույթներ չուներ։ 

Միևնույն ժամանակ, Պուտինը շրջանցում է ԼՂ-ում պատերազմից  հետո նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղակայված խաղապահ առաքելություն ունեցած ռուսական զորախմբի համգամանքը։ 

Այսպիսով,Պուտինը մեկ նախադասության մեջ երկու մանիպուլյացիա է անում։ 

Նախ՝ նա անձամբ է մինչև Պրահայի հայտարարությունը ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչել, հետևաբար ԼՂ-ում «ՀԱՊԿ-ի ներգրվման անհնարինության» պատճառը հայկական կողմի՝ երկու տարի անց արտահայտած նույն դիրքորոշմանը վերագրելը մանիպուլյատիվ է։  

Միևնույն ժամանակ ՀԱՊԿ-ին վերագրելով ԼՂ-ում գործոնեության մանդատ, որը կառույցը չի ունեցել, Պուտինը շրջանցում է ռուս խաղաղապահների պատասխանատվության հարցը, որի ներկայությամբ հենց 2023-ին տեղի ունեցավ Արցախի էթնիկ զտումը։ 

Նանե Մանասյան

The post ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը appeared first on FIP.AM.

Leave a comment