Վերաքննիչ բողոք կներկայացնենք Դավիթ Մինասյանի կալանքի դեմ. Վարդևանյան (տեսանյութ)
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է, որ այսօր կբողոքարկեն Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը։ Նա նաև նշել է, որ գլխավոր դատախազին հրատապ դիմում կներկայացնեն՝ հաշվի առնելով երիտասարդի առողջական խնդիրները։
Վարդևանյանի խոսքով՝ տեսանյութից երևում է, որ ֆիզիկական ներգործությունը սկսվել է ՊՊԾ ծառայողի կողմից, իսկ Դավիթի կողմից սկզբնական գործողություն չի եղել։
Դատարանը երկու ամսով կալանավորել է Դավիթ Մինասյանին՝ բավարարելով քննչականի միջնորդությունը։ Փաստաբանները նշում են, որ նա ունի կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ, իսկ մայրը դատարանին խնդրել էր որդուն ազատության մեջ սպասել դատական գործընթացին։
Քննչականը մեղադրանք է առաջադրել երեք անձի․ Դավիթ Մինասյանին՝ խուլիգանության և պաշտոնատար անձի նկատմամբ բռնության համար, եղբորը՝ աջակցելու, իսկ Գևորգ Գևորգյանին՝ կազմակերպելու համար։ Նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում։
Տեսանյութերում երևում է, թե ինչպես է եկեղեցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում Դավիթ Մինասյանը ընկնում անվտանգության աշխատակցի հարվածից։