Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների շրջանավարտների «նոր ճամփորդության» սկիզբը

Մարտահրավերային, բայց անգնահատելի կրթական փորձառություն, միջազգային լավագույն պրոֆեսորների դասախոսություններ եւ խորհրդատվություն, կրթական շաբաթներ եվրոպական առաջատար բուհերում եւ շատ-շատ կուրսայիններ. մարտի 28-ին Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը Երեւանում ճանապարհում էր Համաեվրոպական Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների Executive MBA ծրագրի շրջանավարտներին, ովքեր ստացան միանգամից երկու MBA դիպլոմ՝ մեկը բրիտանական Յորքի համալսարանից եւ մյուսը ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանից, ինչպես նաեւ Յորքի համալսարանի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերի շրջանավարտների հերթական սերնդին: 

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի եւ ֆրանսիական Ստրասբուրգի համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի համատեղ Երեւանում իրականացվող Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագրի, ինչպես նաեւ Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղակայված Յորքի համալսարանի եվրոպական կամպուսում սովորած բակալավրի եւ մագիստրատուրայի շրջանավարտներին շնորհավորելու էին եկել իրենց սիրելի դասախոսները, հարազատները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դեսպանությունների ներկայացուցիչները: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի և Համաեվրոպական Executive MBA ծրագրի Հայաստանի և Վրաստանի տնօրեն Լիլիթ Շահզադեյանը նշել է, որ դեռևս 2012 թվականից, (երբ Հայաստանում մեկնարկեցին Շեֆիլդի համալսարանի Executive MBA, եւ Հունաստանի Սալոնիկ քաղաքում առաջարկվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերը, իսկ 2021 թվականին դրանք ընդլայնվեցին՝ դառնալով Յորքի համալսարանի Եվրոպական կամպուսի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրեր և Յորքի ու Ստրասբուրգի համալսարանների Համաեվրոպական Executive MBA ծրագիր) ակադեմիական համայնքն այս տարիների ընթացքում կայուն կերպով աճել է։ 

«Այսօր մենք հպարտությամբ կարող ենք նշել, որ ունենք շուրջ 450 հայ շրջանավարտներից եւ ուսանողներից բաղկացած Շեֆիլդի, Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների շրջանավարտների համայնք: Այս կրթական նախաձեռնությունը նշանակալի ներդրում է ունեցել ոչ միայն անհատների մասնագիտական զարգացման, այլեւ երկրի ընդհանուր առաջընթացի ապահովման գործում»,- մանրամասնել է նա: 

Լիլիթ Շահզադեյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան եւ Նորին Մեծության հյուպատոս Փոլ Մորիսը նշել է, որ Հայաստանում իր առաջին ծանոթություններից մեկը եղել է Լիլիթ Շահզադեյանը: Վերջինս նրան մեծ ոգեւորությամբ պատմել է Executive MBA ծրագրի մասին, ինչը փոխդեսպանին շատ է տպավորել:

«Թեեւ դա չորս տարի առաջ էր, բայց ես շատ լավ եմ հիշում, քանի որ մեծապես տպավորված եմ բոլորիդ ձգտմամբ: Դուք ոչ միայն գալիս եք վերցնելու, այլեւս ձեր սեփական ներդրումն եք ունենում, արդեն իսկ կյանքի եւ բիզնեսի որոշակի փորձ ունենալով՝ դուք նաեւ տալիս եք այս ծրագրին: Կարծում եմ, որ սա շատ արժեքավոր է՝ ներգրավվել այնպիսի նախաձեռնությունում, որտեղ հնարավորություն ունեք միմյանց հետ կիսելու ձեր փորձը», – նշել է նա:

Բացի ֆորմալ կրթական գործունեությունից՝ Համաեվրոպական Executive MBA ծրագրի շրջանակում Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը Հայաստանում նախաձեռնել է նաեւ բազմաթիվ բաց դասախոսություններ, մասնագիտական քննարկումներ եւ կրթական ոլորտի այլ միջոցառումներ, որոնց մասնակցություն է ունեցել նաեւ բրիտանական դեսպանատունը: 

Փոլ Մորիսը եւ Լեսլի Սզամոզին

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Այժմ կարեւոր է հետ նայել ձեր անցած ճանապարհին, հասկանալ, թե որքան հեռուն եք հասել եւ գիտակցել այն ամենը, ինչ սովորել եք՝ ոչ միայն ակադեմիական, այլ նաեւ մշակութային առումով: Շուտով հեռանալու եմ Հայաստանից, բայց զգում եմ, որ այս երկիրն այժմ զարգացման իմաստով լավ փուլում է գտնվում, ու վստահ եմ, որ բոլորդ ձեր ներդրումը կունենաք այդ գործում»,- ամփոփել է Փոլ Մորիսը: 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Ժյուլի Ֆորը նշել է, որ Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագրի մասին խոսելիս դժվար է հստակ ձեւակերպումներ տալ: 

Ժյուլի Ֆորը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Սա հենց Եվրոպան է՝ երբ ինչ-որ բան չի պատկանում մեկ երկրի կամ մեկ մոդելի, այլ գործում է տարբեր մոտեցումների միավորման արդյունքում: Այս ճանապարհի ընթացքում ձեր ձեռքբերումը պարզապես վկայականը չէ, այլ տարբեր միջավայրերում կողմնորոշվելու կարողությունը, տարբերությունների պայմաններում վստահ գործելու ունակությունը, միջազգային մասնագիտական համայնքի մաս դառնալու հնարավորությունը: Այս իմաստով դուք ձեզ հետ իրականում տանում եք Եվրոպայի մի մասնիկ»,- նշել է դիվանագետը: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հետզհետե համայնքն ընդլայնվում է, Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կողմից առաջարկած Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների բիզնես կրթություն եւ երկու MBA  դիպլոմ ստանալու հնարավորություն առաջարկող Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագրի պահանջարկն էլ ընդլայնվում է: Այս տարվա շրջանավարտների խումբը բաղկացած էր 30 ուսանողից, ուստի կուրսի ավագի՝ Լիլիթ Գեւորգյանի ուսերին բավականին բարդ պատասխանատվություն էր դրված՝ կազմակերպչական հարցերում բոլորի միասնական ձայնը լինելու առումով: Նա ասել է, որ կրթական փորձառության այդ մասը կրկնակի է կարոտելու: 

Լիլիթը Գրանթ Թորնթոն Հայաստանի մարդկային կապիտալի խորհրդատվական ծառայությունների տնօրենն է, նաեւ դասախոսում է Երեւանի Պետական համալսարանում: Խոստովանում է, որ աշխատանքը, անձնական կյանքն ու կրթությունը համատեղելն ամենեւին էլ հեշտ չէր: 

Լիլիթ Գեւորգյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Այս ճանապարհին օգնում է նպատակասլացությունն ու ներքին մոտիվացիան, երբ հասկանում ես, թե ինչու ես այստեղ ու հավատում ես նպատակիդ: Եթե դա չլինի, դժվարությունների առաջ հանձնվելը շատ հեշտ է: Ծրագրով հետաքրքրվողներին խորհուրդ կտամ, որ այն լավ ուսումնասիրեն ու իրենք իրենց համար հիմնավորեն՝ ինչու են կայացնում այդ որոշումը, որովհետեւ դժվարությունների ժամանակ առաջ տանողը հենց դա է լինելու»,- մանրամասնել է Լիլիթ Գեւորգյանը: Նա հավելել է, որ ձեռք բերած գիտելիքներն ու միջազգային փորձառությունը փոխանցելու է նաեւ համալսարանի իր ուսանողներին: 

Մեկ այլ շրջանավարտ Հայկուհի Պողոսյանը, որը ՏՏ ոլորտի ընկերության HR տնօրեն է, վստահությամբ նշում է` ոչ մի զղջում չկա։ 

Աջից՝ Հայկուհի Պողոսյանը

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Սա շատ լավ միջազգային փորձառություն էր, որը հնարավոր դարձավ առանց մեր միջավայրից կտրվելու։ Ձեռք բերված գիտելիքն արդեն իսկ կիրառում եմ աշխատանքում, եւ այն այնքան համապարփակ է, որ վստահ եմ` հետագայում էլ մեծ կիրառություն կունենա։ Ուզում եմ մաղթել Համաեվրոպական Executive MBA ծրագրի ապագա ուսանողներին, որ ուսման տարիները առավելագույնս օգտագործեն թե´ գիտելիքի ձեռքբերման, թե ´ընկերների, թե´առհասարակ լավ միջավայրը վայելելու առումով»,- նշել է նա: 

Շնորհավորելով ուսանողներին մարտահրավերային, արկածներով լի կրթական ճամփորդությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կապակցությամբ, Համաեվրոպական Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն Լեսլի Սզամոզին ընդգծել է՝ սա ոչ թե ավարտն է, այլ սկիզբը մի նոր ճամփորդության: 

Լեսլի Սզամոսին

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Դուք իսկապես բախտավոր եք այս ճանապարհն անցնելու հնարավորությունն ունենալու համար: Բայց երկրում կան մարդիկ, որոնք դեռեւս չեն ունեցել, կամ գուցե չունենան նման հնարավորություններ, եւ դուք պետք է առաջ շարժվելով՝ ձեր գիտելիքները կիսեք մյուսների հետ՝ հատկապես նման կրթական հնարավորություն չունեցողների: Հենց այս ճանապարհով են վերափոխվում պետությունները, հենց այսպես է զարգանում հասարակությունը եւ առաջ գնում ավելի դրական ուղով»,- նշել է պրոֆեսորը՝ իր շնորհավորական ուղերձն ավարտելով ուսանողների համար թեւավոր խոսք դարձած իր մշտական մաղթանքով. 

«Առաջ դեպի հաջորդ մարտահրավերը»: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կողմից Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների Համաեվրոպական Executive MBA, ինչպես նաեւ Սալոնիկում առաջարկվող Յորքի համալսարանի բակալավրիատի եւ մագիստրատուրայի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Leave a comment