Դավիթ Գասպարյան. Հաճախ մեզ համեմատում ենք ֆինանսների եւ ակտիվների «ընտանեկան բժշկի» հետ

Banks.am-ի հարցազրույցը Wilco կապիտալի կառավարման ընկերության Հաճախորդների հետ աշխատանքի գծով գլխավոր մենեջեր Դավիթ Գասպարյանի հետ

Դավիթ Գասպարյանը կապիտալի կառավարման, խորհրդատվության եւ ռազմավարական գործընկերության զարգացման միջազգային փորձ ունեցող ֆինանսական ոլորտի մասնագետ է:

«Wilco»-ում Դավիթն ամրապնդում է հաճախորդների հետ հարաբերությունները եւ ղեկավարում է միջազգային նախաձեռնությունները: Նա մասնագիտացած է Եվրոպայում, Շվեյցարիայում, ԱՄԷ-ում, Հայաստանում եւ ԱՄՆ-ում UHNWI եւ MFO հաճախորդների համար ակտիվների կառուցվածքավորման եւ խորհրդատվության ոլորտում: Նրա գործունեությունը ներառում է ռազմավարական գործընկերությունների հաստատում մասնավոր բանկերի, իրավախորհրդատուների եւ ֆինտեք հարթակների հետ, ինչպես նաեւ շուկայի ընդլայնում՝ տեղայնացված լուծումների միջոցով:

Դավիթն ավարտել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Ֆինանսների բարձրագույն դպրոցը եւ ԱՄՆ-ի Դելավերի համալսարանը:

Մինչ «Wilco»-ին միանալը, նա աշխատել է HNWI հաճախորդների հետ «Renaissance Capital»-ում եւ «Alfa Capital»-ում (Wealth Management):

– «Wilco» ընկերությունը հանդես է գալիս որպես ապրիլի 6-ին կայանալիք «Fast-Forward» համաժողովի գործընկեր: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ «Wilco»-ն կարեւոր է համարում Հայաստանում բիզնես առաջնորդությանը վերաբերող հարցերի բաց քննարկումը:

– Անշուշտ: Մենք համոզված ենք, որ Հայաստանում բիզնես առաջնորդության զարգացումն անհնար է առանց բաց երկխոսության եւ փորձի փոխանակման:

Մենք հետեւում ենք միջազգային լավագույն փորձին՝ տեղայնացնելով այն հայկական իրականության համար: Աջակցելով այնպիսի հարթակների, ինչպիսին է «Fast-Forward»-ը, ակտիվորեն մասնակցելով նման քննարկումներին՝ մենք մեր ներդրումն ենք ունենում թափանցիկության եւ պատասխանատվության սկզբունքների վրա հիմնված գործարար միջավայրի ձեւավորման գործում:

– Համաժողովի թեմաներից մեկը հայկական բիզնեսում իրավահաջորդության թեման է: Այս ուղղությունն, երեւի, անմիջականորեն առնչվում է «Wilco»-ի գործունեության հետ:

– Այն իրականում մեր ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական ուղղություններից մեկն է։ Հաճախ wealth management-ը (կապիտալի կառավարումը) ընկալվում է նեղ իմաստով՝ միայն որպես ֆինանսական կապիտալի կառավարում, բայց իրականում այն աշխատանք է ընտանիքի անցյալի, ներկայի եւ ապագայի հետ: Հաճախ մեր դերը համեմատում ենք ֆինանսների եւ ակտիվների «ընտանեկան բժշկի» դերի հետ. մեր մոտեցումը կանխարգելիչ է՝ ուղղված ռիսկերի կանխարգելմանը դեռեւս դրանց ի հայտ գալուց առաջ եւ առողջ ապագայի համար հիմքերի ստեղծմանը:

Հայկական բիզնեսի համար իրավահաջորդության հարցը շատ կարեւոր է: Մենք գտնվում ենք մի պատմական փուլում, երբ ձեռնարկատերերի այն սերունդը, որը ստեղծել է երկրի խոշորագույն ընկերությունները, սկսում է մտածել կառավարման փոխանցման մասին: Այստեղ կրիտիկական նշանակություն ունի այն գիտակցումը, որ բիզնեսում իրավահաջորդությունը միայն բաժնետոմսերի իրավաբանական վերաձեւակերպում չէ: Խոսքը կայուն կառուցվածքի ստեղծման մասին է, ինչը թույլ կտա ապահովել հիմնադրի կյանքի գործի շարունակականությունը՝ թույլ տալով, որ այն շարունակի օգուտ բերել նաեւ Հայաստանին: Իրավահաջորդությունը ոչ միայն ակտիվների փոխանցումն է, այլեւ ընտանեկան արժեքների ու ավանդույթների պահպանումը, ինչպես նաեւ բիզնեսի կառուցվածքավորումը՝ ժառանգներին փոխանցելու գործընթացում:

Մենք աշխատում ենք ընտանիքների եւ «family-office»-ների (ընտանեկան գրասենյակների) հետ՝ օգնելով կառավարել ինչպես ֆինանսները, այնպես էլ այլ ակտիվներ, օրինակ՝ բիզնեսը կամ անշարժ գույքը: Հաշվի ենք առնում համաշխարհային միտումները, բայց միեւնույն ժամանակ լավ ենք պատկերացնում հայկական մշակույթի առանձնահատկություններն ու գործին մոտեցման ձեւը: Մեր խնդիրն է օգնել տարբեր սերունդների գալ համաձայնության եւ միասին զարգացնել ընտանեկան բիզնեսն այնպես, որ այն կայուն մնա երկար տարիներ:

– Որքանո՞վ է «wealth management»-ի ուղղությունը կարեւոր Հայաստանի համար, եւ աճի ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

– Հայաստանն ունի կայուն եւ զարգացած ֆինանսական համակարգ. վերջին 30 տարիների ընթացքում երկրում բանկերի դեֆոլտի դեպքեր չեն գրանցվել, իսկ բանկային ակտիվների ծավալը գերազանցում է ՀՆԱ-ն: Աշխարհում ընդամենը մոտ 50 երկիր նման ցուցանիշ ունի: Վերջին տարիներին բրոքերային ծառայությունների ակտիվ զարգացման ֆոնին՝ որակյալ wealth management-ի պահանջարկը շուկայի զարգացման բնական հաջորդ քայլը դարձավ:

Այս գործընթացը սերտ կապված է սերնդափոխության հետ: Համաշխարհային պրակտիկայում ընտանեկան կապիտալի կառավարման մշակույթը ձեւավորվել է տասնամյակների, իսկ որոշ դեպքերում՝ դարերի ընթացքում՝ ստեղծելով հուսալի հիմք ժառանգության փոխանցման համար: Այսօր Հայաստանում կա միջազգային տեսլական ունեցող ժառանգների նոր սերունդ, եւ wealth management-ը դառնում է այն գործիքը, որն օգնում է ինստիտուցիոնալացնել կապիտալի փոխանցումը:

Աճի մեկ այլ կարեւոր ուղղություն եմ համարում Սփյուռքի համար նախատեսված լուծումները: Մենք ստեղծում ենք հուսալի ենթակառուցվածք ամբողջ աշխարհի հայերի համար, ովքեր ցանկանում են իրենց ակտիվները ինտեգրել պատմական հայրենիքում: Հայաստանը նրանց համար դառնում է ապահով հանգրվան, որտեղ wealth management ծառայությունները համապատասխանում են ոլորտի միջազգային սկզբունքներին՝ միեւնույն ժամանակ մնալով հարազատ ազգային արմատներին:

– «Wilco»-ն 2025 թվականին իրականացրել է ռեբրենդինգ. արդյո՞ք պետք է ակնկալել, որ ընթացիկ տարին կարեւոր կլինի հաճախորդների բազայի ընդլայնման եւ մատուցվող ծառայությունների տեսականու մեծացման տեսանկյունից:

– Չնայած նրան, որ ընկերությունը վաղուց է շուկայում, վերջին տարիներին այն ենթարկվել է լայնամասշտաբ փոխակերպման, եւ այսօր «Wilco»-ն թեւակոխում է իր զարգացման որակապես նոր փուլ:

Մենք ոչ միայն օգնում ենք բազմապատկել կապիտալը, այլեւ ընդլայնում ենք ծառայությունների փաթեթը՝ ավելացնելով լուծումներ, որոնք նախկինում հասանելի էին հիմնականում խոշոր միջազգային շուկաներում: Ընդ որում, մեզ համար wealth management-ը միայն ներդրումները չեն: Մենք նաեւ մեր հաճախորդների կողքին ենք կապիտալի կառուցվածքավորման, հարկային ու իրավաբանական հարցերի եւ ակտիվների կառավարման այլ կարեւոր ասպեկտների հետ կապված հարցերում:

Տարբեր երկրներում ունեցած մեր գործընկերային ցանցի շնորհիվ կարողանում ենք լուծել խնդիրների լայն շրջանակ՝ անշարժ գույքի հետ կապված գործարքների ուղեկցումից մինչեւ ավելի անձնական հարցեր, օրինակ՝ արտերկրում կլինիկայի ընտրություն: Արդյունքում, մենք հանդես ենք գալիս որպես միասնական գործընկեր, որն օգնում է ընտանիքին կառավարել ակտիվները եւ պաշտպանել նրանց շահերը համալիր կերպով:

Leave a comment