ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատողը Սուրբ Աննա եկեղեցում հարվածում այսօր կալանավորված 18-ամյա Դավիթին։
Ի դեպ, նա Փաշինյանի այն նույն թիկնապահն է, որ բերանը փակելով Հովհաննավանքից դուրս բերեց քաղակտիվիստ Հայկ Դորունցին, երբ վերջինս վանկարկել էր, որ կարգալույծ Ստեփան Ասատրյանն իրավունք չունի պատարագ մատուցել: Այն ժամանակ Փաշինյանը բացատրել էր իր թիկնապահի պահվածքը «քաղաքացու անվտանգությունն ապահովելու» պատճառաբանությամբ:
Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Մյուս եղբայրը՝ Միքայել Մինասյանը, երեկ ազատ արձակվեց Երևանի քննչական վարչությունից, սակայն նա ունի մեղադրյալի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին միջադեպ էր տեղի ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ։
Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել էր մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չէին տվել ու քաշքշել էին նրան հենց եկեղեցու ներսում։
«Ըտենց չնայես ինձ»,– ասել էր քաղաքացին, ինչից հետո երկվորյակ եղբայրներին բերման էին ենթարկել:
—00—ԼԱ