Իրանն ունի «անհրաժեշտ կամք»՝ հակամարտությունը դադարեցնելու համար. Փեզեշքիան

Քաղաքականություն

01.04.2026 | 11:53

Իրանն ունի «անհրաժեշտ կամք»՝ դադարեցնելու պատերազմը Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, սակայն երաշխիքներ է պահանջում, որ հակամարտությունը չի կրկնվի։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Euractiv-ը։

«Մենք ունենք անհրաժեշտ կամք այս հակամարտությունը դադարեցնելու համար, եթե բավարարվեն անհրաժեշտ պայմանները, մասնավորապես, ագրեսիայի կրկնությունը կանխելու համար անհրաժեշտ երաշխիքները»,- ասել է Փեզեշքիանը Եվրոպական խորհրդի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ վերահաստատելով Թեհրանի հիմնական պահանջը։

Իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ անցյալ շաբաթ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի 15 կետանոց ծրագրին ի պատասխան՝ Իրանը ներկայացրել է հինգ կետանոց հակաառաջարկ, որը նաև կոչ է անում դադարեցնել «ագրեսիան» և ստեղծել մեխանիզմ, որը կերաշխավորի, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ Միացյալ Նահանգները չեն վերադառնա պատերազմի։

«Իրավիճակի կարգավորման լուծումը նրանց ագրեսիվ հարձակումների դադարեցումն է»,- ասել է Փեզեշքիանը։

Պատերազմը սկսվել է փետրվարի 28-ին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա՝ սպանելով երկրի գերագույն հոգևոր առաջնորդին և հրահրելով պատասխան հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի հարվածներ տարածաշրջանի երկրների վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment