Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում

Քաղաքականություն

31.03.2026 | 23:28

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին  հերքել է, նրա գնահատմամբ, «լիովին անհիմն» տեղեկությունները, որ Իրանը հրթիռներ է արձակել Թուրքիայի ուղղությամբ, և առաջարկել է համատեղ հետաքննել այս հարցը, գրում է Turkiye today-ը։

Իրանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին զգուշացրել է «թշնամիների կողմից կեղծ դրոշի ներքո իրականացվող գործողությունների դեմ»՝ ասելով, որ Իրանը «պատրաստ է համատեղ տեխնիկական համագործակցության՝ ցանկացած հնարավոր պնդում քննելու համար»։

Երկուշաբթի Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ուժերը որսացել են Իրանից արձակված նոր հրթիռ, որը Մերձավոր Արևելքի պատերազմի սկսվելուց ի վեր չորրորդ նմանատիպ միջադեպն է։

ՆԱՏՕ-ի խոսնակը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ դաշինքը «կրկին հաջողությամբ որսացել է Թուրքիա ուղղվող իրանական բալիստիկ հրթիռը», հավելելով, որ «ՆԱՏՕ-ն պատրաստ է նման սպառնալիքների և միշտ կանի այն, ինչ անհրաժեշտ է բոլոր դաշնակիցներին պաշտպանելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment