2026թ. փետրվարին Team Holding ընկերությունների խումբը հայտարարեց ԱՄՆ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ փուլի մեկնարկի մասին:
Ինչպես եւ առաջին փուլի դեպքում, տեղաբաշխումն իրականացրել է Freedom Broker Armenia ներդրումային ընկերությունը:
Banks.am-ի հետ հարցազրույցում Freedom Broker Armenia-ի մասնավոր կապիտալի կառավարման տնօրեն Տարոն Հովհաննիսյանը պատմել է պարտատոմսերի նոր փուլի մեկնարկի մասին, կիսվել Հայաստանում ընթացիկ ներդրումային հնարավորությունների վերաբերյալ իր տեսլականով եւ ընդգծել ֆինանսական շուկայում թափանցիկության ու վստահության կարեւորությունը:
– Վերջերս Team Holding ընկերությունների խումբը հայտարարել էր դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլի մեկնարկի մասին, ընդ որում՝ առաջին փուլը փակվել էր նախատեսված ժամկետից շուտ: Ինչպե՞ս եք գնահատում այս արդյունքը. այն ավելի շատ ընկերության հանդեպ ներդրողների վստահության ցուցանի՞շ է, թե՞ Հայաստանում պարտատոմսերի նկատմամբ աճող հետաքրքրության վկայություն:
– Freedom Broker Armenia ընկերության համար դա տեղաբաշխման առաջին փորձն էր, եւ մենք շատ պատասխանատու կերպով ենք մոտեցել գործընկերոջ ընտրությանը: Team Holding-ի հետ համագործակցելու որոշումը հիմնված էր այն վստահության եւ հետաքրքրության վրա, որն առկա է այս ընկերության հանդեպ Հայաստանում:
Տարոն Հովհաննիսյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հաճախ եմ կրկնում, որ Հայաստանը ներդրումների համար շատ հետաքրքիր շուկա է, քանի որ երկիրը սեփական բորսան ունի: Կարծում եմ՝ շատ կարեւոր է զարգացնել այս շուկան, եւ մենք՝ որպես ընկերություն, պատասխանատվություն ենք ստանձնել նաեւ այդ հարցում: Մենք հատուկ շեշտադրում ենք անում հաճախորդների համար ներդրումների թափանցիկության վրա: Օրինակ՝ Team Holding-ի դեպքում կային որոշակի կովենանտներ, որոնք պաշտպանում էին ներդրողներին ընկերության պարտքային բեռի հնարավոր աճի տեսանկյունից: Դրանք շատ հազվադեպ են կիրառվում, հիմնականում՝ միջազգային պրակտիկայում, որը մենք ներդնում ենք Հայաստանում:
Freedom Broker Armenia-ի համար կարեւոր է ոչ միայն աշխատել հայաստանյան շուկայում, այլեւ ընդլայնել դրա սահմանները: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք թե՛ հաճախորդի, թե՛ ներդրողի շահերը: Ֆինանսական շուկայում վստահությունը շատ դժվար է ձեռք բերել եւ հեշտ է կորցնել: Մեզ համար շատ կարեւոր է թափանցիկ աշխատանքը ինչպես հաճախորդների, այնպես էլ ներդրողների հետ՝ երկու կողմերի շահերի պահպանմամբ:
– Որո՞նք են այն հիմնական առավելությունները, որոնք ստանում են ներդրողները՝ ընտրելով Team Holding-ի պարտատոմսերը: Հիմնականում ո՞ր տիպի ներդրողների համար է նախատեսված այս գործիքը:
-Team Holding ընկերության երկրորդ փուլը, ընդհանուր առմամբ նախատեսված է բոլոր հաճախորդների համար, այսինքն՝ չունի որոշակի թիրախային լսարան, իսկ ներդրման նվազագույն գումարը կազմում է 100 դոլար: Դա մեկ պարտատոմսի անվանական արժեքն է:
Այս ընկերության առաջին փուլում արժեկտրոնային դրույքաչափը կազմում էր տարեկան 9%, իսկ երկրորդ փուլում եկամտաբերությունը 8,75% է: Հաճախորդների կողմից մեծ հետաքրքրություն ենք նկատում, քանի որ շուկայում քիչ են նման հուսալիություն եւ եկամտաբերություն ունեցող ընկերությունները:
Տարոն Հովհաննիսյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նոր փուլը փակվում է բավականին լավ տեմպերով: Դա գերազանց արդյունք է, հատկապես հաշվի առնելով, որ մենք կենտրոնանում ենք ոչ թե խոշոր հաճախորդների, այլ ներդրումների մատչելիության վրա՝ յուրաքանչյուրի համար:
Մեզ համար կարեւոր է, որ հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն, հատկապես նրանք, ովքեր նախկինում ներդրումային փորձ չեն ունեցել կամ նոր են մտածում այդ մասին: Սա հիանալի հնարավորություն է առաջին ծանոթության համար, մանավանդ որ իր մեջ համատեղում է պահպանողականությունն ու դոլարային հուսալի եկամտաբերությունը:
Ինչ վերաբերում է թվերին, ապա Team Holding-ի առաջին փուլին մասնակցել էր 281 հաճախորդ, որոնք փակեցին ամբողջ տրանշը՝ մոտ $ 9 միլիոն եւ 1,4 միլիարդ դրամ ծավալով: Նրանց թվում կային թե՛ մարդիկ, ովքեր գնել էին ընդամենը մեկ պարտատոմս՝ 100 դոլարով, եւ թե՛ ներդրողներ, որոնք միլիոնավոր դոլարներ էին ներդրել:
– Ինչպե՞ս է զարգանում ներդրումային մշակույթը Հայաստանում: Արդյո՞ք փոխվում է մարդկանց այն մտածելակերպը, որ փողն ավելի լավ է պահել կամ «բարձի տակ», կամ բանկում:
– Համաշխարհային տնտեսության իրադարձությունները ցույց են տալիս, որ բոլոր ժամանակներում ներդրողի «լավագույն բարեկամը» դիվերսիֆիկացիան է, այսինքն՝ ներդրումների բաշխումը տարբեր դասի ակտիվների միջեւ: Անձամբ ես ոչ մի դեպքում չէի կենտրոնացնի ողջ կապիտալը մեկ ֆինանսական գործիքի մեջ:
Ընտրելով Team Holding-ը՝ մեզ համար կարեւոր էր հենց այն, որ այն մեկ ընկերություն չէ, այլ ընկերությունների խումբ՝ դիվերսիֆիկացված բիզնեսով: Տարբեր տնտեսական փուլերում բիզնեսներից մեկը կարող է անկում ապրել, սակայն մյուսը՝ փոխհատուցել այն եւ աջակցել ողջ խմբին:
Այն հաճախորդի համար, որը նոր է սկսում ծանոթանալ ներդրումների աշխարհին, այսպիսի հնարավորություն գտնելը շատ դժվար է. ներդրում կատարելով մեկ ապրանքի մեջ՝ նա միանգամից ստանում է բիզնեսի տարբեր ուղղություններով դիվերսիֆիկացում: Team Holding-ն այսօր միավորում է ավելի քան 10 ընկերություն, որոնք գործում են տնտեսության 7-ից ավելի ճյուղերում եւ ծառայություններ են մատուցում 4 երկրներում: Սա ներդրումն իսկապես հետաքրքիր եւ հավասարակշռված է դարձնում:
– Ավանդաբար պարտատոմսերի շուկայում գերակշռում են ֆինանսական կազմակերպությունները: Ի՞նչ է փոխվում Team Holding-ի նման ոչ ֆինանսական ընկերությունների մուտքով, եւ ինչպե՞ս է դա ազդում Հայաստանում կորպորատիվ պարտքային շուկայի զարգացման վրա:
– Ֆոնդային շուկան եւ արժեթղթերի շուկան տնտեսության գլխավոր շարժիչ ուժերից են: Ինչո՞ւ: Որովհետեւ ընկերությունները զարգացման համար միջոցներ ներգրավելու մի քանի եղանակ ունեն: Նրանք կարող են բանկ դիմել եւ վարկ վերցնել, կամ հանրային ընկերություն դառնալ եւ վաճառել իրենց բաժնեմասի մի մասը: Մեկ այլ տարբերակ է միջոցներ ներգրավումը պարտատոմսերի թողարկման միջոցով:
Այս բոլոր գործողություններն ուղղված են մեկ նպատակի՝ բիզնեսի զարգացմանը: Ընկերություններն օգտագործում են գումարն ընդլայնվելու, նոր աշխատատեղեր հիմնելու համար, ինչը նշանակում է, որ մարդիկ սկսում են ավելի շատ վաստակել:
Տարոն Հովհաննիսյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հատկապես հետաքրքիր է պարտատոմսերի գործիքը: Ի տարբերություն բանկային վարկի, որտեղ ստիպված ես վճարել ամեն ամիս եւ պայմանները հաճախ խիստ են, պարտատոմսերը վճարումների ավելի ճկուն գրաֆիկ են ապահովում: Օրինակ՝ ինչպես Team Holding-ի դեպքում է, տոկոսները վճարվում են երեք ամիսը մեկ անգամ, իսկ մայր գումարը վերադարձվում է ընկերության կողմից ընտրված ժամկետի վերջում՝ այս դեպքում 4 տարի անց: Դա թույլ է տալիս հանգիստ զարգացնել բիզնեսը եւ դուրս գալ եկամտաբերության ցանկալի մակարդակի:
Եվրոպայում եւ ԱՄՆ-ում նման գործիքները վաղուց օգտագործվում են տնտեսության զարգացման համար: Իսկ Հայաստանի համար հատկապես կարեւոր է ստեղծել սեփական ֆինանսական ապրանքները եւ աջակցել տեղական բիզնեսին:
Վստահ եմ, որ պարտատոմսերը՝ հուսալի ընկերության հետ համակցված, կօգնեն ոչ միայն ներդրողներին անվտանգ գործիք տրամադրել, այլեւ միջոցներ ներգրավել բիզնեսի զարգացման համար: Եվ անուղղակիորեն՝ նպաստել Հայաստանի տնտեսական աճին:
– Ո՞րն է Freedom Broker Armenia-ի դերը նման գործիքների տեղաբաշխման հարցում: Կարելի՞ է ասել, որ նման նախագծերը ձեւավորում են նոր ներդրումային մշակույթ եւ բարձրացնում շուկայի թափանցիկությունը:
– Երբ մենք հանդես ենք գալիս որպես բրոքեր հաճախորդի համար հայկական բորսայում եւ միջազգային շուկաներում, նա հնարավորություն է ստանում ներդրումներ կատարել ցանկացած արժեթղթում, որը հասանելի է շուկայում: Դրանք ոչ միայն «Team Holding»-ի թողարկած արժեթղթերն են, այլեւ ցանկացած թղթեր, որոնք առաջարկում են մեր գործընկերները:
Մեր խնդիրն է սահմանել հաճախորդի ներդրումային նպատակները, կազմել նրա ռիսկայնության պրոֆիլը եւ ընտրել համապատասխան գործիքներ՝ հաշվի առնելով ժամկետները, եկամտաբերությունը եւ թույլատրելի ռիսկերը: Յուրաքանչյուր ներդրող բախվում է որոշակի ռիսկերի, եւ կարեւոր է, որ դրանք նվազագույն եւ հասկանալի լինեն: Ռիսկեր կան ամենուրեք, գլխավորը դրանք գնահատելն ու կանխատեսելի դարձնելն է:
Մենք օգնում ենք հաճախորդին համադրել նպատակները սպասվող եկամտաբերության հետ՝ անսպասելի անակնկալներից խուսափելու համար:
Մեր ընկերությունում աշխատում է ավելի քան 200 մարդ։ Մենք ունենք տարբեր դեպարտամենտներ, այդ թվում՝ ինստիտուցիոնալ բիզնեսի դեպարտամենտը, որը զբաղվում է անդեռրայթինգով եւ փոխգործակցում է այն ընկերությունների ու անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց ընկերությունը դուրս բերել բորսա եւ հասանելիություն ստանալ ներդրողներին:
Տարոն Հովհաննիսյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կարելի է ասել, որ մեր ընկերությունը գտնվում է «մեջտեղում», քանի որ մենք շփվում ենք թե՛ ներդրողների հետ, ովքեր միջոցներ են ներդնում, եւ թե՛ նրանց հետ, ովքեր ֆինանսավորում են փնտրում: Սա մեզ յուրահատուկ երկխոսության հնարավորություն եւ շուկայի ընկալում է ապահովում. մենք տիրապետում ենք տեղեկատվությանը երկու կողմից եւ, շփվելով մեր հաճախորդների ու գործընկերների հետ, հասկանում ենք, թե ինչպիսին է պահանջարկը եւ ինչ առաջարկներ կան:
– Մենք քննարկեցինք ներդրումային հնարավորությունների աճը, իսկ որքանո՞վ է այսօր Հայաստանում ֆինանսական գրագիտության մակարդակը համապատասխանում ներկա իրավիճակին: Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի ավելի շատ մարդիկ սկսեն գիտակցաբար ներդրումներ կատարել:
-Անկեղծ լինեմ. եթե վերցնենք ընդհանուր ցուցանիշը՝ «հիվանդանոցի միջին ջերմաստիճանը», ապա մարդկանց ուսուցում եւ աջակցություն է անհրաժեշտ՝ փողի հետ ճիշտ աշխատելու համար:
Դա նկատելի է եւ՛ հոգեբանության մեջ, եւ՛ նրանում, թե ինչպես են մարդիկ տնօրինում իրենց միջոցները, վարկային ծանրաբեռնվածության մակարդակում եւ այլ ֆինանսական սովորույթներում: Այլ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, շատերը կանոնավոր կերպով խնայում են աշխատավարձի մի մասը եւ այն ներդնում ամերիկյան ընկերությունների ինդեքսային ֆոնդերում: Ժամանակի ընթացքում նման ներդրումները կարող են հարմարավետ ֆինանսական վիճակ ապահովել կենսաթոշակային տարիքում:
Մենք ձգտում ենք մարդկանց մոտ ձեւավորել նման ընկալում եւ աշխատել ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ: Շատ հարցեր վերաբերում են նրան, թե որ արժույթով պահել խնայողությունները եւ ինչպես ճիշտ խնայել: Դրա համար մենք ունենք Freedom Academy հարթակը, որտեղ առաջարկում ենք տարբեր դասընթացներ՝ ինչպես անվճար ուսուցողական ծրագրեր YouTube-ում, այնպես էլ ավելի համակարգված պարապմունքներ: Ցանկացած մարդ կարող է ստանալ օգտակար տեղեկատվություն եւ գործնական հմտություններ:
Բացի այդ, օգնում ենք հաճախորդներին ֆինանսական որոշումներ կայացնել՝ տրամադրելով աջակցություն եւ խորհրդատվություն՝ հիմնվելով նրանց նպատակների ու ռազմավարության վրա: Կարեւոր է ի սկզբանե՝ «թռիչքուղու վրա», ճիշտ որոշել կոորդինատները, որպեսզի հետագայում չշեղվեք սահմանված կուրսից:
– Այսօր տեխնոլոգիաները ներթափանցում են բիզնես գործունեության բոլոր ոլորտներ, ինչն իր դրական կողմերից բացի պարունակում է նաեւ զգալի ռիսկեր: Որքանո՞վ է թվային հեղափոխությունը ազդել ներդրումային ոլորտի վրա եւ ինչպե՞ս կառավարել ռիսկերը ձեր բնագավառում:
– Կարծում եմ, որ առաջընթացի դեմ պայքարելն իմաստ չունի: Պետք է օգտվել հնարավորությունից: Ներդրումների տեսանկյունից մենք վաստակում ենք հենց այս գործընթացների վրա: Քանի որ հանրային շուկայում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք թվայնացման շահառուներն են՝ արտադրում են չիպեր, միկրոսխեմաներ եւ շատ այլ բաներ, ինչը մեզ թույլ է տալիս գումար վաստակել որպես ներդրող: Թվայնացումն, անշուշտ, պարունակում է որոշակի ռիսկեր, բայց այն հարմարավետությունը, որն այն տալիս է, անգնահատելի է:
Այսօր հաճախորդը կարող է իր հեռախոսի հավելվածի միջոցով գնել կամ վաճառել ցանկացած արժեթուղթ: Կարեւոր է նշել, որ մենք ունենք կրկնակի վավերացում եւ մեծ ուշադրություն ենք դարձնում կիբերպաշտպանությանը:
Տարոն Հովհաննիսյանը
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Freedom Finance Armenia-ն հանդիսանում է Freedom Holding-ի մաս, որն անցնում է Deloitte ընկերության աուդիտը: Մենք նաեւ անցնում ենք SEC-ի (Securities аnd Exchange Commission) աուդիտները, որն արժեթղթերի աշխարհի ամենախիստ կարգավորողն է: Աուդիտները կապված են ոչ միայն մեր ֆինանսական բաղադրիչների, այլեւ ընդհանուր առմամբ ռիսկերի կառավարման հետ: Կարեւոր է նշել, որ անվտանգության տեսանկյունից մենք բանկերի նկատմամբ որոշակի առավելություն ունենք: Ըստ բրոքերային սպասարկման միջազգային ստանդարտների՝ հաճախորդն իրավունք չունի գումարը հանել այլ կերպ, քան միայն իր սեփական հաշվին: Այսինքն՝ ես, օրինակ, չեմ կարող գումարը կանխիկացնել կնոջս հաշվին: Դա կարգավորվում է փողերի լվացման դեմ միջազգային օրենսդրությամբ:
– 2026 թվականի մարտին Երեւանում պետք է կայանար Հայաստանի երկրորդ ներդրումային-ֆինանսական համաժողովը, սակայն այն հետաձգվեց Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման պատճառով: Ե՞րբ է նախատեսվում դրա անցկացումը եւ միջազգային ո՞ր մասնակիցներին եք ակնկալում տեսնել հարթակում:
– Այո, համաժողովը տեղափոխվել է: Այժմ հստակեցնում ենք նոր ժամկետները՝ դիտարկելով 2026 թվականի սեպտեմբերը:
Այս որոշումը կշռադատված էր. մենք ուշադիր հետեւում ենք տարածաշրջանի իրավիճակին, եւ ներկա պայմաններում մեզ համար առաջնահերթություն է մասնակիցների ու բանախոսների անվտանգությունը, ինչպես նաեւ համաժողովը միջազգային այն մակարդակով անցկացնելու հնարավորությունը, որը մենք ի սկզբանե սահմանել էինք: Բոլոր նախապես հայտարարված բանախոսները մնում են մեզ հետ, մենք մշտական կապի մեջ ենք եւ սինքրոնացնում ենք հետագա քայլերը: Մոտ ժամանակներս կհայտարարենք նոր ամսաթիվը: Վստահ եմ, որ արդյունքում համաժողովը կդառնա էլ ավելի բովանդակալից եւ ուժեղ՝ օրակարգի եւ մասնակիցների կազմի տեսանկյունից:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան