Իրանի գոյամարտն ու Թրամփի «փտած արդարացումները»

Ներկայացնում ենք քաղաքագետ, «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի Не по сценарию հոդվածի հայերեն թարգմանությունը:
Ֆյոդոր Լուկյանով
Մերձավոր Արեւելքում պատերազմը հեռու է մարելուց. դրա նախաձեռնողներն ակնհայտորեն թերագնահատել են Իրանի դիմացկունությունն ու պատասխան վնաս հասցնելու նրա կարողությունը։ Ավելին, առանց այս հարձակման իրանցիները հազիվ թե որեւէ հանգամանքներում համարձակվեին կյանքի կոչել Հորմուզի նեղուցի շրջափակման մասին իրենց սպառնալիքները։
Այս առնչությամբ նախազգուշացումներ հնչել էին նաեւ նախկինում, սակայն Թեհրանում հասկանում էին, որ նման գործողությունները շատ երկրների կհարվածեն եւ, համապատասխանաբար, նրանց կտրամադրեն Իրանի դեմ։ Ի հեճուկս ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական քարոզչության՝ իրանական իշխանություններն ամենեւին էլ անխոհեմ մոլեռանդներ չեն եւ երբեք էլ այդպիսիք չեն եղել։ Ընդհակառակը, նրանց վարքագիծը միշտ եղել է հաշվարկված։
Տասնամյակներ շարունակ Իսլամական Հանրապետությունը պատրաստվել է ԱՄՆ-ի հետ դիմակայությանը՝ կառուցելով երկարատեւ դիմադրության համար անհրաժեշտ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական համակարգ։ Հիմա այն տեղի ունեցողը հիմնավոր կերպով ընկալում է որպես գոյամարտ, ինչը նշանակում է, որ բոլոր միջոցներն ընդունելի են։ Նեղուցի շրջափակումը, որն ամբողջ աշխարհի համար ունի ռազմավարական նշանակություն, ընկալվում է որպես արդարացված քայլ. պարզապես այլ ելք չկա։ Այն հարձակվող կողմին կանգնեցրել է ծայրաստիճան տհաճ երկընտրանքի առջեւ. անհնար է հայտարարել հաջողության մասին՝ առանց նավագնացության ազատության վերականգնման։ Իսկ այն վերականգնել չի հաջողվում։
Իրանը, թերեւս, առաջին անգամ իրեն իսկապես իրավիճակի տեր զգաց: Նա հանդես է գալիս որպես «կարգավար» այն երկրների համար, որոնք ստիպված են խնդրել նավերի անցման համար։ Եվ Թեհրանը որոշումներ է կայացնում՝ կախված խնդրողների դիրքորոշումից։ Իսկ ախորժակը բացվում է ուտելու ժամանակ. ինչո՞ւ սկզբունքորեն չվերանայել նեղուցի ռեժիմը եւ այն չօգտագործել որպես մշտական լծակ։
Թե ինչ կձեռնարկի Սպիտակ տունը, կպարզվի մոտ ժամանակներս։ Այն պահը, երբ Թրամփը կարող էր իրեն բնորոշ ոճով հայտարարել փառահեղ հաղթանակի մասին եւ դադարեցնել գործողությունը, վաղուց անցել է։ Նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը հարցը կտրուկ սահմանեց. ո՞վ է թելադրում բոլորի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցում։ ԱՄՆ նախագահը, ճիշտ է, փորձեց յուրովի ճարպկություն անել ՝ իբր Ամերիկային Հորմուզը էներգամատակարարման համար պետք չէ եւ թող այն ազատագրեն նրանք, ում համար դա կենսական է։ Բայց սա, իհարկե, ժողովրդական լեզվով ասած՝ «փտած արդարացում» էր, քանի որ ստեղծված փակուղու պատճառը հենց Միացյալ Նահանգների որոշումներն ու ձեռնարկած քայլերն են։ Ուստի, տեղում դեսանտավորումից խուսափելու շանսը փոքր է։ Իսկ ցամաքային գործողության արդյունքները դժվար կանխատեսելի են։
Իրավիճակն ունի մեկ այլ շատ կարեւոր տարր՝ Ծոցի միապետությունների հեռանկարները, որոնք իրենց կամքից անկախ հայտնվեցին մեծ տարածաշրջանային պատերազմի թիրախում։ Հարուստ արաբական երկրներն իրենց ռազմավարությունը կառուցում էին տարածաշրջանային անկայունությունը բոլոր ուղղություններով առատաձեռն ֆինանսավորման հաշվին մեղմելու կարողության վրա։ 
Միապետությունների կողմից սպառազինության հսկայական գնումները եւ ներդրումները ամերիկյան տնտեսության մեջ մեծամասամբ ներկայացնում էին այն «հարկը», որը վճարվում էր Վաշինգտոնին՝ հովանավորչության եւ լոյալության դիմաց։ Տեսակետ կա, որ ներկայիս իրարանցումը ձեռնտու է ամերիկացիներին, որովհետեւ թաղում է արաբական երկրների եւ Իրանի միջեւ կառուցողական խաղաղ համակեցության ռեժիմի մշակման ու ինքնուրույն կուրսի հնարավորությունը՝ նրանց ավելի ամուր կապելով ԱՄՆ-ի հետ։
Անգամ եթե նման մտադրություն կա, արդյունքն ակնհայտ չէ։ Եթե պարզ ասենք՝ ներդրումները չարդարացան։ Անվտանգության ամրապնդման փոխարեն ստացվեց աննախադեպ ճգնաժամ, որը հարցականի տակ դրեց Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների ողջ քաղաքական-տնտեսական դիրքավորումը՝ որպես գործարարության եւ բարգավաճման պաշտպանված հանգրվանների։ Հարաբերությունները Իրանի հետ խաթարված են, բայց եւ բացահայտորեն միանալ ամերիկա-իսրայելական հարձակմանը մուսուլմանական երկրի դեմ՝ ռիսկային է։ Մանավանդ որ դրա արդյունքն անհասկանալի է։
Տեղի ունեցողը փաստում է միջազգային քաղաքականության նոր փուլի մեկնարկը։ Ուժը, կամքը եւ դիմացկունությունը կարող են հակազդել հարստությանն ու նույնիսկ տեխնոլոգիական առաջադիմությանը։ Կարեւորագույն հանգամանք է մնում ներքաղաքական գործընթացները կառավարելու կարողությունը, այլ կերպ ասած՝ հասարակական-քաղաքական կայունության պահպանումը։
Ըստ էության, հարձակվողների հիմնական հաշվարկն այն էր, որ «գլխատող» հարվածից հետո իրանական համակարգը կփլուզվի, մանավանդ որ դժգոհության ներուժը վաղուց էր կուտակվում։ Սակայն ստացվեց հակառակը, եւ եթե պատերազմը լրջորեն ձգձգվի, թիկունքի ամրության հարց կառաջանա հենց ագրեսոր պետությունների ներսում։ Եվ եթե Իսրայելի ղեկավարությունը կարող է հղում անել ուղղակի եւ ակնհայտ սպառնալիքներին, ապա ԱՄՆ վարչակազմի համար պատերազմը շարունակելու անհրաժեշտության մեջ համոզելը շատ ավելի դժվար կլինի։ Իսկ Ծոցի միապետություններում պառակտումը միայն կաճի՝ ապագայի անորոշության պատճառով։
Ոչ մի պատերազմ չի ընթանում այնպես, ինչպես ծրագրված էր։ Բայց դրանցից յուրաքանչյուրը դառնում է խաղաղ ժամանակ հայտնված միտումների խթան։ Եվ, որպես կանոն, դրանք անդառնալի է դարձնում։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment