Երեկ Վաշինգտոնում Հայաստանի համար բացվեց մի դուռ, որը երկար ժամանակ փակ էր
Երեկ Վաշինգտոնում, ՀՀ արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև ստորագրված«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը` հերթական դիվանագիտական արարողություն չէր։ Այն փաստաթուղթ է, որը ազդարարում է Հայաստանի արտաքին քաղաքականության որակական փոփոխություն և տարածաշրջանային նոր դերակատարություն։
Տարիներ շարունակ Հայաստանը գոյատևել է սահմանափակ դաշնակցային մոդելի մեջ՝ կախված լինելով մեկ ուժից, որը խոստանում էր անվտանգություն, բայց իրականում թողեց երկիրը խոցելի և մեկուսացած։ Վաշինգտոնում հնչած հայտարարությունը հենց այդ փակ շրջանից դուրս գալու փորձ է։
Ռազմավարական գործընկերություն՝ ոչ թե ձևական, այլ բովանդակային
Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների բարձրացումը ռազմավարական գործընկերության մակարդակի կարևոր է ոչ թե ձևակերպմամբ, այլ բովանդակությամբ։ ԱՄՆ-ը առաջին անգամ բաց տեքստով դիրքավորվում է որպես տարածաշրջանային խաղաղության և հաղորդակցությունների բացման հիմնական հովանավոր։ Սա նշանակում է, որ Հարավային Կովկասում գործընթացներնայլևս չեն սահմանափակվելու միայն փակ տարածաշրջանային գործարքներով։
Հայաստանի համար սա հնարավորություն է՝ դուրս գալու «բուֆերային պետության» դերից և դառնալու ինքնուրույն սուբյեկտ, որի նկատմամբ կա միջազգային հետաքրքրություն և պատասխանատվություն։
Տնտեսական տրամաբանություն՝ քաղաքական հայտարարությունների փոխարեն
Հայտարարության առանցքային հատվածներից մեկն այն է, որ Հայաստանը դիտարկվում է որպես տարանցիկ և տնտեսական հանգույց։ Սա քաղաքական հռետորաբանություն չէ, այլ հստակ տնտեսական տրամաբանություն․ ճանապարհներ, երկաթուղիներ, էներգետիկ և թվային ենթակառուցվածքներ։
Եթե այս ծրագրերը կյանքի կոչվեն, ինչի հավանականությունը մեծ է, ապա Հայաստանը կստանա ոչ միայն ներդրումներ, այլ նաև նոր աշխատատեղեր, համատեղ ձեռնարկություններ և տեխնոլոգիական նոր հնարավորություններ։ Սա այն մոդելն է, որով փոքր երկրները դառնում են կարևոր ոչ թե տարածքով, այլ գործառույթով։
Ինքնիշխանության շեշտադրումը՝ ոչ պատահական
Կարևորագույն շեշտադրումներից մեկն այն է, որ բոլոր գործընթացները տեղի են ունենալու Հայաստանի լիակատար ինքնիշխանության, սահմանային և մաքսային վերահսկողության ներքո։ Սա ուղերձ է թե՛ ներսին, թե՛ դրսին՝ հատկապես այն ֆոնին, երբ տարիներ շարունակ Հայաստանին փորձել են ներկայացնել որպես սուբյեկտ, որը ստիպված է զիջել վերահսկողություն հանուն «խաղաղության»։
Այս հայտարարությամբ պաշտոնապես ամրագրվում է, որ հաղորդակցությունների բացումը չի նշանակում պետական ֆունկցիաների կորուստ։
Անվտանգություն՝ միջազգային ներգրավվածության միջոցով
Հայաստանի անվտանգության ամրապնդումը այս անգամ առաջարկվում է ոչ թե մեկ ուժի հովանու տակ փակվելով, այլ միջազգային ներգրավվածության միջոցով։ Սա նվազեցնում է տարածաշրջանային շանտաժի հնարավորությունը և բարձրացնում է ցանկացած ագրեսիվ գործողության քաղաքական գինը։Միևնույն ժամանակ, թուլանում է կախվածությունը մեկ կենտրոնից և ուժեղանում է բազմավեկտոր քաղաքականությունը։
Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունը դեռ ճանապարհի սկիզբն է, ոչ վերջնական արդյունքը։ Սակայն այն արդեն իսկ արձանագրում է մի բան՝Հայաստանը փորձում է վերադառնալ միջազգային քաղաքականության ակտիվ քարտեզ՝ որպես գործընկեր, ոչ թե խնդրահարույց տարածք։
Հաջողությունը կախված կլինի նրանից, թե որքան հետևողական և սառը հաշվարկով կկարողանա Հայաստանը իրացնել բացվող հնարավորությունները։ Բայց մեկ բան ակնհայտ է․ երեկ Վաշինգտոնում բացվեց մի դուռ, որը երկար ժամանակ փակ էր։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։