Լուրջ բանակցություններ ենք վարում Իրանում նոր ռեժիմի հետ. Թրամփ


Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը լուրջ բանակցություններ է վարում Իրանում նոր և ավելի բանական ռեժիմի հետ: Նրա խոսքով՝ նշանակալի առաջընթաց է գրանցվել, բայց եթե շուտով համաձայնության չհասնեն և Հորմուզի նեղուցը չբացվի, Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթային ենթակառուցվածքները և Խարգ կղզին կպայթեցվեն: Թրամփը չի բացառել Խարգ կղզու գրավումը, որտեղով արտահանվում է Իրանի նավթի 90 տոկոսը:


 


Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են՝ ուղիղ և անուղղակի ձևաչափերով: Նրա խոսքով՝ Թեհրանը համաձայնել է Պակիստանի միջոցով փոխանցված 15 կետանոց հնարավոր գործարքի մեծ մասին։


 


Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ կարգավորման ԱՄՆ առաջարկներն անիրատեսական են: Էսմայիլ Բաղաեիի խոսքով՝ «այժմ կենտրոնացած են ինքնապաշտպանության վրա»: Նա հավելել է՝ Վաշինգտոնի հետ անմիջական շփում չի եղել: Բաղաեին նաև նշել է, որ դիտարկում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը, սակայն չեն ձգտում միջուկային զենք ստեղծել:


 


Իրանի խորհրդարանի խոսնակն էլ հայտարարել է՝ ԱՄՆ-ը խոսում է Թեհրանի հետ բանակցելու ցանկության մասին, սակայն իրականում պատրաստվում է ցամաքային գործողության։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է՝ իրանցի զինվորականները պատրաստ են դիմակայել ամերիկյան ուժերին և չեն դադարեցնի հրթիռային հարվածները։


 


Այս ֆոնին Պակիստանից հայտնել են, որ առաջիկայում Իսլամաբադում կարող են տեղի ունենալ իրանա-ամերիկյան բանակցությունները:


 


Իրանական և իսրայելա-ամերիկյան ուժերի փոխադարձ հարվածները շարունակվում են: Թիրախում են հայտնվել Թեհրանը, Սպահանը, Թավրիզը և այլ բնակավայրեր: Հարվածներ են հասցվել մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավակայանին, նավթաքիմիական և այլ գործարանների: Թեհրանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել: Խոնդաբ քաղաքում լրջորեն վնասվել է ծանր ջրի արտադրության գործարանը: Պայթյուններ են որոտացել Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների ալյումինի գործարաններում, Բաղդադում: Քուվեյթում զինվորականներ են տուժել: Թուրքիայի ՊՆ-ն էլ հայտնել է, որ երկրի ուղղությամբ բալիստիկ հրթիռ է արձակվել՝ ենթադրաբար՝ Իրանից: Այն խոցվել է: Սա հակամարտության մեկնարկից ի վեր արդեն երրորդ նման դեպքն է:


 


Իրանը հարվածել է նաև իսրայելական Բեեր Շևա քաղաքի արդյունաբերական պարկին և ռազմական կենտրոնների, թիրախում են հայտնվել այդ թվում՝ Թել Ավիվը և Երուսաղեմը: Եմենի հութիներն էլ արձակումներ են իրականացրել Էյլաթ քաղաքի ուղղությամբ:


 


Ռազմական գործողություններ են Լիբանանում: Լուրեր են շրջանառվում, որ իսրայելական ուժերն ընդլայնում են այնտեղ ներկայությունը: Բենիամին Նեթանյահուն հրահանգել է մեծացնել երկրի հարավում անվտանգության գոտին:


 


Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ մեկնաբանել է Թեհրանի մտադրությունը՝ վճարովի դարձնել Հորմուզի նեղուցով անցումը: Նրա խոսքով՝ ռազմական սցենարներ են մշակել՝ այդ քայլը կանխելու համար:


 


Միջազգային այլ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։

Դիտումների քանակ1

Leave a comment