Խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով. Ջուլհակյանը՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին

Խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով. Ջուլհակյանը՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Քննարկման շրջանակում պատգամավորները հետաքրքրվեցին՝ արդյոք նախագծով առաջարկվող փոփոխությունները չպե՞տք է արվեն ընտրություններից 1 տարի առաջ, չկա՞ արդյոք նման նորմ: Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց՝ խոսքը Վենետիկի հանձնաժողովի նորմի մասին է:

«Վենետիկի հանձնաժողովն ունի ուղեցույց, որը կոչվում է «Ընտրական հարցերի լավագույն փորձի կանոնագիրք», և այդ ուղեցույցն ասում է, որ ցանկալի չէ Ընտրական օրենսգրքի ֆունդամենտալ տարրերի փոփոխությունն ընտրություններից անմիջապես առաջ, և մասնավորեցնում է, թե որոնք են այդ ֆունդամենտալ տարրերը՝ ընտրական կարգը, այսինքն՝ համամասնակա՞ն է, թե՞ մեծամասնական, երկրորդը՝ ընտրական հանձնաժողովներում անդամակցությանն առնչվող հարցերը, երրորդը՝ ընտրատարածքների սահմանների փոփոխությունները:

Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովի այդ դիրքորոշումը վերաբերելի է ոչ թե Ընտրական օրենսգրքի ցանկացած փոփոխության առհասարակ, այլ մասնավորապես ֆունդամենտալ տարրերին: Ընդ որում ասվում է՝ ցանկալի չէ, ոչ թե արգելո՛ւմ է փոփոխությունը: Այդտեղ նաև մի շարք պայմաններ են նախատեսվում, թե որ դեպքում կարող են նույնիսկ այդ ֆունդամենտալ տարրերը փոփոխության ենթարկվել:

Ուզում եմ ասել, որ մենք այստեղ որևէ գլոբալ փոփոխություն չենք անում, և խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով, ընդամենը հստակեցվում է արդեն գործող կանոնը»,- ասաց պատգամավորը:

Leave a comment