Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է $45 միլիոն

Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը խթանելու նպատակով Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր $45 միլիոն են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի եւ տվյալների կենտրոնի ստեղծման համար։

«Այս նախագծի իրականացումը հսկայական նշանակություն եւ ազդեցություն է ունենալու Հայաստանի համար։ Այն մեր երկրի առջեւ նոր հորիզոններ է բացելու. տեխնոլոգիաների առումով Հայաստանը ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային քարտեզի վրա սկսելու է կարեւոր դեր խաղալ։ Մենք այս նախագծի իրականացմանը մասնակցեցինք Ամունդի-Ակբայի հետ համատեղ։ Ամունդի-Ակբան ֆինանսական աջակցությունից բացի իրականացրել է նաեւ այս ամբողջ նախագծի վերլուծությունը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ հատկապես տեխնոլոգիաների ոլորտում, շատ ամուր են եւ շարունակաբար զարգանում են։ Մենք մուտք ենք գործում նոր փուլ, որտեղ կտեսնենք նոր ներդրումներ եւ գործընկերությունների աճ։ Սա լավ օրինակ է այն բանի, թե ինչ կարող է ստացվել, երբ ամերիկյան տեխնոլոգիան համադրվում է Հայաստանի բարձրակարգ տեխնոլոգիական ներուժի, գիտելիքի եւ մարդկային ռեսուրսների հետ։ Այս համադրությունը ոչ միայն կօգնի Հայաստանին դառնալ տեխնոլոգիական առաջատար եւ խթանել երկրի տնտեսությունը, այլեւ կնպաստի աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին»,- ասել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։

«Այս նախագծի շրջանակում ստացված միջազգային թույլտվությունը ներառում է առաջատար կիսահաղորդչային տեխնոլոգիաներ, որոնք, ինչպես ընդգծել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը, հասանելի չեն աշխարհի երկրների մեծամասնությանը։ Փաստը, որ Հայաստանը ստացել է նման բացառիկ թույլտվություն, վկայում է Միացյալ Նահանգների հետ մեր գործընկերության ամրության մասին, ինչպես նաեւ արտացոլում է այն համատեղ ռազմավարական տեսլականը, որի հիմքում Հայաստանի` որպես առաջադեմ տեխնոլոգիաների եւ գլոբալ նորարարության առանցքային կենտրոնի ձեւավորումն է»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Սա նախ եւ առաջ ուղիղ ներդրում է Հայաստանի տեխնոլոգիաների, գիտության եւ տնտեսության զարգացման մեջ։ Ուրախ եմ, որ այսօրինակ ծրագրերն արդեն Հայաստանում միայն երազանքների մակարդակի չեն։ Սա իրականություն է, որի շուրջ կա շատ գեղեցիկ եւ շատ որակյալ կոնսոլիդացիա»,- ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Ուրախ եմ, որ մեր ֆինանսական կառույցները նույնպես միացել են այս նախագծին։ Ծավալուն աշխատանք կատարելուց հետո ունենք ֆինանսական կառույցների վստահությունը եւ միասին կարողացանք 300 միլիոն դոլարի գործարք կնքել, որը, կարծում եմ, թե իր մեծությամբ, թե կարեւորությամբ Հայաստանի պատմության մեծ գործարքներից մեկն է, եթե ոչ ամենամեծը»,- նշել է Firebird AI ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը։

Նախագծի իրականացման համար Ակբա բանկն ուղղել է $25 մլն, իսկ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը՝ $20 մլն։
 
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



Leave a comment