Իսպանիայում բացվել է հայկական ձեռագրական արվեստին նվիրված ցուցահանդես
Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։Նախաձեռնությունը իրականացվել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։Բացման արարողությանը մասնակցել են Իսպանիայի մշակույթի գծով պետական քարտուղարը, գրադարանի տնօրենը, Մատենադարանի տնօրենը և Իսպանիայում ՀՀ դեսպանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև մշակութային գործիչներ, պաշտոնատար անձինք և հայ համայնքի ներկայացուցիչներ։Ցուցադրությունում ներկայացված են Մատենադարանի հավաքածուից ընտրված շուրջ մեկուկես տասնյակ ձեռագրեր և թանգարանային առարկաներ, որոնց մի մասը առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանից դուրս։Նախագիծը դիտարկվում է որպես մշակութային դիվանագիտության գործիք՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության միջազգային ներկայացմանը և ճանաչելիության բարձրացմանը։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 21-ը։