Կեղծիքներից մինչև արտաքին ազդեցություն․ ո՞վ և ի՞նչ թեզեր են տարածում ընտրություններից առաջ Հայաստանում

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին նախորդող այս շրջանում քաղաքական դաշտում և սոցիալական մեդիայում ակտիվորեն շրջանառվում են ընտրական գործընթացի նկատմամբ կասկածներ առաջացնող թեզեր։

Քաղաքական որոշ գործիչներ և փորձագիտական շրջանակներ տարբեր պնդումներ են շրջանառում՝ սկսած հնարավոր կեղծիքներից մինչև արտաքին ազդեցության մասին ենթադրություններ։

Այս պնդումների մի մասը չի հիմնավորվում փաստերով կամ ներկայացվում է մանիպուլյատիվ ձևով։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է փետրվար և մարտ ամիսների ընթացում առավել շատ տարածված թեզերը, դրանց տարածման ձևերը և դրանք շրջանառողներին։

Թեզ #1․ Ընտրությունները կեղծվում են

«Ընտրությունները արդեն վաղուց կեղծվում են»․ այս թեզի շրջանառումը սկիզբ առավ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից․ սկզբում Արմեն Աշոտյանը, այնուհետև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը տարածեցին այս խոսույթը և կնքեցին՝ «դա փաստ է»։ 

 Սերժ Սարգսյան․ «Եթե մարդիկ ձերբակալվում են, եթե ․․․ ինչ ասեմ, եթե պետական միջոցները ծախսվում են ոչ այնպես, ինչպես կծախսեին ոչ ընտրական տարում և այլն, այդ բոլորը խախտումներ են։ Կեղծելը ինչպե՞ս է լինում, հենց էդպես էլ լինում է, էլի։ Շատ վաղուց մեր երկրում «յաշիկ» լցնել (նկատի ունի քվեատուփերը քվեաթերթիկներով լցոնելը, որը նախորդող տարիներին ընտրական գործընթացի մաս է եղել-հեղ․) չկա»։ 

Սարգսյանի կրտսեր կուսակից, պատգամավոր Հայկ Մամիջանյանը ևս նույն պնդումն էր արել ԱԺ ամբիոնից, բայց նաև քաղաքացիներին կոչ արել «պարտադիր մասնակցել ընտրություններին»։

Ուշագրավ է, որ նմանատիպ ձևակերպում է արել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ 

Էդմոն Մարուքյան․ «Ես կարծում եմ, որ կեղծիքները մեկնարկել են։ Այլևս այդ ընտրակեղծարարությունը արդեն իսկ մեկնարկած է։ Ես զարմանում եմ, որ շատերը բազային ընտրական գիտելիքներ էլ չունեն, որ հասկանան՝ ընտրակեղծիքները միայն ընտրությունների օրը քվեատուփը լցոնելու մեջ չէ, ընտրությունների օրը որևէ ընտրական արձանագրություն կեղծելու մեջ չէ, ընտրությունների օրը ընտրական տեղամասի մոտ կուտակումների մեջ չէ, ընտրությունների օրը ընտրակաշառք բաժանելու մեջ չէ, այլ մինչև ընտրությունները այսինքն հենց հիմա քաղաքական հակառակորդներին պատժելն է»: 

Ընդդիմության ներկայացուցիչները այս պնդման հիմքում դնում են այնպիսի երևույթներ, ինչպիսին են՝ նախընտրական շրջանում ուժային գործողությունները, պետական ծախսերի աճը և վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման մասին ենթադրությունները։

Սակայն նշված հանգամանքները ինքնին չեն նշանակում ընտրությունների կեղծում։ Ընտրական գործընթացում «կեղծում» հասկացությունը սովորաբար վերաբերում է քվեարկության կամ արդյունքների հաշվարկման ընթացքում տեղի ունեցող խախտումներին, մինչդեռ Սերժ Սարգսյանի և մյուսների նշած օրինակները վերաբերում են նախընտրական միջավայրին։

Այսպիսով, տարբեր բնույթի երևույթները «կեղծել» եզրույթի ներքո ներկայացնելը կարող է մոլորեցնել հանրությանը՝ ստեղծելով լայնածավալ խախտումների պատկեր, քան գոյություն ունեցող փաստերն են։

Թեզ #2․ Արտաքին ուժերն ազդում են ընտրությունների վրա

Եվրոպական Միության կողմից Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նպատակով արագ արձագանքման թիմ ուղարկելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտարարություններից հետո տեղեկատվական դաշտում ակտիվացել են հայաստանյան ընտրությունների վրա արտաքին ազդեցության վերաբերյալ պնդումները։

Մասնավորապես, տարածվում են թեզեր, թե այս քայլերը վկայում են, որ ընտրական գործընթացը գտնվում է արտաքին դերակատարների վերահսկողության տակ, իսկ որոշ դեպքերում հնչում է պնդում՝ ընտրությունների արդյունքները կարող են «որոշվել դրսից»։

Արմեն Աշոտյան «Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքն անթաքույց է։ ԵՄ կողմից հատկացված 15 միլիոն եվրոն իբր թե ապատեղեկատվության դեմ պայքարի համար է, ակնհայտ աջակցություն է Փաշինյանին։ Ավելին՝ միջազգային փորձագետները ֆիքսում են՝ եթե ռուսներին մեղադրում են Հայաստանի ընտրություններին, ներքին քաղաքականությանը խառնվելու մեջ բացառապես անուղղակի, որոշակի հիմքերի վրա, ապա Արևմուտքը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն դա անում են բացահայտ՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի»։

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Դանիելյանն էլ իր հարցազրույցներից մեկում ասել էր․ «ԵՄ արագ արձագանքման խումբը գալիս է Հայաստան և դրա նպատակը պարզ է՝ նրանք փորձում են ընտրությունները կեղծել, այսինքն՝ այնպիսի տեխնոլոգիաներ օգտագործել, որոնք հարցականի տակ են դնելու ընտրությունների լեգիտիմությունը»։

Վարդան Պողոսյան․ «Արևմտյան տերությունները՝ և՛ ԱՄՆ-ն, և՛ Եվրոպան ուղղակիորեն միջամտում են Հայաստանի ներքին գործերին, Հայաստանի ներքին ընտրական գործընթացներին, ուղղակիորեն արտահայտում են իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին»։

Ի դեպ, հենց Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, մասնավորապես, 2012 և 2017 թվականների խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝

  • ԵՄ-ն ֆինանսավորել և աջակցել է ընտրական գործընթացների բարելավմանը
  • աջակցությունը ներառել է նաև տեխնիկական և խորհրդատվական բաղադրիչներ։

Բացի այդ, 2016 թվականին ԵՄ աջակցությամբ, նաև՝ ֆինանսական, իրականացվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ։

Այսպիսով, փաստերը ցույց են տալիս, որ Եվրոպական Միության կողմից ընտրական գործընթացներին աջակցությունը նոր երևույթ չէ։ Նման ծրագրեր իրականացվել են նաև նախորդ տարիներին՝ այդ թվում Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, երբ ԵՄ-ն ներգրավված է եղել ընտրական բարեփոխումների և գործընթացների տեխնիկական աջակցության մեջ։ 

ԵՄ կողմից իրականացվող աջակցությունը չի ներառում ընտրությունների կազմակերպման կամ արդյունքների հաշվարկման գործընթացին մասնակցություն, այլ վերաբերում է ինստիտուցիոնալ և տեղեկատվական դիմադրողականության ամրապնդմանը։

Ռուս գործիչները ևս՝ այս թեզի ակտիվ տարածող

Այս թեզի տարածման հարցում հատկապես ակտիվ են եղել ռուս դերակատարները։ Պրոռուսական դիրքավորում ունեցող «Ալֆանյուզը» թեմայի վերաբերյալ խոսել է ռուս ռազմական փորձագետներից Պյոտր Կոլչինի (նա ի դեպ, այս լրատվամիջոցում հայաստանյան թեմաների մասին հաճախ է խոսում-հեղ․) հետ, որը ԵՄ արագ արձագանքման խումբ գործուղելու մասին Հայաստանի խնդրանքը «կեղտոտ կուլիսային խաղ» էր որակել։

Պյոտր Կոլչին․ «Փաշինյանը ամենայն հավանականությամբ որոշել է դիմել եվրոպացիների օգնությանը։ Իսկ ԵՄ-ն արդեն ունի արտաքին ազդեցության ու կեղծման փորձ նախորդ տարի Մոլդովայում»։ 

Մեկ այլ ռուս, քաղաքագետ ներկայացվող Անդրեյ Պերլան նույն լրատվամիջոցին ասել է, որ Արևմուտքը փորձում է ազդել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա։ 

Անդրեյ Պերլա․ «Փաշինյանի դիրքերը ընտրությունից առաջ լավ չեն, և միանգամայն հնարավոր է դեպքերի այնպիսի ընթացք, որ Փաշինյանը կորցնի վարչապետի պաշտոնը, ինչի արդյունքում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը կփոխվի դեպի Ռուսաստան՝ հակազդելով ԱՄՆ և ԵՄ շահերին։ Այդ դեպքում շատ ծրագրեր հարցականի տակ կմնան, այդ թվում՝ Թրամփի ուղին»։

Պրոռուսական տելեգրամյան ալիքները ևս անմասն չեն մնացել այդ թեմայի շուրջ վերլուծություններից։ 

«Եվրոպական «պաշտպանությո՞ւն», թե՞ միջամտություն։ Ի՞նչ է թաքնված ԵՄ հիբրիդային առաքելության հետևում Հայաստանում»,- հարց է բարձրացնում պրոռուսական տելեգրամյան ալիքներից մեկը ու շարունակում«Ի՞նչ է նշանակում արտաքին կառույցի առկայությունը ինքնիշխան պետության ընտրական գործընթացում։ Ըստ էության, խոսքը օտարերկրյա կազմակերպության կողմից ընտրությունների «ճշգրտության» ապահովմանը մասնակցելու հնարավորություն ստանալու մասին է։ Սա այլևս դիտարկում չէ, ոչ էլ ԵԱՀԿ առաքելություն, այլ ազդեցության գործիք՝ պաշտպանության քողի տակ»։

Հայազգի պրոռուսական մեկ այլ գործիչ էլ իր ալիքում հարցնում է՝ «ԵՄ վերահսկողնե՞ր»։ 

Բենիամին Մաթևոսյան․ «Հայաստանի իշխանությունները փորձում են արտաքին «ուժային աջակցություն» գրավել սեփական ընտրողների դեմ՝ ընտրական գործընթացի վրա լրացուցիչ ազդեցություն ունենալու համար։ Այս թիմը ժամանում է «հիբրիդային հարձակումների» դեմ պայքարի պատրվակով։ Փորձենք հասկանալ տրամաբանությունը. Եվրամիությունը, որն ինքնին երրորդ կողմ է, ժամանում է Հայաստան՝ որևէ առասպելական երրորդ կողմի ազդեցությունը նվազեցնելու համար»։

Այսպիսով, արտաքին ազդեցության մասին թեզը տարածվում է ինչպես տեղական քաղաքական դերակատարների, այնպես էլ ռուսական փորձագիտական և մեդիա շրջանակների կողմից՝ հաճախ նույն շեշտադրումներով։

Սակայն հայտնի է, որ Հայաստանն ինքն է օգնության խնդրանքով դիմել Եվրամիությանը, և արդյունքում արդեն ապրիլին արագ արձագանքման խումբը (Hybrid Rapid Response Team) կտեղակայվի Հայաստանում։ Խումբը հաղորդակցման մասնագետների հետ միասին ուսումնասիրելու է Հայաստանի տեղեկատվական դաշտը և հիբրիդային պատերազմների շրջանակում ապատեղեկատվության և տեղեկատվական մանիպուլյացիաների ռիսկերը, ինչպես նաև օգնելու դիմակայել դրանց։ 

Այսպիսով, FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրություններին նախորդող շրջանում տեղեկատվական դաշտում ակտիվորեն շրջանառվում են նարատիվներ, որոնք տարբեր ձևերով կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի լեգիտիմությունը։ 

Դրանք հաճախ հիմնվում են առանձին երևույթների ընդհանրացման, չստուգված պնդումների կամ փաստերի ընտրողական ներկայացման վրա՝ ընտրական գործընթացի նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելով։

Հասմիկ Համբարձումյան

The post Կեղծիքներից մինչև արտաքին ազդեցություն․ ո՞վ և ի՞նչ թեզեր են տարածում ընտրություններից առաջ Հայաստանում appeared first on FIP.AM.

Leave a comment