Լուրեր |
Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումը խթանելու նպատակով Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար։
«Այս
նախագծի իրականացումը հսկայական նշանակություն և ազդեցություն է ունենալու Հայաստանի
համար։ Այն մեր երկրի առջև նոր հորիզոններ է բացելու. տեխնոլոգիաների առումով Հայաստանը
ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային քարտեզի վրա սկսելու է կարևոր դեր խաղալ։
Մենք այս նախագծի իրականացմանը մասնակցեցինք Ամունդի-Ակբայի հետ համատեղ։ Ամունդի-Ակբան
ֆինանսական աջակցությունից բացի իրականացրել է նաև այս ամբողջ նախագծի վերլուծությունը»,-
նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝
հատկապես տեխնոլոգիաների ոլորտում, շատ ամուր են և շարունակաբար զարգանում են։ Մենք
մուտք ենք գործում նոր փուլ, որտեղ կտեսնենք նոր ներդրումներ և գործընկերությունների
աճ։ Սա լավ օրինակ է այն բանի, թե ինչ կարող
է ստացվել, երբ ամերիկյան տեխնոլոգիան համադրվում է Հայաստանի բարձրակարգ տեխնոլոգիական
ներուժի, գիտելիքի և մարդկային ռեսուրսների հետ։ Այս համադրությունը ոչ միայն կօգնի
Հայաստանին դառնալ տեխնոլոգիական առաջատար և խթանել երկրի տնտեսությունը, այլև կնպաստի
աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին»,- նշել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր
հավատարմատար Դեյվիդ Ալենը։
«Այս նախագծի շրջանակում ստացված
միջազգային թույլտվությունը ներառում է առաջատար կիսահաղորդչային տեխնոլոգիաներ, որոնք,
ինչպես ընդգծել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը, հասանելի չեն աշխարհի երկրների մեծամասնությանը։
Փաստը, որ Հայաստանը ստացել է նման բացառիկ թույլտվություն, վկայում է Միացյալ Նահանգների
հետ մեր գործընկերության ամրության մասին, ինչպես նաև արտացոլում է այն համատեղ ռազմավարական
տեսլականը, որի հիմքում Հայաստանի` որպես առաջադեմ տեխնոլոգիաների և գլոբալ նորարարության
առանցքային կենտրոնի ձևավորումն է»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Սա նախ և առաջ ուղիղ ներդրում է Հայաստանի տեխնոլոգիաների,
գիտության և տնտեսության զարգացման մեջ։ Ուրախ եմ, որ այսօրինակ ծրագրերն արդեն Հայաստանում
միայն երազանքների մակարդակի չեն։ Սա իրականություն է, որի շուրջ կա շատ գեղեցիկ և
շատ որակյալ կոնսոլիդացիա»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Մխիթար Հայրապետյանը:
«Ուրախ եմ, որ մեր ֆինանսական կառույցները
նույնպես միացել են այս նախագծին։ Ծավալուն աշխատանք կատարելուց հետո ունենք ֆինանսական կառույցների վստահությունը և միասին
կարողացանք 300 միլիոն դոլարի գործարք կնքել, որը, կարծում եմ, թե իր մեծությամբ, թե
կարևորությամբ Հայաստանի պատմության մեծ գործարքներից մեկն է, եթե ոչ ամենամեծը»,-
նշել է Firebird AI ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը։
Նախագծի իրականացման համար Ակբա
բանկն ուղղել է 25 մլն ԱՄՆ դոլար, իսկ Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը՝ 20 մլն ԱՄՆ դոլար։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
*գովազդ