Երեկ մենք պարզապես ֆանտաստիկ մի օր անցկացրեցինք Վանաձորում, որտեղ հավաքվել էինք՝ մեկնարկ տալու «ՀայաՔվե»-ի տարածքային գրասենյակին:
Գրասենյակի բացման արարողությունից զատ, մենք շրջայց կատարեցինք քաղաքի կենտրոնական փողոցներում, հանդիպեցինք մի շարք ծանոթ մարդկանց և ծանոթացանք բազմաթիվ նորերի հետ, քայլելով հասանք Գուգարաց թեմի առաջնորդարան, ինչպես նաև հավաքված մի քանի հարյուր ընկերներով և աջակիցներով, երգ ու պարով և անկեղծ ուրախությամբ նշեցինք մեր այս կարևոր տարածքային կառույցի երկար սպասված մեկնարկը:
Օրվա ամփոփումը մեր այցելությունն էր Վանաձորի կերպարվեստի թանգարան, որն իսկական հայտնություն էր՝ ժամանակակից հայ արվեստի իր հրաշալի հավաքածուով, և իրենց գործին նվիրված, բարեհամբույր ու խորագիտակ էքսկուրսավարներով:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն ընկերներին, որոնց շնորհիվ այս օրը դարձավ հիշարժան և իրապես անմոռանալի: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ պայքարի ընկերներ Մենուա Սողոմոնյանին և Արարատ Գևորգյանին, ում հետևողական ջանքերի շնորհիվ Վանաձորի մեր տարածքային կառույցի բացումն իրականություն դարձավ, իսկ մեզ բոլորիս՝ հաջողություն եմ ցանկանում մեր սկսած մեծ գործում: