«Բուշեր» ԱԷԿ–ից «Ռոսատոմի» ևս 164 աշխատակից է տարհանվել. ՀՀ–ում ՌԴ դեսպանություն

Բաժանորդագրվել

Սա «Բուշեր» ԱԷԿ-ում աշխատող «Ռոսատոմի» աշխատակիցների երրորդ տարհանումն է։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Իրանական «Բուշեր» ատոմային էլեկտրակայանից «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ևս 164 աշխատակից է տարհանվել Հայաստանի տարածքով։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը։

«Ռուս դիվանագետների և հայկական կողմի ներկայացուցիչների համակարգված գործողությունների շնորհիվ «Բուշեր» ԱԷԿ-ից տարհանված և «Նորդուզ»-«Ագարակ» սահմանային անցակետով Իրանից Հայաստան ժամանած ևս 164 աշխատակիցներ մեկնել են հայրենիք։ Երևանից Մոսկվա մեկնած հատուկ չվերթով ռուսաստանցիների հետ տեղափոխվել են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ»,- հայտնել են Հայաստանում ՌԴ դեսպանությունից։

Ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունը երախտագիտություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների մուտքն օպերատիվ կերպով ձևակերպելու համար։

Ավելի վաղ «Ռոսատոմ» ՊԿ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել էր, որ ընկերությունը ծրագրում է «Բուշեր» ԱԷԿ-ից իր աշխատակիցների տարհանման ևս երկու փուլ իրականացնել։ Նա նշել էր, որ աշխատակիցների տեղափոխումը նախատեսվում է ապրիլի առաջին օրերին՝ հավելելով, որ ոչ բոլոր աշխատակիցներն են տարհանվելու․ մի քանի տասնյակ մասնագետներ կմնան ատոմակայանում։

Leave a comment