Հենրիխ Մխիթարյանն ու «Ինտերը» դադարեցրել են բանակցությունները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ու իտալական «Ինտերը» դադարեցրել են նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները, հաղորդում է Fcinter1908.it-ը՝ հղում անելով Tuttosport-ին։

37-ամյա կիսապաշտպանը դեռ վերջնական որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ։ Եթե Մխիթարյանը չերկարաձգի «Ինտերի» հետ պայմանագիրը, կարող է ավարտել կարիերան։

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։ Այս օրերին կիսապաշտպանը շարունակում է վերականգնվել վնասվածքից։

Հենրիխ Մխիթարյանը 2022 թվականից է խաղում «Ինտերում», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու երկու անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման, դարձել 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 3․5 միլիոն եվրո է գնահատում Մխիթարյանի տրանսֆերային արժեքը։

Leave a comment