Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը չորեքշաբթի Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանն անակնկալ հյուրի հետ է ներկայացել՝ քայլող, խոսող, մարդանման ռոբոտ։ Ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոխարեն Մելանյային կարմիր գորգով ուղեկցել է Figure-3 անդրոիդը, գրում է AFP-ն։

55-ամյա Մելանյան, որի հիմնական ուշադրության կենտրոնում են արհեստական ​​բանականությունը և թվային տարածքները, հյուրընկալում էր երեխաներին կրթական տեխնոլոգիաների միջոցով հզորացնելուն նվիրված գագաթնաժողովը։

«Շնորհակալություն եմ հայտնում առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ ինձ Սպիտակ տուն հրավիրելու համար»,- ասել ռոբոտը՝ ձեռքերով ժեստեր անելով իր կարճ բացման խոսքում։

Այնուհետև այն հեռացել է նույն ճանապարհով, որով եկել էր։

Սպիտակ տան Արևելյան սրահում հյուրերը, որոնց թվում էր նաև Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, ծափահարություններով են ընդունել միջոցառման արտասովոր մասնակցին։

«Արդարացի է ասել, որ դուք իմ առաջին ամերիկյան մարդակերպ հյուրն եք Սպիտակ տանը»,- ասել  Մելանյան։

Նա շարունակել է  խոսել այն մասին, թե ինչպես շուտով մարդակերպ արհեստական ​​բանականությունը կօգտագործվի երեխաներին կրթելու համար։

«Պատկերացրեք Պլատոն անունով մարդակերպ մանկավարժի։ Դասական ուսումնասիրություններին հասանելիությունն այժմ ակնթարթային է։ Կանխատեսելի է, որ մեր երեխաները կզարգացնեն խորը քննադատական ​​մտածողություն և անկախ դատողության ունակություններ»,- ասել է նա։

Վերջին ամիսներին Մելանյա Թրամփն ավելի ու ավելի հաճախ է ներկայանում հանրությանը, մինչ ամուսնու պաշտոնավարման երկրորդ ժամկետի սկզբում ավելի պակաս ակտիվ էր այդ հարցում։ Նա անցկացրել է մի շարք միջոցառում՝ նվիրված արհեստական ​​բանականությանը և առցանց երեխաների պաշտպանությանը։ Միաժամանակ, նա իրականացրել է մի քանի շահութաբեր նախագծեր, այդ թվում՝ «Melania» անունով վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Amazon-ի հետ կնքված բազմամիլիոն դոլարանոց գործարքի շրջանակում, և իր ինքնակենսագրության աուդիոգիրքը՝ պատմված արհեստական ​​բանականության կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment