Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը

Քաղաքականություն

26.03.2026 | 22:39

Թուրքիան ավարտել է իր անձնակազմի տարհանումը Բաղդադից՝ Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելությունը դուրս բերելու որոշումից հետո։ Երկրի Պաշտպանության նախարարության խոսնակ Զեքի Աքթյուրքը հայտարարել է, որ Իրաքի մայրաքաղաքում տեղակայված Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի տարհանումը հաջողությամբ է իրականացվել։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի իշխանությունները որոշել են դուրս բերել Իրաքում առաքելությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում վերջին զարգացումները։

«Այս որոշմանը համապատասխան՝ Բաղդադում ծառայող մեր թուրքական զինված ուժերի անձնակազմի տարհանումը հաջողությամբ ավարտվել է»,- ասել է նա նախարարությունում շաբաթական մամուլի ճեպազրույցի ժամանակ։

Թուրքիան նաև աջակցել է դաշնակից երկրներից անձնակազմի տարհանման ջանքերին՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավորած դուրսբերման ծրագրի մաս, նշել է նա՝ հավելելով, որ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են նպաստել խաղաղությանն ու կայունությանը լայն աշխարհագրության մեջ՝ միջազգային առաքելությունների և երկկողմ հարաբերությունների միջոցով։

Ըստ Աքթյուրքի՝ Թուրքիան շարունակում է ներգրավված լինել տարբեր տարածաշրջաններում կայունության պահպանման և խաղաղության աջակցմանն ուղղված ջանքերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment