ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի առաջնորդները «վախենում» են ասել, որ բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ․ գրում է BBC-ն։
Թրամփի խոսքով, եթե Իրանի առաջնորդները խոստովանեն, որ բանակցություններ են վարում, «նրանց կսպանի սեփական ժողովուրդը»։
Թրամփը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի մոռանա, որ ՆԱՏՕ-ն չօգնեց մեզ Իրանի դեմ պատերազմում։
Իրանական բանակցողները շատ տարբեր են և «տարօրինակ»։ Նրանք «աղաչում» են մեզ՝ համաձայնության հասնելու համար, ինչը հենց պետք է անեն, քանի որ ռազմական առումով լիովին ջախջախված են և որևէ հնարավորություն չունեն վերականգնվելու, բայց միևնույն ժամանակ հրապարակայնորեն հայտարարում են, թե պարզապես «ուսումնասիրում են մեր առաջարկը»։ ՍԽԱԼ!!!
Նրանք պետք է շուտով լրջանան, քանի դեռ ուշ չէ, որովհետև երբ դա տեղի ունենա, հետդարձ չի լինի, և ամեն ինչ լավ չի ավարտվի,- նշել է ԱՄՆ նախագահը։
Նա քննադատել է ՆԱՏՕ-ին Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգներին որևէ օգնություն չցուցաբերելու համար և հայտարարել, որ իրանական բանակն այժմ «պարտված է»։ Թրամփն ընդգծել է, որ իրենք երբեք չեն մոռանա այս «կարևոր պահը»։