Կհամաֆինանսավորվեն 11 սուբվենցիոն ծրագրեր․ որ մարզերն են ներառված
Կառավարությունը մարտի 26-ի նիստում ընդունել է համայնքային սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման հերթական որոշումը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ՝ նախատեսվում է համաֆինանսավորել 11 համայնքների 11 ծրագիր։ Դրանցից 2-ը Արագածոտնի մարզում են, 1-ը՝ Արարատի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի և 3-ը՝ Տավուշի մարզերում։
Ծրագրերի համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1 մլրդ 100 մլն դրամ։ Այս որոշմամբ 2026 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կհասնի 3 մլրդ 57 մլն դրամի։
Ծրագրերը ներառում են մի շարք ենթակառուցվածքային և սոցիալական ուղղություններ՝
արևային ֆոտովոլտային 7 կայանի տեղադրում (ընդհանուր՝ 353.1 կՎտ հզորությամբ),
շենքերի տանիքների վերանորոգում,
ճանապարհների ասֆալտապատում,
խաղահրապարակների կառուցում,
մանկապարտեզների վերանորոգում,
արտաքին լուսավորության անցկացում,
ոռոգման համակարգերի արդիականացում,
վերելակների փոխարինում և այլ աշխատանքներ։
Նախատեսվում է նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի վերանորոգման նախագծման աշխատանքների իրականացում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շենքը գտնվում է վատ վիճակում և դրա բարելավումը կարևոր խնդիր է պետության համար։
Նախարար Խուդաթյանի խոսքով՝ աշխատանքները կիրականացվեն փուլերով։