«Պատերազմի շքանշանները հետ են վերցնում»․ պրոկրեմլյան թուրք լրագրողը հերթական սուտն է տարածել ՀՀ-ի մասին

Հայաստանի դեմ ապատեղեկատվական արշավների առաջամարտիկ, ազգությամբ թուրք լրագրող Օքայ Դեփրեմը հերթական կեղծ տեղեկությունն է հրապարակել Հայաստանի վերաբերյալ, որն ակտիվորեն շրջանառվել է ռուսամետ տելեգրամյան ալիքներում, սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Դեփրեմի հերթական ապատեղկատվական արշավը, տեղեկությունը սոցիալական մեդիայում ակտիվորեն տարածող շրջանակները։ 

FIP.am-ն ավելի վաղ անդրադարձել է Օքայ Դեփրեմի գործունեությանը, նրա կապերին Կրեմլի հետ։ Նա պարբերաբար անդրադառնում է Հայաստանին վերաբերող թեմաներին՝ հաճախ օգտագործելով զգայուն և էմոցիոնալ հարցեր, այդ թվում՝ պատերազմին և դրա հետևանքներին վերաբերող թեմաները։

Կարդացեք նաև՝ Ռուսաստանի քարոզիչ, որն ունի «Լուգանսկի քաղաքացիություն»․ ո՞վ է «10 մզկիթների» մասին կեղծ լուրի հեղինակը

Կրեմլի քարոզիչը Հայաստանի վերաբերյալ թեմաների մասին բացառապես կեղծ տեղեկություններ է տարածում։ Առաջին հոդվածներից մեկը վերաբերում էր Երևանում 10 մզկիթ կառուցելու մասին տեղեկությանը, որը հերքվել էր։ Հերքվել էին նաև նրա հրապարակած մյուս տեղեկությունները (1, 2

Պատերազմի շքանշանների մասին կեղծքիը

Ստամբուլում գործող թուրքական Dikgazete տեղեկատվական հարթակում նա գրել է, թե իբր Հայաստանի կառավարությունը մտադիր է չեղյալ համարել Ղարաբաղյան պատերազմների մասնակիցներին տրամադրված պարգևները՝ շքանշաններ, մեդալներ և այլն։ Ավելին, թուրք լրագրողի հոդվածում կար պնդում, որ համապատասխան հրամանագիրն ուղարկվել է Հայաստանի նախագահին ստորագրելու համար։ 

«Վերոնշյալ հրամանագրի ստորագրումից հետո, ենթադրվում է, որ «Արիության մեդալները», «Մարտական ​​ծառայության մեդալները» և «Մարտական ​​խաչ» պարգևները, այդ թվում՝ հետմահու շնորհվածները, կհամարվեն անվավեր»,- նշվում է հոդվածում։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս հոդվածը տարածել են ադրբեջանական haqqin{.}az լրատվամիջոցը, ինչպես նաև սոցիալական մեդիայի մի շարք հայկական էջեր ու օգտահաշիվներ։   

Կեղծ տեղեկությունը տարածել են նաև ռուսալեզու հայկական SisMasis կոչվող տելեգրամյան  ալիքը, ինչպես նաև «Հանրային ձայն» կուսակցության նախագահ, ԱՄՆ-ի կալանավայրերից մեկում գտնվող Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան օգտահաշվում։ 

Կառավարության արձագանքը և գոյություն չունեցող նախագիծը 

Հոդվածում տեղ գտած տեղեկությունը իրական չէ, պատերազմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին հայաստանյան բաց ու պաշտոնական աղբյուրներում նման տեղեկություն չկա, չկա նաև նախագիծը, որի մասին նշվում է հոդվածում։ 

Ավելին, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը FIP.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ 

Բիոլաբորատորիաների հին սուտը՝ նորովի 

Այս նույն ռեսուրսում նախորդ տարի Դեփրեմը մեկ այլ կեղծ տեղեկություն էր տարածել Հայաստանում իբրև թե գործող բիոլաբորտորիաների մասին։ 

Այս ժամանակ ևս ռուսալեզու հայկական տելեգրամյան ալիքները տեղեկատվական աջակցություն էին ցույց տվել թուրք լրագրողին՝ ակտիվորեն տարածելով նրա կեղծ հոդվածը (1,2)։ 

Հիշեցնենք, որ կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծիքը Կրեմլի «ամենասիրելի» նարատիվներից է ընդդեմ ՀՀ-ի․ դրա համաձայն՝ Հայաստանում գործող ամերիկյան ֆինանսավորմամբ լաբորատորիաներում կենսաբանական վտանգավոր փորձարկումներ են իրականացվում՝ ընդհուպ մինչև կենսաբանական զենք է ստեղծում։ FIP.am-ը բազմիցս անդրադարձել է այս կեղծիքին, որը պարբերաբար դառնում է ՀՀ-ի դեմ ապատեղեկատվական արշավների հիմնական թեման (1, 2, 3, 4): 

Այսպիսով, Օքայ Դեփրեմը նույն ռեսուրսում երկրորդ անգամ կեղծ տեղեկություններ է տարածում Հայաստանի մասին, որոնք չեն հաստատվում փաստերով։ 

Նանե Մանասյան

Նախագիծը ֆինանսավորվում է Զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության հիմնադրամի կողմից:

The post «Պատերազմի շքանշանները հետ են վերցնում»․ պրոկրեմլյան թուրք լրագրողը հերթական սուտն է տարածել ՀՀ-ի մասին appeared first on FIP.AM.

Leave a comment