Telcell-ի տերմինալները կապահովեն նույնականացման բազմազան հնարավորություններ

Այսուհետ Telcell Terminal-ների միջոցով բանկային հաշիվների եւ քարտերի համալրումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ հաճախորդը անցնի պարտադիր նույնականացում։

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ տերմինալների միջոցով բանկային հաշիվներին եւ քարտերին փոխանցումներ կատարելիս հաճախորդները պետք է անցնեն պատշաճ նույնականացում։ Հակառակ դեպքում բանկերը չեն ընդունի գործարքները։

Մարտի 19-ից բանկերը դադարեցրել են առանց նույնականացման կատարվող վճարումների ընդունումը։ Այս փոփոխություններին համապատասխան՝ «Թել-Սել» ընկերությունը մշակել է լուծումներ՝ ապահովելու իր տերմինալների անխափան աշխատանքը։

Ներկայում արդեն հասանելի է դրանցից մեկը՝ Telcell Wallet հավելվածի միջոցով QR կոդի սկանավորումը, որը հնարավորություն է տալիս նույնականանալ։

Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանի խոսքով՝ առաջիկա օրերին տերմինալները կհամալրվեն նոր գործիքակազմով, որը կապահովի նույնականացման տարբեր հնարավորություններ։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։



Leave a comment