Կրեմլը հայտարարել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ցանկացած երկխոսության կարևորության մասին՝ Պետդումայի պատգամավորների՝ ԱՄՆ կատարելիք այցի ֆոնին

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության ցանկացած ձև կարևոր է, և եթե երկու երկրների խորհրդարանականների միջև իրականում շփումներ տեղի ունենան, դա կարելի է միայն ողջունել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների հետ ցանկացած ոլորտում երկխոսության վերականգնման ցանկացած ձև։ Մենք կարծում ենք, որ դա կհամապատասխանի և կծառայի թե՛ Ռուսաստանի Դաշնության, թե՛ Միացյալ Նահանգների շահերին։ Մենք բազմիցս առաջարկել ենք դա Միացյալ Նահանգներին։ Հետևաբար, եթե երկու երկրների խորհրդարանականների միջև նման շփումներ տեղի ունենան, դրանք կարելի է միայն ողջունել. դրանք իսկապես անհրաժեշտ են»,- լրագրողներին ասել է Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

Նա մեկնաբանել է Պետդումայի պատգամավորների՝ առաջիկայում Միացյալ Նահանգներ մեկնելու մտադրության մասին տեղեկությունները։

Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան Ինտերֆաքս-ին հայտնել էր, որ ռուս խորհրդարանականների մի խումբ շուտով ծրագրում է այցելել Միացյալ Նահանգներ:

«Նախատեսվում է պատգամավորների խմբի ուղևորություն Միացյալ Նահանգներ: Այժմ երաշխիքներ ստանալու հետ կապված մի քանի մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն»,- ասել էր Չեպան՝ բացատրելով, որ երաշխիքներն անհրաժեշտ են, քանի որ պատգամավորները պատժամիջոցների տակ են:

Նրա խոսքով՝ ուղևորությունը նախատեսվում է մի քանի օրից։

Պետդումայի աղբյուրը հաստատել է այս տեղեկությունը Ինտերֆաքս-ին։ Նա նշել է, որ պատգամավորները, հավանաբար, վաղը կմեկնեն։

«Խումբը գլխավորում է պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը, կազմում է նաև Կոմունիստական ​​կուսակցության պատգամավոր Վլադիմիր Իսակովը»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ այցը «շատ և  շատ աշխատանքային բնույթի է»։

Հունվարի սկզբին լրատվամիջոցները, հղում անելով  կոնգրեսական Աննա Պաուլինա Լունային (դեմոկրատ, Քալիֆորնիա), հաղորդել էին, որ Պետդումայի չորս պատգամավորներ հրավիրվել են Վաշինգտոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment